«Ավելի շատ ստանալու ենք գազ, ավելի շատ էլեկտրաէներգիայի վերածենք ու վերադարձնենք նրանց». իրանագետ

«Իրանի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, ինչն ունի իր տրամաբանությունը՝ Իրանն այն գերհզոր տերություններից է,  որ երկար ժամանակ չէր կարողանում իրեն բնորոշ քաղաքականությունն իրականացնել, իսկ հիմա բավական լուրջ մտնում է համաշխարհային քաղաքականության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ հավելելով, որ Իրանը բավական լուրջ ծրագրեր է  սկսել.

«Օրինակ՝ ունեցավ  բիզնես-ֆորում Իտալիայում, Ավստրիայի հետ պայմանագրեր ստորագրեց,  սկսել են Իրան-Ճապոնիա թռիչքներ իրականացվել, այսինքն՝ բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք բավական ակտիվ քաղաքականություն: Ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ Իրանը գնում էր այս բանակցություններին՝ միևնույն ժամանակ պատրաստվում էր հաղթանակի: Իրանը պատրաստ է հաղթանակի դափնիները վերցնելու ու բավական ակտիվ էլ մտնում է խաղի մեջ»։

Իրանագետի խոսքով՝  բոլոր ուղղություններում Իրանն ակտիվանում է.

«Ինչպես՝ դեպի Եվրոպա (օրեր առաջ նավթով լի առաջին տանկերները դուրս եկան, այսինքն՝ գործընթացը սկսված է), ակտիվ են նաև տարածաշրջանում (բավական լուրջ գործընթացներ են գնում Սիրիայում և Իրանն ակտիվ գործում է, որպեսզի պահպանի Բաշար Ասադի կառավարումը, երեկ իմացանք, որ Հալեպի մոտակայքում որոշակի հաջողություններ են գրանցել, այսինքն՝ Իրանն աջակցում է նաև Սիրիայի ղեկավարությանը), մենք տեսնում ենք նաև մեր տարածաշրջանում բավականին ակտիվացում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում»:

Կարդացեք նաև

Իրան-Հայաստան երկաթգծի մասով նշեց, որ այն շատ կարևոր է Հայաստանի համար, և, որ Իրանը կառուցելու է ընդամենը 60 կմ՝ մինչև հասնեն մեր սահմանը, ու ըստ նրա՝  այստեղ մենք ունենք խնդիր, որովհետև մոտավորապես 400 կմ-ի շրջանակներում պետք է կառուցենք. «Աշխարհագրական դիրքն էլ մեզ մի փոքր խանգարում է, այսինքն՝ բավական լուրջ նախագիծ է, որը ՀՀ-ն միայնակ չի կարող անել, և պետք է կարողանանք դոնորներ գտնել՝ ի դեմս Ասիական բանկի, Չինաստանի, ՌԴ-ի, Իրանի: Մեր ղեկավարների մոտ ես այդ քաղաքական կամքը տեսնում եմ, նրանք ուզում են դա կառուցել, այլ հարց է՝ կհաջողվի՞ նրանց դոնորներ գտնել և այդ ծրագիրն իրականացնել: Թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛Հովիկ Աբրահամյանի ելույթներում մենք տեսնում ենք, որ նրանք ցանկանում են դա իրականացնել»:

Խոսելով Իրանից եկող գազի ծավալների մեծացման մասին, նշեց, որ Իրանից ստանում ենք գազ, վերածում ենք էլեկտրաէներգիայի ու վերադարձնում ենք. «Այսինքն՝ ավելի շատ ստանալու ենք գազ, ավելի շատ էլեկտրաէներգիայի վերածենք ու վերադարձնենք նրանց»:

Տեսանյութեր

Լրահոս