Հայաստանը Եվրոպայում երկրորդ երկիրն է, որտեղ ներդրվել են IBM Watson տեխնոլոգիաները
Օրերս տեղի ունեցավ «Watson Day Yerevan 2016» միջոցառումը: Մինչ այդ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը փետրվարի 8-11-ը Երևանում նախաձեռնել էին IBM Watson համակարգի ուսուցման դասընթացները:
Watson-ի հիմնական առավելությունն այն է, որ կարողանում է աշխատել լուսանկարների, տեսանյութերի և այլ նյութերի հետ: Կիրառվում է բազմաթիվ ոլորտներում: Օրինակ, առողջապահության ոլորտում այն լավ խորհրդատու է բժշկի համար:
Watson-ը շատ թանկ պրոդուկտ է, սակայն IBM-ը Հայաստանին տալիս է այն անվճար օգտագործելու հնարավորություններ: Հայաստանում համապատասխան մասնագետները պատրաստելու են ուսանողների, որոնք արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքներ ձեռք կբերեն և տարբեր նախագծերի միջոցով դրանք կկիրառեն գործնականում:
Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson-ի փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը ներկաներին ներկայացրեց IBM Watson և IBM BlueMix համակարգերը: Նկարագրվեց նաև այն բիզնես-համակարգերի աշխատանքը, որոնք, օգտագործելով այս տեխնոլոգիաները, հաջողություններ են գրանցել իրենց ոլորտում:
Հանդիպման մասնակիցների թիվը բավականին մեծ էր: Միջոցառմամբ հետաքրքրված էին Հայաստանի տարբեր կազմակերպությունների գործարար ղեկավարներ, տեխնիկական մասնագետներ, սոցիալական ճյուղի գիտնականներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, ֆինանսական վերլուծաբաններ և այլք:
Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր, որ ներկայացրեց IBM Watson էկոհամակարգը: Համակարգի ուսուցումը կներառվի ուսանողական առարկաների ցանկում:
Դասընթացին մասնակցում էին նաև մի շարք բուհերի դասախոսներ, ովքեր, ծանոթանալով տեխնոլոգիաներին, իրենց փորձը պետք է փոխանցեն ոլորտով հետաքրքրված երիտասարդներին:
Հայաստանը Եվրոպայում երկրորդ երկիրն է, որտեղ ներդրվել են այս տեխնոլոլոգիաները:
«Բոլոր Եվրոպական երկրներից նախագիծը ներդրված էր միայն Մեծ Բրիտանիայում:
Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ ներկայացված է այս նախագիծը: Դրան նպաստեց IBM Watson համակարգի մասնագետ, ազգությամբ հայ Արմեն Փիսչդոտչյանը: Նա մարդ է, ով մեծ դերակատարում ունի այնպիսի գիգանտի զարգացման մեջ, ինչպիսին IBM-ն է»,- միջոցառման բացման ժամանակ նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Watson-ը կկիրառեն ոչ միայն հայ ուսանողները, այլև ոլորտով հետաքրքրված ստարտափները:
«Ցանկացած ոլորտի մասնագետ գործ ունի ավելի ու ավելի շատ աճող տեղեկատվական հոսքերի հետ, և որոնման մեխանիկական մասը մի կողմ նետելու և ժամանակն ավելի արդյունավետ ծախսելու համար առանց այդ համակարգի անհնար է»,- հայտարարել է Պիսչդոտչյանը:
Ըստ մասնագետների՝ IBM-ի Watson բաժինն ունի մի քանի ուղղություն, որոնցից մեկը ստարտափներին տրամադրվող աջակցությունն է, դրանց կողմից Watson-ի օգտագործման խրախուսումը: IBM-ը տարեկան ավելի քան 100 մլն դոլարի բյուջե ունի՝ ստարտափներում ներդրումների համար: Եթե ստարտափը դառնում է Watson էկոհամակարգի անդամ, ապա IBM-ի փորձագետների կողմից ստանում է անվճար բիզնես և միաժամանակ՝ տեխնիկական խորհրդատվություն: Նա կարող է օգտագործել իր ստացած դրամաշնորհը՝ նախագիծը զարգացնելու նպատակով:
Լուսանկարները՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» ֆեյսբուքյան էջից