Չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստի նշանակման և վճարման գործող կարգը
2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ: Մայրության նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կայացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշումների՝ մայրության նպաստի գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ Նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այսպես՝ շահառուի անվամբ բանկում բացվում է բանկային հաշիվ և նպաստի գումարը փոխանցվում է այդ հաշվին: Շահառուն գումարը կարող է ստանալ՝ անձնագրով ներկայանալով բանկի ցանկացած մասնաճյուղ:
2016 թվականի փետրվարի 10-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է Հայբիզնեսբանկի և Հայէկոնոմբանկի միջոցով (այսօրվա դրությամբ միայն այդ բանկերն են կնքել համապատասխան համաձայնագիր):
Առաջիկայում համապատասխան համաձայնագիր կկնքվի նաև Արդշինբանկի հետ (ժամկետների մասին կտեղեկացվի լրացուցիչ):
Վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ շահառուին կտրվի հետադարձ տեղեկատվություն, իսկ շահառուն հնարավորություն ունի ցանկացած ժամանակ փոխել բանկը: Միաժամանակ, քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ վերը նշված ընթացակարգով նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի շրջանակներում շահառուն կարող է բանկն ընտրել իր ցանկությամբ:
Պայմանագիր կնքած բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ Ծառայության տարածքային բաժիններում և Ծառայության կայքում:
Անցումային շրջանում պատճառած անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին