2017թ. Հայաստանին տրվելիք աջակցության բյուջեն արտացոլում է ԱՄՆ առաջնահերթությունները Հայաստանում. Ռիչարդ Միլզ
«ԱՄՆ-ն սերտորեն համագործակում է Թուրքիայի հետ` ԴԱԻՇ-ի դեմ»,-քիչ առաջ այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզն իր ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի քաղաքականությանը Սիրիայում:
Դեսպան Միլզն ասաց, որ Թուրքիայի վերաբերյալ կցանկանա նշել ԱՄՆ պետքարտուղարի ճեպազրույցի ընթացքում արված դիտարկումները` Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի վճռական գործընկերն է և ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում է նրանց հետ մի քանի ճակատներով: «Մենք գնահատում ենք այն դերակատարությունը, որը նրանք խաղացել են, այդ թվում թույլտվությունն օգտագործել մեր օդային բազան Ինչիրլիկում: Թուրքիան նկատելիորեն առատաձեռն է եղել հսկայական ճգնաժամին Սիրիայից մոտավորապես 3 միլիոն փախստականներին և դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին արձագանքելու հարցում: ԱՄՆ-ն գնահատում է Թուրքիայի աջակցությունն ու փախստականների հյուրընկալությունը»,-նշեց դեսպանը:
Անդրադառնալով ԱՄՆ-ՌԴ հակասություններին տարբեր հակամարտ գոտիներում` դեսպան Միլզն ասաց. «Չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքականություներում կան արմատական տարբերություններ, կողմերը դեռ ունակ են ընդհանուր հող և համագործակցություն գտնել հարցերում, որոնք կարևոր են միջազգային հանրության համար` նկատելիորեն Իրանի միջուկային հարցի շուրջ և Մինսկի խմբում, որտեղ ես ինքս եմ տեսել ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հաջողված աշխատանքը»:
Խոսելով ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կոչ-նամակից` դեսպան Միլզն ասաց, որ Նախագահ Օբամայի առաջարկած 2017թ. Հայաստանին տրվելիք աջակցության բյուջեն արտացոլում է ԱՄՆ աջակցության առաջնահերթությունները Հայաստանում` գյուղական զարգացում , էներգետիկ ոլորտի բարեփոխումներ, ժողովրդավարական կառավարման ամրապնդում, օրենքի գերակայություն և տնտեսական բարեփոխումների խթանում:
« Բյուջեն արտացոլում է նաև աշխարհի տարբեր անկյուններից փախստականների աջակցության շարունակական հանձնառությունը, հատկապես նրանց, ովքեր փախչում են ՍԻրիայի ողբերգական հակամարտությունից: Ռեսուրսները, որոնք մենք տրամադրում ենք փախստականներին, արտացոլում են աշխարհում ամենակարևոր անհրաժեշտությունների մեր ընկալումը: Մենք ավելացրել ենք ֆինանսավորումը վերջին մի քանի տարիների ընթացքում, ուղիղ կերպով մեծացնելով ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակին տրվելիք աջակցությունը Հայաստանում սիրիացի փախստականների համար: Չնայած նախորդ բյուջեներում չկար առանձնացված աջակցություն ԼՂ-ի համար, սակայն ԱՄՆ ՄԶԳ-ն առանձնացրել է գումար ԼՂ-ում հումանիտար աջակցության համար վերջին մի քանի տարիների ընթացքում` կենտրոնացած լինելով մեր ականազերծման ջանքերի վրա»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին, մասնավորապես նախագահ Բարաք Օբամային` ավելացնելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական օգնության չափը: Հանձնախումբը նման պահանջ է ներկայացրել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահը հրապարակել է 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:
Բարաք Օբաման նոր ծրագրով առաջարկել է Հայաստանին տնտեսական օգնություն տրամադրել 22 մլն 412 հազար ԱՄՆ դոլարի չափով, ինչը 22 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Ադրբեջանին Օբաման առաջարկել է տրամադրել 10 մլն 936 հազար ԱՄՆ դոլար:
Թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին առաջարկվում է տրամադրել 600 հազար ԱՄՆ դոլար ռազմական կրթության և վարժանքների համար և 1 մլն ԱՄՆ դոլար՝ արտաքին ռազմական ֆինանսավորման նպատակով:
Թմրանյութերի միջազգային վերահսկման և օրենքի նպատակով Օբաման առաջակել է տրամադրել Հայաստանին 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվելիք օգնության չափի մասին ԱՄՆ նախագահի հրապարակած փաստաթղթում ոչինչ չի նշվում, թեպետ նախորդ տարիներին տրամադրվել է մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պահանջում է ԱՄՆ նախագահից Հայաստանին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԼՂՀ- ին` նվազագույնը 5 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, հանձնախումբն առաջարկում է 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում ապաստան գտած 20 հազար սիրիահայերի համար, իսկ Վրաստանին տրվող գումարի 10 տոկոսն օգտագործել Սամցխե-Ջավախի շրջանի զարգացման համար: