«Եկեք շրջանակային նոր համաձայնագիրը դիտարկենք որպես հատակ, ոչ որպես առաստաղ». Պյոտր Սվիտալսկի
«Կարելի է ասել, որ Հայաստանը և Եվրոպական միությունը թևակոխել են հարաբերությունների կառուցողական փուլ: Եվրոպական միությունը դրական օրակարգ ունի, մենք միասին փորձում ենք մի նոր բան կերտել, կառուցել, հարաբերությունների նոր մոդել ձևավորել, և ես շատ ուրախ եմ, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավական լավ առաջ է գնում, զարգանում է: Անցյալ տարի նախագահ Տուսկը այցելեց Հայաստան, այս տարի էլ ակնկալում ենք, որ բարձր ներկայացուցիչ կայցելի: Այցելությունը կազդարարի Եվրոպական միության մեծ պատրաստակամությունը՝ ձևավորելու լավ, արդյունավետ հարաբերություններ Հայաստանի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա նշեց, որ անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում մեկնարկեցին բանակցությունները շրջանակային նոր համաձայնագրի շուրջ. «Երկու կողմերը հռչակեցին, որ ցանկանում են հնարավորինս շուտ, արագորեն ավարտել բանակցությունների առաջին փուլը: Շատ լավ ոգով, բարեկաման ոգով, կառուցողական ոգով անցկացվեցին: Իհարկե, բարդ հարցեր կան, մարտահրավերներ կան, բայց ես հուսով եմ, որ բանակցությունը կանցկացվի հաշտ և ճանապարհի վերջին կհասնենք փոխադարձաբար ընդունելի լուծման:
Մենք էլ այժմ հարևանության նոր, վերանայված քաղաքականության իրագործման փուլում ենք, այսինքն՝ շրջանակային համաձայնագրի բանակցությունները պետք է ընկալել, դիտարկել հարևանության նոր քաղաքականության ընդլայնված համատեքստում: Հուսով ենք, որ շրջանակային նոր համաձայնագրի ուղղությամբ առաընթաց ունենալուն զուգահեռ կսկսենք քննարկել գործընկերության առաջնայնությունները՝ քաղաքականապես պարտադիր մի փաստաթուղթ, որը կներառի, կպարփակի Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության քաղաքական օրակարգը: Մենք բանակցություններում՝ որպես Եվրոպական միություն, հետամուտ ենք այն ռազմակավարական նպատակին, որ ցույց տանք, որ հնարավոր է լինել այլ ինտեգրման պրոյեկտի՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի անդամ և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Ինչպես գիտեք, Եվրոպական միությունը Հայաստանի օտարերկյա խոշորագույն դոնորն է: Մենք ամեն տարի 50 մլն եվրո ենք ծախսում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների:
Մենք արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն ենք և խոշորագույն ներդրողն ենք: Մեր նպատակն է օժանդակել Հայաստանին բարեկեցության կառուցման ջանքերում, կայունացման գործընթացում և երկրի արդիականացման գործում: Կայունության, բարեկեցության ապահովման ուժանդակման հիմնական մեթոդն է օգնել Հայաստանին ձևավորելու պատշաճ կառույցներ, ինստիուտներ, օրենքներ և ժողովրդավարական պատշաճ մշակույթ»:
Հարցին՝ ի՞նչ հարցեր կան, որ կարող են դանդաղեցնել բանակցությունների գործընթացը, որոնք դեռ զգացնել կտան իրենց բանակցությունների ընթացքում, դեսպանը պատասխանեց, որ շրջանակային համաձայնագիրը կարևոր է նրանով, որ իրավական կուռ հիմք է ձևավորելու հարաբերությունների համար, և ցանկացած երկկողմանի համագործակցության մեջ իրավական կուռ հիմք է անհրաժեշտ.
«Մենք քիչ թե շա գիտենք ելակետը, սկզբնակետը: Դա Ասոցացման համաձայնագրի տեքստն է, որը Հայաստանի և Եվրոպական միության միջև բանակցվեց: Մենք հուսով ենք, որ հայկական կողմն էլ է հուսով, որ քաղաքական մասը, որը վերաբերում է արժեքներին, արդարադատությանը, օրենքի գերակայությանը, համագործակցությանն անվտանգության ոլորտում, կընդունվին առանց փոփոխությունների: Համաձայնագրի այլ դրույթներ պետք կլինի ճշգրել, հատկապես առևտրին վերաբերող մասը: Ասոցացման համաձայնագրի հիմքում մոտարկման տրամաբանությունն էր դրված՝ Հայաստանի մոտարկվելը Եվրոպական միությանը և Հայաստանի կողմից իր շուկաները Եվրոպական միության համար բացելը և փոխադարձ:
Այսօրվա նոր իրողության պայմաններում դա հնարավոր չէ: Սակայն մենք շարունակում ենք հուսալ, որ համաձայնագիրը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք կդյուրացնեն եվրոպական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումների կատարումը, որոնք կքաջալերերն ովրոպական գործարար հանրույթին, որպեսզի վերջինս Հայաստանի հետ առևտուր իրականացնի:
Եվ լիահույս ենք, որ համագործակցության այլ ուղղությունները կընդունվեն այնքանով, որքանով Ասոցացման համաձայնագրից հնարավոր է դրանք վերցնել: Դա հույսն է: Սակայն ինչպես ասում եմ, եկեք շրջանակային նոր համաձայնագիրը դիտարկենք որպես հատակ, ոչ որպես առաստաղ: Համաձայնագիրը լինելու է հիմք, որի հիման վրա մենք պետք է համագործակցության գործնական, պրակտիկ ձևեր կերտենք, քաղաքական երկխոսություն, կոնկրետ համագործակցություն տարբեր ոլորտներում և բարենպսաստ միջավայր ներդրումների և առտևրի համար: Այսպիսով՝ դա պիտի լինի ելակետը և հղման կետը և ոչ թե մեր հնարավորությունների առավելագույն սահմանը»: