ՀՀԿ-ականներն Էդմոն Մարուքյանին մեղադրեցին «Ժառանգության» գերեզմանափորը լինելու մեջ
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանն առաջադրել են թեկնածու Զարուհի Փոստանջյանին, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանին, իսկ ՀՀԿ խմբակցությունը՝ Արման Թաթոյանը:
Էդմոն Մարուքյանը ներկայացնելով իր թեկնածուին՝ նախ ներկայացրեց Զ. Փոստանջյանի կենսագրական տվյալները, ընդգծեց, որ նա աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, լինելով պատգամավոր՝ զբաղվել է նաև իրավապաշտպան գործունեությամբ, պայքարել է մարդու իրավունքների խախտումների դեմ. «Ես՝ որպես իրապաշտպան, կիսում եմ նրա մոտեցումները, իմ հիշողության մեջ նա տպավորված է՝ որպես խիզախ կին, ով պաշտպանում է մարդու իրավունքները: Իմ գործընկերներին խնդրում եմ քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին»:
Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարց ուղղեց Է. Մարուքյանին, թե պատգամավոր Զ. Փոստանջյանը նույնպես կարող է պաշտպանել մարդու իրավունքները, հիմա նրան ի՞նչն է խանգարում, նա ունի նույնչափ լիազորություններ: Ի պատասխան՝ Է. Մարուքյանն ասաց. «Զարմացած եմ, որ նման հարց է առաջացել՝ լինելով ինքներդ իրավաբան: ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքները խստորեն տարբերվում է ՄԻ պաշտպանի առաքելությունից: Որևէ ԱԺ պատգամավոր չի կարող որևէ պետական մարմնի առաջարկել վերանայել մարդու խախտված իրավունքները, ինչը կարող է անել ՄԻ պաշտպանը, տարբերություններն ուղղակի անհամեմատելի են,: ՄԻ պաշտպանը որևէ քաղաքական ուժ չի ներկայացնում, ի տարբերություն պատգամավորի»:
Լ. Մարտիրոսյանը նշեց, որ տարբերություններ կան իհարկե. «Բայց պատգամավորներից ոչ մեկին ԱԺ կանոնակարգը չի խանգարում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարելու: Ինչպես դուք նշեցիք, ինքը պատգամավոր եղած ժամանակ էլ է պաշտպանել մարդու իրավունքներ»:
«Այո՛, նրան հաջողվել է, ու, եթե ձեր ձայնը տաք նրան, նա ավելի լայն լիազորություններ կունենա մարդու իրավունքները պաշտպանելու»,- նշեց Է. Մարուքյանը:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Մելիքյանն էլ հարց բարձրացրեց՝ «Ժառանգություն» կուսակցության միակ՝ վերջին անդամին ուզում եք տանե՞լ ԱԺ-ից, «կարծում եմ՝ ճիշտ չէ գերեզմանափորը լինել»: «Կարող ա՞ լուրջ եք ընդունել, որ Զարուհի Փոստանջյանը կարող ա ընտրվի եւ դրանով ուզում եք փակել եւ կուսակցությունն ու խմբակցությունը կուսակցությանը եւ խմբակցությանը հնարավորություն չտալով օգտվելու ԱԺ-ի բարձր ամբիոնից»,- ասաց Մելիքյանը:
Է. Մարուքյանը զարմացավ, որ իրեն փորձում են «գերեզմանափորի» պիտակ կպցնել. «Ես քննարկել եմ տիկին Փոստանջյանի հետ նրա թեկնածությունը ներկայացնելու համար, ու ունեմ իր գրավոր համաձայնությունը, եթե նա տալիս է համաձայնություն, ուրեմն՝ ունի այն ուժի համաձայնությունը, որը ներկայացնում է: Մինչև հինգերորդ գումարման ավարտը խմբակցությունը կմնա, հետո նոր կազմով կգա: Զարմանում եմ, որ ՀՀԿ-ն է այդ դարդն անում»:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ մտահոգություն հայտնեց՝ արդյոք կդիմանա՞ Զ. Փոստանջյանը քաղաքական ճնշումներին, նաև նկատեց, որ դեռ նրա կուսակցական ընկերները, նախագահը որևէ ձևով չեն արձագանքել նրա այս քայլին:
«Զ. Փոստանջյանն ունի բավարար խիզախություն ու չի ենթարկվի ճնշումների, ու, եթե կա ՀՀ-ում նման պրակտիկա, ապա ինքն այն մարդն է, որ այդ պրակտիկան իրեն չի վերաբերի: Մեր մոտեցումները քաղաքական չեն, այլ՝ իրավապաշտպանական: Գուցե քաղաքական հայտարարություններով չեն եկել կուսակցականները, որ չքաղաքականացնեն գործընթացը»: