Բաժիններ՝

Ով ով է «Նաիրիտում»

Մինչ նաիրիտցիների նախկին (ովքեր պահանջում են վերագործարկել «Նաիրիտը») ու ներկա (ովքեր պահանջում են վճարել 3 ամսվա կուտակված աշխատավարձի պարտքը) աշխատակիցները շարունակում են բողոքի ցույցերը՝ գործարանում նոր զարգացումներ են տեղի ունենում: 168.am-ն արդեն գրել էր, որ ԱՊՀ Միջպետական բանկը ՀՀ կառավարությանն է զիջում իր իրավունքները «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերության և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ, որոնք առաջացել էին վերջիններիս, համապատասխանաբար՝ 70 մլն դոլար և 110 մլն դոլար վարկեր տրամադրելու պայմանագրերով: Նախորդ շաբաթ ԱԺ-ում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ գործարանի գույքի գրավի իրավունքի փոխանցման փաստաթղթային ձևակերպման աշխատանքները կավարտվեն մոտակա 1 մասում, և գույքի հետ կապված բոլոր իրավունքներն անցնում են ՀՀ կառավարությանը:

Մեր տեղեկություններով՝ «Նաիրիտն» արդեն «լքել» են ՀՀ-ում Միջպետական բանկի ներկայացուցչության տնօրեն, ՄԲ նախագահի խորհրդական, գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը և խորհրդում ՄԲ-ի ներկայացուցիչ ոմն Մեխկով: Վահան Մելքոնյանն ինքն է դիմում գրել և դուրս եկել պաշտոնից: Նրա անունը, ըստ շրջանառվող լուրերի, անմիջականորեն կապված է գործարանի թալանի, միլիոնների յուրացման, օֆշորային ընկերությունների ու բազմաթիվ խարդախությունների հետ:

Վահան Մելքոնյանի հեռանալու մասին լուրը հաստատեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից: Մեր հարցադրումներին ի պատասխան՝ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ կանոնադրությամբ նախատեսված` ընկերության խորհրդի 8 անդամից ներկայումս գործողները 5-ն են՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, «Նաիրիտ Գործարանից»՝ Ռուբեն Սաղաթելյանը, Կարեն Պողոսյանը, Գրիգոր Ստեփանյանը, Հովիկ Հախինյանը:

«ԱՊՀ Միջպետական բանկի ՀՀ-ում ներկայացուցչության տնօրեն Վահան Մելքոնյանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում որևէ կարգավիճակ չունի»,- նշել են նախարարությունից:

Սա նշանակում է, որ Միջպետական բանկն այլևս «Նաիրիտով» չի զբաղվում, և գործարանի ճակատագրի հետ կապված ամբողջ պատասխանատվությունն այժմ ընկել է ՀՀ կառավարության վրա: Եվ եթե նախկինում ՀՀ կառավարության ներկայացուցիչներն իրենց անգործությունն արդարացնում էին նրանով, որ բաժնետոմսերը գրավադրված են, և իրենք ոչինչ չեն կարող անել, ապա հիմա երբեմնի քիմիական հսկան ամբողջովին Երվանդ Զախարյանի իրավասության տակ է՝ թե՛ տնօրեն նշանակելու, թե՛ աշխատավարձ տալու, և թե՛ վերագործարկելու կամ փակելու առումով: Առայժմ Զախարյանը վստահեցնում է, թե կառավարությունը շահագրգռված է «Նաիրիտի» վերագործարկման հարցում, և որևէ այլ հարց չի քննարկվում գործարանի հետ կապված՝ բացի վերագործարկումից: Ընդ որում, ըստ նրա, վերագործարկման հետ կապված բանակցություններ նախկինում տարվում էին տարբեր ընկերությունների հետ, բայց այս պահին որևէ ընկերության հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա:

Մեր տեղեկություներով՝ «Ռոստեխնոլոգիա» պետական կորպորացիայի ներկայացուցիչները, որ անցած տարեվերջին հետաքրքրություն են ցուցաբերել «Նաիրիտի» հանդեպ, հնարավոր է՝ մինչև այս ամսվա վերջ այցելեն ՀՀ:

Վահան Մելքոնյանի հեռանալը «Նաիրիտից» ինչ-որ առումով կարելի է համեմատել խորտակվող նավից հեռանալու հետ, և, եթե ճգնաժամի հատակին հասնելուց հետո հաջորդում է վերելք, ապա այժմ «Նաիրիտը» պետք է առողջացման գնա: Եթե, իհարկե, ՀՀ կառավարությունն այլ բան չորոշի:

Ի դեպ, Ե.Զախարյանին խոստումներ տալու ժամկետ շատ չի մնացել: Այս տարվա մայիսի 14-ին լրանում է նրա 70-ամյակը, և, եթե Սերժ Սարգսյանը չգտնի, որ նա անփոխարինելի է, ու չերկարացնի պաշտոնավարման ժամկետը, Զախարյանը, ըստ ամենայնի, պետք է հրաժեշտ տա նախարարի աթոռին: Նկատենք, որ թեև գործատու կառավարությունում աշխատելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա, այնուհանդերձ, 65-ից մինչև 70 տարեկանների պաշտոնավարման ժամկետն  ամեն տարի նախագահի հրամանագրով երկարաձգվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս