«Ես վիզիտկա՞ եմ թողնում մեքենայի մեջ, որ Մովսեսին սպանել եմ, սա էլ իր արյո՞ւնն է՝ շորերով». Թևոսիկի եղբոր սպանության գործի քննությունը շարունակվում է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իավասության դատարանում երեկ շարունակվում էր քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Այս քրեական գործի շրջանակներում Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Դատարանում երեկ հրապարակվեցին քրեական գործում առկա փաստաթղթերը:
Հրապարակվեց 2015թ. փետրվարի 5-ին կատարված զննության արձանագրությունը. զննության էին ենթարկվել Մովսես Ներսիսյանին պատկանող ավտոմեքենայից հայտնաբերված իրերը, մասնավորապես, ըստ արձանագրության՝ երկու դանակ է հայտնաբերվել, ավտոկանգառից օգտվելու մասին անդորրագիրը, և այլն: Արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Մենք այստեղ լսեցինք, որ Մովսեսի մեքենայից հայտնաբերվել են իրեր, որոնք կապված են Մովսեսի հետ՝ վարորդական իրավունքը, թղթեր, հագուստ, որի վրա արյան հետքեր կան: Մեղադրանքն այնպես է, որ ես այդ մեքենան տարել եմ աերոպորտ և այնտեղից տաքսու վարորդի հետ վերադարձել եմ Երևան: Մինչև հիմա տաքսու վարորդը չկա, ինձ թվում է՝ դատական պրոցեսի ժամանակ տաքսու վարորդը երևի չհայտնվի էլ, մի տեղ կարող է ծառի վրա կախված գտնեն: Ի՞նչ եմ ուզում ասել: Եթե ես այդ մեքենան տարել եմ աերոպորտ և կարողացել եմ այնքան ճկուն լինել, այնքան գրագետ աշխատել, որ կարողանամ իմ հետքերը մաքրել (փորձաքննության պատասխաններն այս դահլիճում կլսենք), կարո՞ղ եք ինձ ասել (ես ուզում եմ այդ հարցը մեղադրող կողմին տալ), թե ես ինչպե՞ս կարողացա այդքան ակուրատնի այդ ամեն ինչը մաքրել և թողել Մովսեսի հագուստը՝ իր արյունով այդ մեքենայի մեջ, որը գտնվում էր սալոնում: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա լինում: Ոչ իմ մատնահետքերն են այդ մեքենայի միջից հայտնաբերվել, ոչ իմ շորերի մասունքներն են հայտնաբերվել, ոչ մազի հետք է հայտնաբերվել, ոչ մի բան չի հայտնաբերվել, բայց Մովսեսի շորը՝ արյունով, հայտնաբերվել է մեքենայի մեջ: Ինչպե՞ս է դա լինում: Այսինքն՝ ես վիզիտկա՞ եմ թողնում մեքենայի մեջ, որ Մովսեսին սպանել եմ, սա էլ իր արյո՞ւնն է՝ շորերով: Այդպե՞ս է դուրս գալիս»: Բացի այդ, նա ասաց, թե նշվում է, որ մեքենան բացվել է մասնագետի միջոցով: Նա հարց հնչեցրեց, թե ինչու է մեքենան մասնագետի միջոցով բացվել. մեքենաները սովորաբար երկու բանալի են ունենում: Ամբաստանյալն ասաց նաև, որ մեքենան գրանցված է եղել Մովսես Ներսիսյանի որդու անունով, և հարց է առաջանում՝ արդյո՞ք վերջինիս մոտ մեքենայի բանալի եղել է, թե՞ ոչ: «Կամ, եթե մեքենան բացվել է, ինչո՞ւ չի բացվել ընթերակաների ներկայությամբ: Կարող են շատ հանգիստ այդ մեքենայի դուռը բացել, ինչ ուզենան՝ գցեն այդ մեքենայի մեջ, հետո փակեն, հետո ընթերակաների միջոցով մեքենան ստուգեն»,- ասաց նա:
Դատարանում հրապարակվեցին արտաքին դիտման ամփոփագրերը: Այս առնչությամբ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հայտարարեց, որ ըստ դրանց՝ «Մագնում» հոթել (ըստ քրեական գործի նյութերի՝ այստեղ է սպանվել Մովսես Ներսիսյանը) մտել են երկու ուղևորներ, դուրս են եկել երկու ուղևորներ: «Այսինքն՝ երկու մարդ՝ մտել, երկու մարդ դուրս է եկել: Բա ո՞վ սպանվեց»,- ասաց պաշտպանը: Այս կապակցությամբ մեղադրողը հայտարարեց, որ ամփոփագրի տեղեկանքը հրապարակվեց, և դրա համաձայն՝ ավտոմեքենայի ապակիների մգեցվածության պատճառով չի նկատվել, թե ո՞վ է ավտոմեքենայի ղեկին, և ո՞վ կար մեքենայում: Հեկտոր Սարդարյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արձանագրության մեջ նշված է, որ Մոսոն իր ավտոմեքենայով նկատվեց օդանավակայանում. «Մոսոն որ գնացել է օդանավակայան, բա ի՞նչ ենք ուզում: Մեռած մարդը ո՞նց գնաց օդանավակայան»:
Դատարանում հրապարակվեց նաև հեռախոսային խոսակցությունը, որը տեղի է ունեցել 2014թ. փետրվարի 3-ին. ըստ փաստաթղթի՝ Մովսես Ներսիսյանի որդին զանգահարել է Իսրայել Սարգսյանին և հարցրել՝ արդյոք տեղեկություն ունի՞ հորից, քանի որ հոր հեռախոսը նախորդ օրվանից անջատված է, չի կարողանում կապ հաստատել նրա հետ: Ի պատասխան՝ Իսրայել Սարգսյանն ասել էր, որ մի քանի օր է՝ չի տեսել Մովսես Ներսիսյանին:
Դատարանում հրապարակվեց Տիգրան Ասատրյանի բնակարանում խուզարկության արդյունքում հայտնաբերված էլեկտրոնային կրիչների պարունակության զննության արձանագրությունը. դրանցից մեկում առկա է եղել աուդիոֆայլ, որում լսվում է երկու տղամարդու խոսակցություն, ովքեր միմյանց դիմում են Իսո և Տիկո անուններով: Ըստ արձանագրության՝ ձայնագրությունն ընդհանուր առմամբ 18 րոպե 1 վայրկյան տևողությամբ է: Ըստ արձանագրության՝ ձայնագրությունը սկսվում է հետևյալ խոսքերից՝
«Տիկո.- Ախպեր, ես չեմ հավատում, որ դու իրան խփել, գցել ես, Իսո ջան:
Իսո.– Դե հես ա, որ տրուպը…»:
Ըստ արձանագրության՝ ձայնագրության մեկ այլ րոպեից լսվում է հետևյալ խոսակցությունը.
«Տիկո.- Իսո ջան, խի՞, խի՞, ապեր, դու իմ մեջքի հետևից գնացիր, թաքուն, ախպեր, տվիր, իմ ընկերոջս»:
Խոսակցությունը նրանց միջև շարունակվել է:
Արձանագրության հրապարակումից հետո Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում նշել են, որ այս ապացույցը, ինչպես նաև՝ դրանից բխող փորձագետի եզրակացությունը պետք է անթույլատրելի ճանաչվեն՝ հաշվի առնելով նախադեպային որոշումները, որ այդպիսի գաղտնի ձայնագրություններն ընդհանրապես կարող են օգտագործվել օպերատիվ նկատառումներով, սակայն ապացույց չեն հանդիսանում: Բացի այդ, ըստ պաշտպանի՝ վկաներից մեկը դատարանում հայտնել է, որ իր խնդրանքով է Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանից «փորձել խոսք քաշել»: Իսրայել Սարգսյանն էլ ասաց, որ ձայնագրությունը մոնտաժված է, այն 18 րոպեի խոսակցություն չէ. «Այդ խոսակցությունը, եթե տեղի է ունեցել, տեղի է ունեցել ժամ ու կես ու շատ շիկացած խոսակցություն է եղել, տարբեր կողմերից է եղել խոսակցությունը, տարբեր բաների մասին է խոսացվել»: «Սա խեղկատակություն է»,- եզրափակեց նա: