Բաժիններ՝

Երևանի ամենադժբախտ շենքը

Պաշտպանության նախարարությունը նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել 2015թ. օգոստոսի 13-ի ՀՀ կառավարության որոշումը: Խոսքը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության օտարման որոշման մասին է: Մեր մայրաքաղաքում դժվար թե երբևէ եղել է Մարզահամերգային համալիրի չափ ծանր պատմություն ունեցող շենք: Գոնե վերջին մի քանի հարյուրամյակում:

Նման պնդում կարելի է անել անգամ՝ հաշվի առնելով վերջին 10-15 տարում հիմնահատակ ավերված շենքերի պատմությունը: Այսօր դժվար է հավատալը, որ Երևանում մարզահամերգասրահ կառուցելու գաղափարը մեր ճարտարապետներն ու նախագծող ինժեներները հղացել են 60-ականնների վերջում: Մոսկովյան ամբիցիոզ ճարտարապետները չէին հավատում, որ Հայաստանում հնարավոր է նման շինարարական կառույցի նախագծում:

Մինչդեռ Մարզահամերգայինի վերջնական նախագիծն արվել է 1976թ.: Համալիրը երկու մեծ սրահ պիտի ունենար՝ մարզական և համերգային: Ինչպես նաև՝ 30X61մ սառցադաշտ: Ենթադրվում էր, որ սանդուղքների տակ նաև շարժասանդուղք է գործելու: Շինարարության արժեքը 35 մլն ռուբլի էր: Համեմատության համար ասենք, որ այդ գնով կարելի էր առնվազն 35 բարձրահարկ շենք կառուցել:

Բայց Կարեն Դեմիրճյանին հաջողվեց համոզել Մոսկվային: 1983թ. Երևանում պիտի կայանար ծանրամարտի աշխարհի առաջնություն: Այդ շրջանը հայկական ծանրամարտի «Ոսկե դարն» էր: Խորհրդային պետությանը հազվադեպ էր հաջողվում խոշոր սպորտային միջոցառումների կազմակերպման իրավունք ձեռք բերել: Ու հանկարծ որոշվել էր, որ համաշխարհային մրցումները պիտի անցկացվեն Երևանում:

Մարզահամերգային համալիրի առաջին բացումը տեղի ունեցավ հենց 1983թ., բայց մրցույթն անցկացվեց Մոսկվայում: Հետո Համալիրը 1984-ին վերաբացվեց երկրորդ անգամ՝ արդեն պատրաստ էին երկու դահլիճները: Հետո տեղի ունեցավ հանրահայտ հրդեհը, որ երևանցիների համար ընկալվեց՝ որպես ողբերգություն: Հրդեհի հետևանքների վերացումն իսկապես համազգային գործ էր՝ նորոգման աշխատանքները ձեռնարկությունները կատարում էին իրենց հաշվին, բանվորները հրաժարվում էին իրենց վարձավճարներից, թոշակառուները մեկ-երկու ամսվա թոշակ էին տրամադրում:

Երևանցիները սիրել էին նորակառույց համալիրը: Շինարարությունն իրականում 35 մլն խորհրդային ռուբլուց շատ ավելի թանկ նստեց: Ծախսերը կրճատելու պատճառով չկառուցվեց շարժասանդուղքը: Անկախության շրջանի առաջին տարիներին պետական տոները նշվում էին Համալիրում, բայց 90-ականների ճգնաժամի ընթացքում երկիրը համապատասխան միջոցներ չուներ այդ ճոխ շենքի խնամքի ու պահպանության համար: Այն առաջին անգամ սեփականաշնորհվեց 2005թ.:

Սեփականատերերը ռուսաստանյան «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրներն էին: Համալիրը մասնավորեցվել էր 5,7 մլն դոլարով: Առաջին սեփականաշնորհումն ընթացավ անհասկանալիության աստիճան խորհրդավոր պայմաններում: Երևանցիներին թվում էր, որ իրենց սիրելի շենքն ավելի լավ ճակատագրի էր արժանի:

Միակ մխիթարությունն այն էր, որ սեփականատերերը պարտավորվել էին պահպանել կառույցի ֆունկցիոնալ նշանակությունը, և, որ ավելի կարևոր էր՝ պարտավորվել էին պահպանել Կարեն Դեմիրճյանի անունը: Հետո սեփականատերերը Համալիրը գրավադրելով՝ ստացան 20 կամ 25 մլն դոլար: Այդ գումարը Ռուսաստանի տրամադրած 500 մլն դոլարանոց հանրահայտ վարկից նրանց «բաժին հանվեց»: Հետո լուրեր տարածվեցին, որ Մուրադյան եղբայրները գժտվել են: Խոսվում էր այն մասին, որ գրավադրումը կատարվել էր օրենսդրական խախտումով, և, որ եղբայրներից մեկը սպառնում է դատական կարգով չեղյալ հայտարարել վարկադրման պայմանագիրը: Այդ ընթացքում Համալիրը հանվել էր աճուրդի:

Գործող օրենսդրության համաձայն՝ յոթ անգամ աճուրդ հայտարարվեց: Ամեն հաջորդ աճուրդին առաջարկվող գինը նվազում էր 10 տոկոսի չափով: Գնորդ չգտնվեց: 2014թ. օգոստոսին կառավարության որոշմամբ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով այն պետականացվեց և հանձնվեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Շատերի կարծիքով՝ Պաշտպանության նախարարությանը փոխանցելը յուրօրինակ ծրագիր էր: Մուրադյան եղբայրներից նա, ով սպառնում էր դատական կարգով չեղյալ հայտարարել գրավադրման գործարքը՝ նահանջեց: Իսկապես դժվար է գտնել հայ մարդու, ով կփորձի դատական կարգով ՊՆ-ից գույք պահանջել:

Հետո ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2015թ. մարտին ստեղծվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի մեջ մտավ բուն շինությունը, հարակից կառույցները, հանրահայտ աստիճանները՝ շատրվաններով, և համարյա 10 հա տարածք: Ակնհայտ էր, որ երևանցիների սիրելի կառույցը դարձավ մայրաքաղաքի ամենաթանկ շինությունը: Այն շինություններից ամենաթանկը, որ հանվելու է մասնավորեցման: Եվ իսկապես հինգ ամիս հետո այն հանվեց սեփականաշնորհման: Երկրորդ սեփականաշնորհումն ավելի մութ պատմություն է, քան առաջինը: Չնայած, որ սեփականաշնորհվում էր ՀՀ ՊՆ կառույց: Համալիրը սեփականաշնորհվեց ընդամենը 20 օր առաջ գրանցված մի կառույցի՝ «ՆՍԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին:

Դրա միակ սեփականատերը երևանցի Արմեն Գևորգյանն էր, ում անունը կապված էր Լոռու մարզի ոսկու հանքերի սեփականաշնորհման ու շահագործման մի մութ պատմության հետ: ՊՆ ներկայացուցչի հետ պայմանագիրը ստորագրեց ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանը: Այդ օրերին մեր մամուլը գրեց, որ սույն պարոնը խարդախության մեղադրանքով փնտրվում է ԱՄՆ Ալաբամայի նահանգի դատախազության կողմից: Բայց մեր կառավարությունը շտապեց հասարակությանը հանգստացնել՝ նշելով, որ սեփականատերը Համալիրի 99 աշխատակիցներին առնվազն վեց ամիս աշխատավարձ կվճարի, որ պարտավորվել է չորս տարում 100 մլն դոլարի ներդրում կատարել և 250 աշխատատեղ ստեղծել: «Ավելին,- ասում էին չինովնիկները,- նոր սեփականատերը պարտավորվում է տարեկան հինգ անգամ շինությունը տրամադրել պետական միջոցառումների անցկացման համար»:

Հասարակությանը, իհարկե, վիրավորել էր այն փաստը, որ իշխանությունները համաձայնել են Համալիրի շրջակայքում զվարճանքի վայրեր ստեղծելու առաջարկի հետ: Հետո ոչինչ չկատարվեց: Ու հիմա ՀՀ ՊՆ-ն կառավարությանն առաջարկում է չեղյալ հայտարարել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու որոշումը»:

Այլ կերպ ասած, Համալիրը նորից պետականացնել, որովհետև սեփականատերը չի կատարել գույքի դիմաց պայմանագրով նշված վճարումները: Հասարակությունը հավանաբար այդպես էլ չի իմանա, թե 30 մլն դոլարանոց գործարքից 20 օր առաջ գրանցված ընկերության հետ ովքե՞ր են բանակցել, որքա՞ն պետական գումար է ծախսվել անցած հինգ ամիսների ընթացքում Համալիրի պահպանման համար: Հետևաբար՝ ոչ ոք պատասխանատվություն չի կրի մայրաքաղաքի խորհրդանիշ համարվող կառույցի ո՛չ անցյալի, ո՛չ էլ ապագայի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս