«Հայերը սերնդեսերունդ փոխանցվող պոստրոմատիկ սթրեսի գենետիկական կոդի կրողն են»

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանն (Levon Bachdasarian) ազգությամբ այն եզակի հայ գիտնականներից է, ով երկարատև ուսումնասիրությունների արդյունքում սեղանին է դրել բացառիկ նշանակության աշխատանք, որն անմիջական կապ ունի Հայոց ցեղասպանության հետևանքների հետ: Իսկ ավելի կոնկրետ՝ գիտականորեն ցույց է տալիս Ցեղասպանության ազդեցությունը՝ գենետիկայի, ինչպես նաև՝ շրջապատող միջավայրի, երկրագնդի վրա: Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի առնչությամբ Լ. Բաղդասարյանի անմիջական մասնակցությամբ Հայաստանում կազմակերպվեց և անցկացվեց միջազգային առողջապահական «Stress and Behavior» ամենամյա կոնֆերանսը՝ պոստրոմատիկ սթրեսների (Post-Traumatic Stress) վերաբերյալ: Կոնֆերանսի հիմնական թեման եղավ ցեղասպանությունների ազդեցությունը գենետիկայի վրա, ինչպես նաև՝ դրանց հասցրած առողջական վնասներն ու շարունակական բնույթը:

Լևոն Բաղդասարյանն արդեն մոտ 7 տարի աշխատում է «Metris B.V.» հոլանդական գիտահետազոտական կենտրոնում` որպես տեխնիկական գծով ղեկավար: Վերջերս նա Հայաստան էր այցելել, և մեզ հաջողվեց զրուցել նրա հետ, հասկանալ, թե ի՞նչ առողջական վնասներ է հասցրել Ցեղասպանությունը, և թե որքանո՞վ է դրա շարունակական բնույթն անդրադարձել ժամանակակից սերնդի վրա:

– Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է պոստրոմատիկ սթրեսը, և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ գենետիկայի վրա:

– Ցեղասպանություններն առաջացնում են պոստրոմատիկ սթրեսներ, բժշկական տերմինով` Post-Traumatic Stress Disorder (PTSD): Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ PTSD դիագնոզն ազդեցություն է ունենում մոլեկուլյար գենետիկայի վրա և տեղափոխվում ցեղասպանություն տեսած-ապրածների հաջորդ սերնդի վրա: Այնուհետև հաջորդ սերունդն էլ, իր հերթին, գեների միջոցով, այն փոխանցում է իրեն հաջորդող սերնդին: Շարունակությունը շատ երկար է տևում, և այդ սթրեսը բացարձակ չի անհետանում, նույնիսկ 7-րդ սերնդից հետո:

Սա, իհարկե, չափազանց տարողունակ թեմա է, դեռևս ուսումնասիրության արժանի, և դա է պատճառը, որ հետազոտություններն այս թեմայի շուրջ դեռ շարունակվում են Յուտայի համալսարանի գենետիկայի բաժնում (University of Utah, USA, Canada), Հոլանդիայի Universiteit van Utrecht և այլ համալսարաններում: Ի դեպ, հետազոտությունների մեջ օգտագործվում է «Metris B.V.»-ի Laboras սարքը`«Feer conditioning Protocol»-ի հետազոտման համար:

– Որքանո՞վ են այդ հետազոտությունները հասանելի մեր երկրի համար:

– Եթե դիտարկենք զուտ տեղեկատվական մակարդակով, ապա այս թեմայի առնչությամբ ես Երևանում գիտական կոնֆերանս եմ կազմակերպել, հանդիպում եմ ունեցել նաև Ղարաբաղում, որին դեռ կանդրադառնանք: Իսկ գիտական տեսակետից վիճակը մեզ մոտ, մեղմ ասած, ցավալի է: Տպավորություն է, թե Հայաստանը երկրագնդի քարտեզից դուրս ինչ-որ տեղ է մնացել: Գիտությունը, ինքնին՝ որպես նորարարությունների, հետազոտությունների օղակ, կամ գոնե եղածի հետնորդ՝ գոյություն չունի: Եթե չկան միջազգային կապեր, չկա նաև ինֆորմացիա այն մասին, թե ի՞նչ է կատարվում դրսում: Հայ գիտնականները գրեթե չեն մասնակցում միջազգային կոնֆերանսներին, այնինչ ես՝ որպես բազմիցս նման կոնֆերանսների մասնակցության փորձ ունեցող մեկը, տեսնում եմ, որ տարածաշրջանից և նույնիսկ Ադրբեջանից մասնակցող գիտնականների թիվը զգալի է: Հայաստանից երբեք որևէ մեկին չեմ հանդիպել նման գիտական կոնֆերանսներում:

– Կարծում եմ, որ այս իրողությունն ուղիղ համեմատական է Հայաստանում գիտության մակարդակի մինիմումին, թե՞ սխալվում եմ:

– Ամենացավալին այն է, որ հեռանկարները, թե ինչ-որ բան կփոխվի, դեռ չեն երևում: Գիտե՞ք՝ ինչ տեղի ունեցավ, երբ 2013 թվականի սեպտեմբերի 20-21-ը 12 տարբեր երկրներից ժամանած մեծ թվով գիտնականների մասնակցությամբ ցեղասպանության գենետիկ հետևանքների առաջացմանը նվիրված գիտական կոնֆերանս կազմակերպեցի այստեղ՝ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Դա մի պատմություն է, որ նույնիսկ բառերով նկարագրելն է ամոթալի: Դեռ դրանից մեկ տարի առաջ՝ 2012թ., մենք հանդիպում ունեցանք Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ և ներկայացրեցինք, թե ի՞նչ ծրագրեր ենք նախատեսել, ի՞նչ ենք պատրաստվում անել 2013 թվականին:

Մենք նրան տեղեկացրեցինք նաև, որ դա առաջին նմանօրինակ նախաձեռնությունն է լինելու, որը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանում: Նա մեզ լսեց, հավաստիացրեց, թե օգնելու է, բայց չանցած կարճ ժամանակ՝ սկսվեց անհեթեթությունների մի շարք, որի մեկնարկը Հայկ Դեմոյանի կողմից տրվեց այն հայտարարությամբ, որ կոնֆերանսի անցկացման ժամանակահատվածում ինքը Հայաստանում չի լինելու, և կոնֆերանսին մասնակցելու հանձնարարական տվեց իր տեղակալին՝ Սուրեն Մանուկյանին:

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Ս. Մանուկյանը՝ լինելով պատմագետ, կոնֆերանսի ժամանակ ցանկություն հայտնեց ելույթ ունենալ մի հոդվածով, որտեղ նշվում էր, թե ամբողջ թուրք ազգը կոտորել է հայերին: Անկասկած, թուրք ազգի մեծամասնությունն է ներքաշված եղել Ցեղասպանության գործում, բայց նման բան չէր կարող լինել, որ ամբողջ թուրք ազգը ներգրավված լիներ այդ ողբերգությանը, իդեալական ոչինչ չկա այս կյանքում: Վերջինիս խորհուրդ տվեցին փոխել մեկնաբանության տեսակետը, և դա առիթ հանդիսացավ այն բանի, որ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ամբողջությամբ ձեռքերը լվանա այդ կոնֆերանսից և հրաժարվի նախնական պայմանավորվածություններից:

Կարճ ասած, այս ամենը սկսեց իրենց չհետաքրքրել, և իրենց այդ կեցվածքը նրանք մեկնաբանեցին մոտավորապես այսպես՝ դուք ո՞վ եք, որ մեզ թույլ չտաք նման ելույթով հանդես գալ: Արդյունքում՝ նրանք մեզ ընդհանրապես ոչնչով չաջակցեցին, և ավելին՝ նույնիսկ թանգարան-ինստիտուտի դռները չբացեցին, որ տարբեր երկրներից ժամանած հյուրերը հնարավորություն ունենային մտնելու թանգարան՝ պատճառաբանելով, թե ազգային տոներ են, և թանգարանը փակ է:

– Որտեղի՞ց էին հյուրերը:

– ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռումինիայից… հեղինակավոր համալսարաններից Հայաստան ժամանած գիտնականներ էին, ովքեր ուսումնասիրում են Ցեղասպանության գենետիկ հետևանքները: Հուշահամալիրում նախապես պլանավորված ծաղկեպսակների տեղադրման արարողություն կար, որին հայկական կողմը ներկայացնող կոնֆերանսի բոլոր մասնակիցները, չգիտես ինչու, որոշեցին չմասնակցել: Ստացվեց այնպես, որ այդ արարողությանը մասնակցեցին միայն արտերկրներից ժամանած մասնակիցները: Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նարիա Այվազյանն այդ արարողության միակ հայ մասնակիցն էր: Դրանից հետո ինձ մոտեցավ Ռումինիայի ներկայացուցիչը և հարցրեց, թե մեզ մոտ այս հուշահամալիր գալը ձևական բնո՞ւյթ է կրում … ես, իհարկե, ամբողջությամբ պատկերացրեցի, թե սա ի՞նչ էր նշանակում մեզ համար: Շատ ցավալի էր, իհարկե, երբ դա բոլորն են տեսնում:

– 2015թ., այնուամենայնիվ, եղա՞ն հանդիպումներ, ինչպես որ պլանավորված էր Ստեփանակերտում:

– Այո: Դա եղավ Լեռնային Ղարաբաղի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ հանդիպում Ստեփանակերտի ուսանողների հետ: Այդ հանդիպումից ես ինքս շատ գոհ էի, ուսանողների հետ ինտերակտիվ կապ ստեղծվեց: Հանդիպմանը ներկա էին նաև մեծ թվով զինվորներ: Գլխավոր թեման, իհարկե, Ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր, բայց հատուկ զինվորների համար քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ ինչպե՞ս է աշխատում մարդու նարդային համակարգը, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ սահմանի վրա ոգելից խմիչքի օգտագործումը, ի՞նչը կարող է խաթարել մարդու նյարդային համակարգը, և, թե ի՞նչ պետք է անի մարդը՝ առավել զգոն լինելու համար, ի՞նչ զգայարաններ են պատասխանատու զգայունության պահպանման պրոցեսում, և, թե ո՞ր զգայարաններն է պետք ավելի զարգացնել՝ առավել զգոն լինելու համար:

– Եթե անդրադառնանք բուն թեմային, այն է՝ պոստրոմատիկ սթրեսը և դրա ազդեցությունները, ապա Ցեղասպանությունն ի՞նչ գենետիկ հետևանքներ կարող է ունենալ ազգի մտածողության վրա:

– Դա դեռևս բավականին լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Հետևանքները հասկանալու համար նախ՝ պետք է ամփոփել, թե ի՞նչ ենք մենք մինչև հիմա արել այս ուղղությամբ և ի՞նչ չենք արել: Ցեղասպանությունից հետո տեղի են ունենում զարգացման մի քանի էտապներ, որոնցից միայն մի քանիսն ենք մենք իրագործել և կանգ առել որոշակի կետի վրա:

Առաջին կատարված ակտի փուլը, որ մենք իրականացրել ենք Ցեղասպանությունից հետո, դա տեռորի փուլն էր՝ Ասալայի գործունեությունը: Դրանից հետո եկել է երկրորդ էտապը՝ միտինգներ, ցույցեր, բողոքներ: Դրան պետք է հաջորդեին մնացյալ՝ էկոլոգիական, էթնիկական, իրավաբանական, PR էտապները, որոնց ուղղությամբ նույնպես ոչինչ արված չէ:

Ստացվում է, որ մենք հիմա կանգնել ենք երկրորդ էտապի վրա, որն է՝ 30-ական թվականները, ու այլևս առաջ չենք շարժվել: Այս առումով, թերևս, հատկանշական տարեթիվ էր նաև Ազգային զարթոնքի տարիները՝ 60-ականները, բայց դա հիմնական իմաստով ազդեցություն ունեցավ զգայական մակարդակի վրա: Այսինքն՝ այս երևույթն իր բնական զարգացման բոլոր սահմանված էտապներն այդպես էլ չապրեց:

– Իսկ ի՞նչ էր պետք անել երկրորդ էտապից հետո, և որո՞նք էին մնացյալ էտապները:

– Պետք է շատ արագ կազմակերպչական կոմիտեներ ստեղծվեին՝ լուրջ հետազոտություններ անելու համար: Այսինքն՝ մենք պետք ունեինք մեծ թվով ասպիրանտների, պատմաբանների, ովքեր համակողմանի և համակարգված ուսումնասիրություններ կսկսեին՝ 1895 թվականից՝ Աբդուլ Համիդի կողմից իրականացված ջարդերից՝ մինչև բուն Ցեղասպանության դեպքերը: Դրան զուգահեռ՝ պետք էր տնտեսական լայնածավալ հետազոտություններ կատարվեին՝ սկսած Ցեղասպանությունից՝ մինչև մեր օրերը, հասկանալու համար, թե ի՞նչ ֆինանսական միջոցների են տիրապետել Ցեղասպանությանը զոհ գնացած հայտնի հայերը:

Չէ՞ որ հայտնի փաստ է՝ այդ ժամանակ թուրքական բանկերի մեծ մասը հայերի ձեռքում էր: Մեծ ու դեռևս չպարզաբանված հարց է, թե ի՞նչ եղան նրանց ֆինանսական հսկայական միջոցները մահից հետո: Դրան զուգահեռ՝ պետք է բժշկական լուրջ ուսումնասիրություններ կատարվեին: Էական իմաստով բաց է մնացել նաև քաղաքական հետազոտությունների էտապը, որ մասնակիորեն կատարվել է զուտ արտասահմանյան երկրների մակարդակով և ոչ հայկական կողմի: Կամ թե՝ քաղաքական առումով ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ Սովետական Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ հանրապետության կողմից, և կարելի է հասկանալ, որ այդ տարիներին թեման փակ էր: Այդ տարիների միակ նկատելի ձեռքբերումը Զարթոնքի կարճատև վերելքն էր և Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը, ուրիշ ոչինչ չի արվել:

– Իսկ ի՞նչ է արվել Անկախության տարիներից ի վեր՝ մինչև մեր օրերը:

– Ոչինչ չի արվել, բացարձակ ոչինչ:

– Դուք վստա՞հ եք ասում՝ ոչինչ:

– Այո, իհարկե, որովհետև բացահայտ իրականություն է այն, որ որևէ արժեք ներկայացնող քայլ չի կատարվել այս ուղղությամբ: Իհարկե, Եվրոպական խորհրդին որոշակի բողոքներ են ներկայացվել, այն էլ՝ զուտ թղթի վրա: Որևէ լուրջ աշխատանքներ չեն կատարվել: Այդ աշխատանքներում պետք է ամբողջությամբ ընդգրկված լինեին երկրի խոշորագույն և կարևոր գերատեսչությունները՝ նախարարությունները, Գիտությունների ակադեմիան, տեղական և ինտերնացիոնալ մեծ ինստիտուտները, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատները, արտերկրներում գործող «Ապրիլ 24»-ի բոլոր կոմիտեները, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, PR և մեդիա բոլոր ռեսուրսները:

– Ձեր կարծիքով՝ թվարկած բոլոր այդ կառույցները որևէ աշխատանք չե՞ն կատարել:

– Շատ քիչ: Լուրջ և համակարգված աշխատանք չի արվել, և ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Օրինակ, դեռ առաջին՝ պատմական էտապում, պետք էր գտնել Ցեղասպանության բուն պատճառները, որոնք չեն արվել: Որևէ մի տեղ չկա կոնկրետ քննարկում, գիտահետազոտական ուսումնասիրություն այն մասին, թե որոնք են եղել Ցեղասպանության հիմնական պատճառները:

– Թուրքական կողմը հստակ դիրքորոշում ունի՝ մեջբերելով Առաջին համաշխարհային պատերազմը, իրենց տեսակետն այս առնչությամբ հայտնի իրողություն է՝ Թուրքիան ոչ թե ցեղասպանել է, այլ տարհանել՝ մի տեղից մյուսը, որի ընթացքում մասնակի ջարդեր են եղել, և վերջ:

– Թուրքիան, իհարկե, հենց այնպես չի բղավում Առաջին համաշխարհային պատերազմի մասին: Ըստ իրենց վարկածի՝ Ռուս-թուրքական պատերազմի ֆոնին սահմանի վրա ստեղծված էր ծանր մթնոլորտ, որի ընթացքում հայերը սատարել են ռուսական կողմին: Այս առումով, սակայն, պետք է նշեմ, որ, օրինակ, թուրք բժիշկները մեծամասամբ ընդունում են Ցեղասպանության իրողությունը: Ի վերջո, իրենց ազգի ներկայացուցիչների մոտ ևս պոստրոմատիկ սթրեսի լուրջ հետքեր կան, որովհետև այդ սթրեսի կրողը ոչ միայն ցեղասպանված կողմն է, այլև կատարողը՝ ցեղասպանողը:

Ի վերջո, այդ աներևակայելի ոճրագործություններ կատարողները նույնպես այդ սթրեսի ենթականերն են եղել: Սա գրանցված փաստ է նրանց բժշկական պատմությունների մեջ: Ի դեպ, ոճրագործություն կատարողների՝ հիմնականում գեներալների 10%-ը հետագայում դարձան փախստականներ և արտագաղթեցին տարբեր եվրոպական երկրներ՝ Գերմանիա, Անգլիա, և այլուր: Բացահայտվեցին նաև, որ իրենց մոտ ուղեղի հետ կապված լուրջ խնդիրներ, խաթարումներ են տեղի ունեցել, որոնք իրենց արտահայտությունն են ունեցել երազների, մղձավանջների տեսքով:

– Եթե խոսենք պոստրոմատիկ սթրեսի ազդեցությունից, ապա մեզ վրա դա ի՞նչ հետևանքներ է ունեցել:

– Դա գենետիկորեն թողած կոդ ունի մեր սերունդներում, որը փոխանցվում է սերնդից սերունդ: Խոսենք կոնկրետ օրինակներով. ասում ենք, չէ՞, որ հայերը խուճապային են, այլ կերպ ասած՝ «պանիկյոր»: Մենք միանգամից անհանգստանում ենք այս կամ այն իրողությունից, թեթև ցնցումը մեզ համար կարող է լուրջ բարդությունների տեղիք տալ: Դրա հիմնական պատճառը Ցեղասպանության արդյունքում կրած պոստրոմատիկ սթրեսի հետևանքներն են: Դրանք պաթոլոգիաներ են, որ մտել են մարդու հոգեբանության մեջ, և հաջորդ սերունդներում նույնպես դա հստակ ի հայտ է գալու:

– Այսինքն, Դուք՝ որպես այս թեման տարիներ շարունակ ուսումնասիրած գիտնական, հաստատում եք, որ հայ ժողովուրդը մինչև Ցեղասպանությունը բոլորովին այլ հոգեբանական նկարագրի կրո՞ղ է եղել:

– Այո, իհարկե, և, անկասկած, հենց այդպես է եղել: Մինչ այդ արհավիրքը հայերն ավելի կայուն են եղել որոշումներ կայացնելիս, ավելի սթափ են եղել իրավիճակները գնահատելիս: Սա, իհարկե, համեմատական առումով, չնայած այն հանգամանքին, որ հայերը միշտ պատերազմական իրավիճակներում են եղել, բայց, միևնույն է, այս կարգի պաթոլոգիկ, սթրեսային լարված, անհավատ, հուսախաբ, ինքնությունից կտրված իրավիճակներում չեն եղել:

– Այս բնութագիրը, որ հիմա տալիս եք, արդյո՞ք բնորոշ է նաև հայ քաղաքական էլիտային:

– Իհարկե: Նրանք այս ժողովրդի բաղկացուցիչ մասն են և նույն չափով՝ նաև կրողը պոստրոմատիկ սթրեսի:

– Որո՞նք են այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում կարող է առաջանալ պոստրոմատիկ սթրեսը:

– Պոստրոմատիկ սթրեսն ունի առաջացման 4 պատճառ՝ ցեղասպանությունները, պատերազմները, բռնությունները և տեռորիզմը: Իհարկե, պոստրոմատիկ սթրեսի ամենաուժգին աղբյուրը եղել և մնում է ցեղասպանությունը, որովհետև այդ սթրեսի ուժգնությունն ու տևողությունը երկար է պահպանվում, երկրորդ տեղում բռնություններն ու բռնաբարություններն են, երրորդում՝ տեռորիզմն է, և միայն չորրորդ տեղում պատերազմներն են: Ըստ իս, պատերազմը՝ որպես պոստրոմատիկ սթրեսի աղբյուր, ամենաթույլն է, որովհետև երկու կռվող կողմերն էլ զինված են՝ հոգեբանական առումով պատրաստ իրականությանը: Մյուս բոլոր դրսևորումներում մի կողմն անպայման անպաշտպան է:

– Կա՞ արդյոք վիճակագրություն, էվոլյուցիոն պատկեր, թե ո՞ր թվերին պոստրոմատիկ սթրեսն ի՞նչ զարգացումներ է ապրել հասարակության տարբեր շերտերում:

– Այո: Կախված մեծ պատերազմների, բռնությունների և թվարկածս մյուս երևույթների հաճախակիությունից, պոստրոմատիկ սթրեսի զարգացման ամենաբարձր կետը համարվում է հետպատերազմյան 60-ական թվականները՝ միլիոնավոր պատերազմի մասնակիցների առկայությամբ, որոնց մոտ ևս նկատելիորեն առկա է եղել պոստրոմատիկ սթրեսը՝ իր բոլոր դրսևորումներով: Բնական է, դրա հետևանքներն ավելի երկար տևեցին, և հենց այդ էր հիմնական պատճառը, որ նույն 60-ականներին հիմք դրվեց պոստրոմատիկ սթրեսի՝ որպես գիտության, առանձին ճյուղի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս