«Դաշնակցությունը լքում է իր թիմակիցներին. շատ տհաճ է դա»
«Կոալիցիան շատ լավ բան է, երբ կա բազմակուսակցական համակարգ։ Մեր երկրում չկա բազմակուսակցական համակարգ, իսկ միակուսակցական համակարգի պարագայում կոալիցիան լրիվ ուրիշ բնույթ է կրում՝ մոլորակ և արբանյակներ»,-այսօրվա ասուլիսին նշեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Ըստ նրա՝ մեր պետական էլիտան դուրս է եկել Կոմերիտական միությունից. «Ես լավ եմ հիշում այն թվականների կոմերիտականներին՝ նրանք դժգոհ էին Սովետական միության կարգերից ու նրանց համար իդեալականը սոցիալիստական երկրներն էին՝ Բուլղարիա, Չեխիա և այլն: Այդ բոլոր երկրներում ևս կար բազմակուսակցական համակարգ՝ կար մի կուսակցություն, որը անվանվում էր շարժիչ և գործող ուժ, և մնացածները: Մեր կուսակցական համակարգին նայելիս՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս մոդելն են ուզում ներդնել Հայաստանում: Վերջ ի վերջո, ի՞նչ է նշանակում կոալիցիա. ես շահագրգռված եմ քո մեջ, դու շահագրգռված ես իմ մեջ, ես չեմ կարող լուծել իմ ծրագրերն առանց քեզ, դու չես կարող լուծել քո ծրագրերն առանց ինձ: Կա՞ արդյոք այդ տեսակ մոտեցում, կարծում եմ՝ ոչ»:
Ռ. Բաբայանն ընդգծեց՝ կան տարբեր կուսակցական ուժեր, որոնք ուզում են ունենալ կարիերայում աճ. «Հիմա կարիերայում աճ գրանցելու համար պետք է պատկանել որոշակի քաղաքական ուղղվածության։ Դրա համար կոալիցիա բառը այդքան էլ չի համապատասխանում այն ամբողջ քաղաքական համակարգին, որ այսօր գործում է Հայաստանում: Մենք չենք հրաժարվել սովետական միակուսակցական համակարգից»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով էլ՝ Հայաստանում քաղաքական կոալիցիա պետք է ձևավորվի, երբ քաղաքական ուժերի ծրագրերի շուրջ ու մի նպատակի համար միավորվեն. «ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ծրագրերը անհամատեղելի են, ու ճիշտ կլիներ, որ նրանք լինեին մրցակիցներ: Փոխզիջման տեղ չկա նրանց մեջ։ Սոցիալական, քաղքական ծրագրեը նույնը չեն, գաղափարախոսությունը նույնը չէ, և եթե նրանք միավորվում են, դա ճարահատյալ է։ Նրանց հրամայված է ապաքաղաքականացնել քաղաքական կյանքը։ Դա ոչ քաղաքական ծրագիր է։ Մեր քաղաքականությունը արժեզրկվում է Մոսկվայից։ Ես ձայնս կտայի Դաշնակցությանը, եթե նա մրցակից լիներ։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է սոցիալականանա ու Դաշնակցությունը կարող էր դա անել։ Դաշնակցությունը լքում է իր սոցիալական թիմակիցներին, շատ տհաճ է դա»: