Իրական Նավասարդ Կճոյանը սուսլիկ է սպանել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին մի գովազդային ֆիլմ է վերջերս նկարել ինչ-որ «Aratta cinema» կոչվող ստուդիա։ Ֆիլմը կոչվում է «Իրական Նավասարդ Կճոյանը»։ Չէ, իհարկե, «Բենթլիի», Փայլակի-օֆշորի պատմության եւ այլ տխուր բաների մասին ֆիլմում ոչ մի բառ չկա։ Դրա ողջ ընթացքում Նավասարդ Կճոյանի մասին գովեստներ են հնչեցնում նրա ծանոթները, ընկերները, կամ էլ իրենց թվում է, թե իրենց հնչեցրածը գովեստ է։

Օրինակ, Սիոն եպիսկոպոս Աղամյանը պատմում է, թե ինչպես են եկեղեցականներով գնացել որսորդության։ «Արմավիրի քաղաքապետի հրավերով գնացինք որսորդության։ Մենք չգիտեինք զենքով կրակել, ու Նավասարդը, որ սովետական բանակն էր անցել, լավ էր կրակում»։ Որսորդության մյուս ընկերը՝ Գրիգոր Մեսրոպյանը, հրճվանքով նկարագրում է, թե ինչպես էր Կճոյանը սուսլիկներ սպանում։ «Փոքրիկ բլրակներ կային, կրակում էինք,– ասում է նա,– սուսլիկներ կային, փոքր, մի տասը սանտիմետր էին երեւում գետնի վրա, գլուխը դեռ չէր բարձրացրել, հայր սուրբը խփեց դրան։ Մի կողմով մտել, մյուս կողմով դուրս էր եկել»,– ասում է որսորդը՝ ծիծաղելով։

Իսկ կադրերի տակից կամաց, դանդաղ դասական, վեհ երաժշտություն է հնչում՝ հարմար ձայնային ֆոն աստծո էակների սպանդի համար։ Ի դեպ, սուսլիկներին Նավասարդ Կճոյանը կրակել է հենց այնպես, «կայֆի» համար։ Դժվար է պատկերացնել, որ Արարատյան թեմի առաջնորդը սուսլիկի միս է ուտում կամ դրա մորթու կարիքն ունի։ Չնայած որսորդները վստահեցնում են, որ սուսլիկը շատ էլ համով միս ունի։ Ամեն դեպքում, Նավասարդ Կճոյանի ընկերներն ու ծանոթները առաջնորդվել են Նավասարդի մասին «կամ լավը, կամ ոչինչ» սկզբունքով։ Ֆիլմի հեղինակները նույնիսկ իրենց պարտքն են համարել տողատակում մի տեղ գրել, որ Կճոյանը հրաժարվել է նկարահանումներից, եւ որ օգտագործվել են միայն արխիվային նյութեր։ Այդ արխիվային նյութերը նրանք մոնտաժել են՝ տարբեր գեղարվեստական հնարքներ օգտագործելով։ Հիմնականը սեւ ծիտն է՝ ագռավ է, թե արծիվ, Աստված գիտի, բայց Նավասարդի սեւ սքեմը մեկ էլ թռչուն է դառնում ու ֆիլմի տարբեր դրվագներում հանկարծ հայտնվում։ Այս նույն ծիտիկով էլ ֆիլմն ավարտվում է։ Հետաքրքիր հնարք է, մանավանդ, որ մի տեղ պատմում են, թե ոնց էր Նավասարդ Կճոյանը « Черный ворон что ты вьесшя над моею головой» երգը կատարել։

«Սրբազանը կատարեց «Չյոռնի վառոն» երգը, շատ տպավորիչ է այդ պահը»։

Մի խոսքով, ֆիլմը դիտելիս մտածում ես՝ դե, տղա է, էլի, բանակ է գնացել, որսի, լավ երգել է, հեծանիվ է քշել իր համար, ոչ «Բենթլի»։ Ընկերներից մեկը պատմում է, որ մի անգամ Կճոյանի հետ մի քանի հոգով հանգստացել են լողափում։ Տղաներից մեկը մտել է ջուրը լողալու ու իր կարողությունները ցուցադրելու։ «Հայր սուրբը ձայն չհանեց, սա եկավ, գլուխ էր գովում, հայր սուրբը հանվեց, արագությամբ հասավ լճի վերջը, հետ եկավ ու ասեց՝ պետք է ոչ միայն խոսել, այլ նաև անել»։ «Կյանքի» տաղ է եղել, մի խոսքով»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս