Խեղված ճակատագրեր. խրճիթում ապրող փախստական ծերունիների վերջին հույսը
aparaj.am-ը գրում է. «Արդեն 26 տարի է անցել Բաքվում ադրբեջանիցների կողմից իրականացված հայերի ջարդերից: 1990 թ-ի հունվարի 13-19-ը տեղի ունեցած վայրագությունների ու կոտորածների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց հիշողությունից ջնջել կատարվածը: Բաքվի կոտորածներից փրկվածներն այսօր էլ չեն վերգտել խաղաղ, ապահով ու անվախ ապրելու բանաձևը, իսկ կատարվածի մեղավորները շարունակում են անպատիժ մնալ:
Չլուծված խնդիրների շարքում են Բաքվից Արցախ բռնագաղթածների սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային ու սոցիալ-տնտեսական հարցերը: Հազարավոր փախստականներ առ այսօր ապրում են ծանր սոցիալական պայմաններում ու մեկուսացված՝ հասարակությունից: 26 տարի անց շատերն այլեւս հույս չունեն, որ իրենց կյանքում դրական փոփոխություններ հնարավոր են:
81 ամյա Եվգենիա եւ 82 ամյա Բենիկ Գրիգորյանները Բաքվի ջարդերից մազապուրծ հասել են Արցախ՝ հույսով, որ այստեղ կկարողանան նորից օջախ ստեղծել: Որոշ ժամանակ բարեկամների տներում մնալուց հետո նրանց մի խրճիթ հատկացրեցին ԼՂՀ Իվանյան համայնքում, որտեղ էլ առ այսօր ապրում են:
Ե՛ւ Եվգենիան, ե՛ւ Բենիկը երկու անգամ են ամուսնացել: Առաջին ամուսնությունից Եվգենիան որդի ուներ, ով նրա հետ Բաքվում էր ապրում, իսկ Բենիկ Գրիգորյանը՝ երեք որդի: Բենիկի՝ առաջին ամուսնությունից ծնված որդիները, նախքան Արցախյան պատերազմը, տեղափոխվել են Ռուսաստան՝ Ռոստով քաղաք: Ինչպես ասում է՝ փոքր տղան մի օր դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:
Եվգենիայի որդին՝ Հրանտը, Բաքվի ջարդերի ժամանակ անհայտ կորել է:
Եվգենիան Բաքվի ջարդերի մասին դժվարությամբ է խոսում՝ մերթընդմերթ կանգ առնելով, մի կերպ զսպելով արցունքները:
«Ձմեռ էր: Ուժեղ քամի եւ ձյուն էր ամենուր: Գիշերվա կեսին ադրբեջանցիները սկսեցին վառել հայերի տները: Երբ իրարանցումը սկսվեց, գիշերը փախա, գնացի Ազգային անվտանգության գրասենյակ, այնտեղ մարդ չկար, ինձ մի ռուս տղա մոտեցավ եւ խորհուրդ տվեց ոստիկանություն գնալ, այնտեղ գիշերել, որպեսզի ինձ չսպանեն: Հետեւեցի նրա խորհրդին: Երբ մտա ոստիկանության շենք, մի սարսափելի տեսարան բացվեց աչքիս առաջ: Ամենուր վիրավոր հայեր էին, ամեն տեղ՝ արյուն: Առավոտյան զանգեցի հարեւաններիս, նրանք ինձ տեղեկացրին, որ որդիս՝ Հրանտը, եկել էր տուն եւ ինձ էր փնտրում: Այդ օրվանից որդուս չեմ տեսել, նրա մասին արդեն 26 տարի է՝ որեւէ տեղեկություն չունեմ»,- պատմում է տիկին Եվգենիան:
«1990-ականներից առ այսօր այստեղ եմ ապրում, ամեն ինչ սկսեցինք զրոյից՝ ոչինչ չկարողանալով մեզ հետ բերել: Ապրում ենք այս անմարդկային պայմաններում՝ բոլորի կողմից մոռացված: Մենք եւ մեզ նմանները ոչ մեկին պետք չեն: Այս երկար տարիների ընթացքում որեւէ մեկը, բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախյան գրասենյակի աշխատողներից, չի հետաքրքրվել, թե ինչպես ենք ապրում, ողջ ենք, թե՝ մեռած»,- շարունակում է նա:
Բենիկ Գրիգորյանն ասում է, հույս ունեին, թե իրենց դժբախտությունները պատերազմից հետո կվերջանան, կկարողանան ոտքի կանգնել, կվերադարձնեն անհայտ կորած որդիներին, ընտանիքը կվերամիավորվի:
Բենիկի ու Եվգենիայի ամուսնությունից դուստր ծնվեց, բայց նա էլ դառը ճակատագիր ունեցավ: Պատերազմի տարիներին դուստրն ամուսնացավ, երկու որդի ուներ: Նրա մոտ շուտով քաղցկեղ հայտնաբերեցին, իսկ ամուսինն էլ լքեց ընտանիքը: Դստեր բուժման համար ամեն ինչ վաճառեցին, վաճառեցին նաեւ դստեր բնակարանը, սակայն նրա կյանքը չհաջողվեց փրկել: Երիտասարդ մայրը մահացավ՝ երկու որդիների խնամքը թողնելով արդեն ծեր հոր եւ մոր ուսերին:
Այսօր թոռներն արդեն մեծացել են, մեկը զինծառայող է, մյուսն էլ մի քանի օր առաջ է վերադարձել բանակից: Պապ ու տատին այսօր միայն մեկ բան է մտահոգում, որ իրենց թոռների ապագան /չնայած մանկություն չեն ունեցել/ գոնե արժանապատիվ լինի, գոնե սեփական նորմալ անկյուն ունենան :
«Տարիների հետ մեռնում է հույսը, որ մեր որդիները կվերդառնան: Դրա հետ մեկտեղ մեռնում է նաեւ հավատը, որ հնարավոր է գոնե վերջին օրերս ապրեմ արժանավայել, ոչ թե այս պայմաններում: Ամեն օր Աստծուն խնդրում եմ, որ թոռներս գոնե ապահով ապագա ունենան»,- ասում է տիկին Եվգենիան:
Եվգենիա եւ Բենիկ Գրիգորյանների մասին բազմիցս անդրադարձել են Արցախյան լրատվամիջոցները, նրանց կացության մասին տեղյակ է նաեւ Իվանյան համայնքի ղեկավարությունը, սակայն որեւէ արձագանքող չի եղել:
Իվանյանն ազատագրելուց տարիներ հետո շատերն են այնտեղ տուն կամ բնակարան գնել ցածր գներով, սակայն քչերն են այսօր ապրում այնտեղ: Խրճիթում ապրողների հարևանությամբ աչքի են զարնում մի քանի դատարկ առանձնատներ, որոնց տեսքից երևեւում է, որ տարիներ շարունակ անխնամ, մոռացված ու լքված են տերերի կողմից: Ակամայից զուգահեռներ ես տանում այս երկու՝ առանձնատան եւ խրճիթի միջեւ ու չես կարողանում գտնել հարցականների եզրը»:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ