Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է ռուս գեներալների ոչնչացման մասին

Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում՝ Սիրիայի Թուրքմանդաղի շրջանում, սպանվել են սիրիացի ու ռուս 15 զինծառայողներ, որոնցից 8-ն ունեցել է գեներալի կոչում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով սիրիական ընդդիմությունում իր աղբյուրին:

Այդ տեղեկության համաձայն՝ Ասադի բանակի բարձրաստիճան սպաների ու ռուսական բանակի ներկայացուցիչների հանդիպման վայրը զինված հարձակման է ենթարկվել: Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին՝ երեկոյան ու նվիրված է եղել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկմանը, ինչպես նաև հետագա քայլերի պլանավորմանը:

«Զինված ընդդիմադիրները ոչնչացրել են 15 զինվորականների, ներառյալ 4 ռուս ու 4 սիրիացի գեներալների: ՌԴ Զինված ուժերի սպանված սպաներից մեկը Յուրի անունով գեներալ-լեյտենանտ է, որը կոորդինացնում էր Թուրքմանդաղի ուղղությամբ հարձակումները: Ռուսական բանակի մյուս 3 սպաներն ունեցել են գեներալ-մայորի կոչումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայտնի են դարձել նաև Ասադի բանակի երեք գեներալների անունները՝ Ամեդ Մունզուր, Ալի Ջաբիր և Ալի Ումրան: Այս տեղեկությունը հաստատում է նաև CNN TÜRK-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ գաղտնի խորհրդակցության գնդակոծության հետևանքով իբր սպանվել է 1 ռուս ու 5 սիրիացի գեներալ:

Մինչ այդ, ՌԴ ՊՆ-ն հաստատել է ընդամենը 1 ռուս ռազմական խորհրդականի մահվան փաստը:

«Ռուս ռազմական խորհրդականը օգնություն էր ցուցաբերում Սիրիայի բանակին ու սովորեցնում նոր սպառազինությունների յուրացումը, որը մատակարարվել էր գործող միջպետական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս