«Վալերի Գերգիևի համար ուղղակի այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ նա թողներ-հեռանար, բայց Կարեն Դուրգարյանի դեպքն այլ է». Կարեն Շահինյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի՝ օրերս «Ա1+» հեռուստաընկերությանը տված այս հարցազրույցը զայրացրել էր Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներին, և արդեն երեկ նրանք օպերային թատրոնում մամուլի ասուլիս էին հրավիրել, որը, սակայն, տեղի չունեցավ: Պարզվում է՝ օպերային թատրոնի ղեկավարությունը տեղյակ չի եղել երաժիշտների նման նախաձեռնության մասին, և մամլո ասուլիսը լուսաբանելու եկած լրագրողների մուտքն Օպերային թատրոն արգելվել է:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ լրագրողներին արգելեցին մուտք գործել Օպերային թատրոնից ներս՝ մասնակցելու նվագախմբի հրավիրած մամուլի ասուլիսին, մեր զրուցակից երաժիշտները միաբերան պատասխանեցին, որ տեղյակ չեն:
«Մենք ողջ նվագախմբով՝ լրագրողների ներկայությամբ, պարզաբանումներ էինք ուզում տալ՝ ի պատասխան Անդրանիկ Արզումայանի հայտարարությանը, թե իբր մեր բաց նամակում կան կեղծ ստորագրություններ, քրեական գործ է հարուցվել, և այլն: Մենք պատրաստ էինք պատասխանելու լրագրողների ցանկացած հարցի, կապված բաց նամակի և դրա զարգացումների և հետ: Մի կարևոր նկատառում ևս՝ մինչև երեկվա պարոն Արզումանյանի հրապարակային հարցազրույցը, այս կամ այն կերպով ինֆորմացիաներ էին տարածվում, իբր Կարեն Դուրգարյանի համախոհները ողջ նվագախմբից միայն 5 հոգի են, մենք մամուլի ասուլիս էինք հրավիրել, որ լրագրողներն ու մարդիկ տեսնեին՝ ովքեր են Կարեն Դուրգարյանի համախոհները, և քանիսն են նրանք իրականում: Գրեթե ողջ նվագախումբը ներկա էր և պատրաստվում էր մասնակցել այդ ասուլիսին, բայց, ցավոք սրտի, նրանց ներս չթողեցին, և բակում հավաքված լրագրողները տեսան միայն այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել ընդմիջման: Ես նորից եմ կրկնում՝ գրեթե ողջ նվագախումբը պատրաստ էր պատասխանելու լրագրողների հարցերին»,- 168.am-ի հետ զրույցում նշել էր երաժիշտ Շմավոն Գրիգորյանը:
Հասկանալու համար, թե ինչո՞ւ Օպերային թատրոնի տնօրինությունը որոշեց արգելել լրագրողների մուտքը մշակութային օջախից ներս, մենք հեռախոսազրույց ունեցանք Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանի հետ, ով մեզ տեղեկացրեց չկայացած մամուլի ասուլիսի պատճառների մասին: Պարզվում է՝ երաժիշտները կառույցի ներսում մամուլի ասուլիս հրավիրելու իրենց մտադրության մասին Օպերային թատրոնի ղեկավարությանն իրազեկել են ընդամենը մի քանի ժամ առաջ: Ինչպես մեզ հաղորդեց Կարեն Շահինյանը, այդ մասին անտեղյակ է եղել նաև նվագախմբի վարիչ Գարեգին Սիմոնյանը:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական Կարեն Շահինյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման.
– Պարոն Շահինյան, ինչո՞ւ Օպերային թատրոնի ղեկավարությունը խափանեց երաժիշտների հրավիրած մամուլի ասուլիսը՝ թույլ չտալով դրսում հավաքված լրագրողներին մուտք գործել շենքից ներս:
– Որովհետև նման դեպքերի համար գոյություն ունի հատուկ կարգ: Օպերային թատրոնը մասնավոր տարածք չէ, այլ պետական հիմնարկ է: Երաժիշտները նախապես տեղյակ չէին պահել տնօրինությանն իրենց այդ մտադրության մասին: Հիմա պատկերացրեք՝ մոտավորապես 400 մարդ այդ ժամին Օպերային թատրոնի ներսում փորձի էին՝ «Նորմայի» պրեմիերայից առաջ: Չէ՞ որ թատրոնի ղեկավարությունը պետք է տեղյակ լիներ, որ գոնե փորձը հաներ, որովհետև այդ մամուլը մերն է, ի վերջո, հո Ադրբեջանինը չէ՞: Ես դուրս եկա լրագրողներին ընդառաջ և փորձեցի նրանց բացատրել, որ ձևն այսպես չէ՝ բարով եք եկել, բայց պետական կարգ ու օրենք գոյություն ունի, և դա նկարահանվել է հեռուստատեսություններից մեկի կողմից:
– Այո, տեղյակ ենք այդ տեսանյութից, և նույն այդ տեսանյությում, որտեղ Դուք բացատրում էիք լրագրողներին Օպերային թատրոնի կարգի մասին, նաև այսպիսի հայտարարություն արեցիք, թե՝ հայտնի երաժիշտ Գերգիևին վռնդեցինք այստեղից, այսպիսով նպաստելով նրան, որ վերջինս դառնա համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր, և կարծես այդ զրույցն ընթանում էր Կարեն Դուրգարյանի մասին զրույցի ենթատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Հասկացա, թե ինչ եք ասում: Իհարկե, պետք չէ ուղիղ համեմատություն անել, որովհետև այն, ինչ արել են Գերգիևի հետ, դա տգեղ է: Կարեն Դուրգարյանի հետ նման բան տեղի չի ունեցել: Նրան ոչ ոք գործից չի հեռացրել: Վալերի Գերգիևի համար ուղղակի այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ նա թողներ-հեռանար, բայց Կարեն Դուրգարյանի դեպքն այլ է: Նրա պարագայում նման պայմաններ չի ստեղծվել: Նրա աշխատավարձը նույնությամբ պահպանվել է, ներկայացումներն իր ձեռքում է եղել: Գլխավոր դիրիժորի հաստիքը ժամանակավոր վերացվել էր նույն Կարեն Դուրգարյանի համար, որ ինքն իրեն նեղված չզգա, որովհետև հասկանում ենք, որ դժվար է երևի հոգեբանորեն այն, որ դու գլխավոր դիրիժոր ես, մեկ էլ միանգամից մեջքիդ բերում են ուրիշ դիրիժոր: Դա մեր մարդասիրական քայլն էր, որովհետև նա մեր երեխան է, մեր հարազատն է, Գեղամ Գրիգորյանն է նրան բերել թատրոն:
– Այսինքն՝ կարելի՞ է հասկանալ, որ խնդիրն այստեղ Կարեն Դուրգարյանի անձն է եղել իրականում՝ հաստիքի լուծարման ճանապարհով պետք էր Կարեն Դուրգարյանին հեռացնել այդտեղից:
– Իհա՛րկե ոչ: Մենք այս ողջ ընթացքում մեզ թույլ չենք տվել այդ մասին բարձրաձայնել: Եթե դուք ուշադիր եք եղել, ապա հաստատ նկատած կլինեք, որ մենք լռել ենք, այդ պահին մենք այդպես էինք ճիշտ համարում: Այսօր ես այդ մասին բարձրաձայն ասում եմ՝ ոչ, Կարեն Դուրգարյանը չէր խանգարում՝ որպես դիրիժոր, այլ՝ որպես անտակտ մարդ: Այդ մասին վկայող փաստերն այնքան շատ են՝ Դուք կարող եք մոտենալ Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին, որ Կարեն Դուրգարյանի վիրավորանքը պատմի ձեզ, Մագդա Մկրտչյանին մոտեցեք, թող պատմի, և, ի վերջո, հիմա ձեզ մի բան ասեմ՝ այս պահին ինձ մոտ գտնվում է 2013թ. գրված նամակ՝ 350 հոգու ստորագրությամբ նամակ, որով խնդրում են ձերբազատել թատրոնը Կարեն Դուրգարյանից: Համեցեք՝ ցույց տամ: Սա փաստում է, որ Կարեն Դուրգարյանը մեր երեխան է եղել, ու ոչ ոք չի ուզեցել նրան բնաջնջի: Եթե մենք ուզենայինք նրան բնաջնջել, ապա միայն այն, որ նա՝ որպես դիրիժոր և որպես մարդ, խուլիգանի նման է իրեն պահել թատրոնում՝ հերիք էր, որ նրան հեռացնեինք:
– Պարոն Շահինյան, Դուք ասում եք, որ ձեռքի տակ է 2013թ. գրված նամակ՝ 350 հոգու ստորագրությամբ, որով խնդրում են ձերբազատել թատրոնը Կարեն Դուրգարյանից: Իսկ ի՞նչ փոխվեց վերջին երկու տարվա ընթացքում, որ նվագախումբը կանգնել ու պահանջում է Կարեն Դուրգարյանի վերադարձը:
– Իսկ դուք կարո՞ղ եք անհատապես լրագրողական հետաքննություն կազմակերպել և պարզել, թե նրա վերադարձը ցանկացող երաժիշտներն իրականում քանի հոգի են:
– Ես այսօր հանդիպել և զրուցել եմ նրանցից 7-8-ի հետ…
– Իսկ հնարավո՞ր է, որ մենք մնացած 113-ին բռնել էինք շենքի ներսում ու բաց չէինք թողնում այնտեղից:
– Չեք հավատա, բայց իրենք հենց էդպես էլ մեկնաբանում էին:
– Թատրոնի ծառայողական մուտքի առաջ հավաքված լրագրողների հետ խոսելուց հետո ինքս ներս մտա ու հարցրեցի՝ էրեխեք ջան, իսկ ինչո՞ւ բոլորդ դուրս չեք գալիս՝ պատասխանն ուշադիր լսեք, ասացին՝ ցուրտ է… Հասկացաք, չէ՞… Նրանք իրականում այդ չէին ուզում ասել, այլ այն, որ ասելու բան չունեն:
– Իսկ որքա՞ն մարդ կար ներսում՝ ցրտից վախեցող:
– Նվագախմբի անդամների մնացած 98 հոգին, իսկ օրկեստրում 113 հոգի են:
– Այսինքն, այնուամենայնիվ, նվագախմբի բոլոր 113 անդամներն էլ պատրաստվում էին մասնակցել մամուլի ասուլիսին, եթե դա, իհարկե, տեղի ունենար:
– Այդ 113 հոգին այսօր եկել են աշխատանքի և իմացել են, որ իրենց անունից մամուլի ասուլիս է կազմակերպվել: Վերջում հատուկ ձեզ համար մի գեղեցիկ բան եմ ուզում ասել՝ որպես նվեր, դուք առաջինն եք, որ սա լսում եք՝ էքսկլյուզիվ հատուկ ձեզ համար:
– Ասեք, պարոն Շահինյան…
– Կարեն Դուրգարյանը թատրոնից երկու օր էր, ինչ հեռացել էր՝ օրկեստրն իրենց կամքով նրա «տաղանդավոր» նստեցումը փոխեց: Ինչո՞ւ պետք է նման բան լիներ, ձեզ եմ հարցնում: Նրանք վերադարձան 20 տարի առաջվա օպերային թատրոնի նստեցմանը: Ես հարց եմ տալիս, և, երբ այս հարցին որևէ մեկը կպատասխանի՝ այդ ժամանակ կուզենամ՝ բոլորով գաք ու միասին զրուցենք…
Տեղեկացնենք, որ դեռևս նախորդ տարի հայաստանյան մշակութային կյանքը եզրափակեցինք Ալ. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկիզբ առած աննախադեպ կառուցվածքային փոփոխություններով, որի արդյունքում Օպերայի և բալետի ազգային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում լուծարվեց գլխավոր դիրիժորի հաստիքը: Նվագախմբի երաժիշտները ոչ միայն անտեղյակ էին թատրոնի ներսում իրականացված նմանօրինակ փոփոխություններին, այլև պատրաստ չէին, ինչպես իրենք էին նշում՝ հրաժեշտ տալու սիրելի դիրիժորին: Նրանց պայքարը՝ հետ վերադարձնելու նախկին գլխավոր դիրիժորին, դեռևս շարունակվում է: Վերջին փորձն ավարտվեց նրանով, որ վերջիններիս կողմից Օպերային թատրոնի շենքում հրավիրված մամուլի ասուլիսը չկայացավ՝ տնօրինությանը նախապես պատշաճ կերպով չիրազեկելու պատճառաբանությամբ: Այնուամենայնիվ, 168.am-ի հետ զրույցում դիրիժորի եղբայրը՝ Վրեժ Դուրգարյանը, տեղեկացրեց, որ առաջիկայում Կարեն Դուրգարյանը կվերադառնա հյուրախաղերից և հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում երևույթներին կտա իրենց իսկական անունները՝ վերջնական պարզաբանում մտցնելով թատրոնի ներսում իրականացված կառուցվածքային փոփոխությունների առնչությամբ: