Մի հատ կարգին լիդեր է պետք, և այդ հերոսին գրկած կգնան Բաղրամյան-26… «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մի հատ կարգին լիդեր է պետք, որ էս ժողովրդին տանի իր հետեւից»: Այդ եզրահանգումը հաճախ է հետեւում բողոքների «ստանդարտ փաթեթին»` իշխանավորների եւ հարուստների ճոխ կյանքի եւ սեփական խեղճության թեմայով: «Լիդեր» ասելով՝ մարդիկ պատկերացնում են մի մարդու, որը կկանգնի Ազատության հրապարակում, իր բարձունքից կբարբառի վերջնական, անառարկելի ճշմարտություններ, իսկ հավաքված հարյուր հազարավոր մարդիկ կլսեն նրան, կտոգորվեն նրա հանճարեղ գաղափարներով, այդ հերոսին գրկած կգնան Բաղրամյան-26, կդնեն նրան գահին, որից հետո կսկսվի երջանիկ եւ բարգավաճ կյանքը:
Երազանքն իրականացնելու համար մնում է միայն մի «փոքրիկ» բան` գտնել հայ կամ գուցե ոչ հայ ժողովրդի ծոցից դուրս եկած այդ «լիդերին», հերոսին, փրկչին, որն այդ ամենը պետք է իրականացնի: Այդ առասպելը մտքում ունենալով՝ մարդիկ սկսում են թվարկել ներկայումս գործող քաղաքական գործիչների անունները եւ գալիս են եզրակացության` չէ, նման մարդ չկա: Այդ փնտրտուքից հետո մարդկանց մի մասը սկսում է մտածել անծանոթ, դրսից եւ «աչքը կուշտ» հերոսի մասին, քանի որ երկրի ներսում փրկչի «պաշտոնին» հարմար թեկնածություն չեն գտնում: Բայց խնդիրն այն չէ, որ այդ գործիչներն օժտված չեն փրկիչների «խարիզմայով»:
Սխալը մեթոդոլոգիական է. մարդկանց պատկերացրած «լիդերական» մոդելը հնացած է, այն չի համապատասխանում 21-րդ դարի մարտահրավերներին: Ստալինի, Չերչիլի, Կիմ Իր Սենի կամ Մաո Ցզե Դունի ժամանակներն անցել են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում կռապաշտությունն անցյալի մնացորդ է՝ մարդիկ դարձել են էապես ավելի տեղեկացված եւ այդ պատճառով շատ ավելի թերահավատ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: