«Մեզ պետք է երկու անգամ մտցնեին զուգարանակոնքի մեջ և թաթախեին այդ կեղտաջրով, բայց մեկ անգամ արեցին». Աշոտ Մանուչարյանը՝ Եվրոպայի և հանցավոր խմբի մասին
«Աշխարհը գնալով ավելի ու ավելի շատ է տեղափոխվում ցնցումների շրջան, որովհետև մարդկությունը ստեղծել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, ընդ որում, հեռանալով իր մարդկային էությունից՝ ստեղծել է այնպիսի հարաբերություններ ու արժեքներ, որտեղ իշխում և գերիշխում է փողը՝ հրահրելով պատերազմներ», – այսպիսի տրամադրությամբ հրավիրված ասուլիսում սկսեց իր խոսքը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական-տնտեսական իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին:
Բանախոսը կանխատեսում է, որ առաջիկայում մեզ սպասվում են վերոնշյալ տենդենցների ուժգնացում, շատ բաներ, ըստ նրա՝ փլուզվելու են, ավելին՝ մենք արդեն իսկ փլուզման գոտում ենք, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանն իր շահերն ու համագործակցության բարենպաստ պայմանները որոնում է Եվրոպական միության ներսում.
«Մենք ստեղծել ենք մի պետություն, որը ոչնչացնում է հայրենիքը, մենք ստեղծել ենք այնպիսի մի արժեհամակարգ, որը մեզ անդադար բզկտելով՝ շուրջբոլորն ատելության մթնոլորտ է տարածում: Մենք փլուզման վայրում փորձում ենք գտնել բարձրագույն արժեքներ: Այդպիսի ողբերգական վիճակում է ողջ Եվրոպան, որովհետև նույն արժեհամակարգը, այն էլ՝ ավելի խայտառակ դրսևորումներով, իշխում է այնտեղ»:
Աշոտ Մանուչարյանը, հիմնավորելու համար իր այս տեսակետը, լրագրողներին առաջարկեց առարկայական անդրադարձ կատարել բոլորովին վերջերս Եվրոպական խորհրդում տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ հակահայկական որոշում ընդունվեց Հայստանի վերաբերյալ.
«Եկան այստեղ ու բարձրագոչ հայտարարություններ տարածեցին (նկատի ունի ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներին.- Ն.Մ.), թե՝ մենք գնացինք բարձր Եվրոպա, մենք այնտեղ հաղթանակ տարանք… մեզ պետք է երկու անգամ մտցնեին զուգարանակոնքի մեջ և թաթախեին այդ կեղտաջրով, բայց մեկ անգամ արեցին, իսկ արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ՝ Եվրոպան դուրս գրեց մի թուղթ, ըստ որի՝ պարզ դարձավ, որ ազատագրված տարածքներում վերաբնակեցված փախստականներին օրինական հիմքերով են սպանում, և մեր զինվորներին, որ սահմանին կանգնած պաշտպանում են նրանց, ևս օրինական կերպով են սպանում: Ահա սա էր Եվրոպական խորհրդի վերջին որոշումը, որը պատճառաբանվում էր օկուպացված տարածքների առկայությամբ: Ստացվում է, որ մենք օկուպանտ ենք, որովհետև, փաստորեն, իրենք ներկայացրեցին մի զեկույց, ըստ որի՝ հայերն օկուպացրել են Ադրբեջանի տարածքները, մինչդեռ այդ պատմությունը սկիզբ է առել այն պարզ իրողությամբ, որ 1988-92 թթ. ողջ Ադրբեջանի տարածքում միտումնավոր բնաջնջվել են հայերը, դա ցեղասպանություն է եղել: Եվ սա Եվրոպան անում է իր սեփական, ֆինանսական բնույթի շահերը հետապնդելու նպատակով: Ահա սա է ձեր բարձր Եվրոպան: Այս ամբողջը ձևավորվում է կողոպուտի աշխարհի կողմից, կողոպուտի աշխարհի համար: Սա էր բանաձևը՝ առաջարկված քաղաքակիրթ մարդկության կողմից»:
Բանախոսը, որպես փլուզվող հասարակության հակակշիռ՝ օրինակ բերեց մի քանի երկրներ, որտեղ արժեքային համակարգը թեև խաթարումներ ունի, բայց դրանք արմատական բնույթ չեն կրում և որևէ կերպ չեն խոչընդոտում տվյալ երկրների բնականոն զարգացման ընթացքին.
«Օրինակ, Իրանում, Չինաստանում, Հնդկաստանում, Լատինաամերիկյան որոշ երկրներում այդպես չէ: Նրանք գիտակցում են, որ փողից ավելի բարձր արժեք է Հայրենիքը, Աստված, Մարդը, և այլն: Եվ պատահական չէ, որ նրանք դեռ կառուցելու են իրենց Հայրենիքը և ստեղծելու են բարենպաստ պայմաններ իրենց երկրի քաղաքացիների համար: Եվ որքան մենք փորձենք ավելի մտերիմ և բարձրակարգ հարաբերություններ հաստատել հենց այդօրինակ երկրների հետ, այնքան մեզ մոտ առաջխաղացման հնարավորությունները տեսանելի կլինեն»:
Անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցավոր խմբի գործով վերջին զարգացումներին՝ Աշոտ Մանուչարյանը ներկայացրեց իր տպավորությունները.
«Բռնում են մի խումբ և հայտարարում են, որ այդ խումբն ուզում էր իրենց սպանել, զավթեր շենքեր և իշխանություն, հետո սկսում ես ձերբակալել մարդկանց, որը մեկնաբանում ես այսպես, թե իբր՝ աջակիցներն են այդ բանդայի: Հետո սկսում ես կալանքի տակից հերթով ազատել ահաբեկչական խմբի անդամներին, իսկ այսպես ասած՝ աջակիցներին պահում ես… Ուրեմն, եթե «սպանողներին» բաց ես թողնում, իսկ «աջակցողներին» պահում ես, ապա, կներեք, ինձ մոտ արդեն կասկած է առաջանում, որ այդ խումբն ուրիշ ֆունկցիա ունի: Որքանով ես եմ հասկանում՝ այստեղ անցկացվել է մարդկանց հայացքների տոտալ ստուգում և պարզվել է, որ ամենամերձավոր մարդիկ, ում վրա Սերժ Սարգսյանը համարում էր, որ, առաջին հերթին, կարող էր հենվել և հույս դնել, այդ մարդիկ հայտնվել են կասկածելի կապերի մեջ՝ հանցավոր խմբի հետ: Սա Սերժ Սարգսյանի համար մեծագույն անձնական ողբերգություն է, որովհետև պարզվում է՝ իր ամենամերձավոր շրջապատից շատ-շատերը, այսպես թե այնպես, դրական արձագանք են տվել այդ խմբի անդամների առաջարկներին: Սերժ Սարգսյանը ձերբակալելով եկել է և հասել մի տեղ, որտեղ ձերբակալությունները տարբեր պատճառներով բացառված են, և ինքը, զուտ՝ որպես մարդ, ով էլ որ լինի ու ինչ որակներ էլ որ ունի, պետք է նստի, գլուխը պինդ բռնի ու հասկանա, թե ի՞նչ է տեղի ունեցել, թե ո՞նց է նա հասցրել երկիրն այս վիճակին: Այսպիսի հարցերը լուծվում են մարդկանց հետ խոսելով, ձերբակալելով միայն թշնամանքն է ավելացնում, առանց այն էլ դրա ավելցուկն արդեն իսկ կա»: