«Դոլմամայի» օտարման վերաբերյալ գործի քննությունը վերսկսվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերսկսել «Դոլմամա» ռեստորանային համալիրի սեփանականատեր Ժիրայր Ավանյանի դեմ ներկայացված երկու հայցերի քննությունը:
Դատարանը երկու գործով էլ նշանակել էր վճռի կամ որոշման հրապարակման օր, և խորհրդակցական սենյակում ուսումնասիրելով առաջին գործի նյութերը՝ հանգել էր հետևության, որ քաղաքացիական գործում անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել ապացույցները և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները: Երկրորդ գործի վերաբերյալ դատարանն անհրաժեշտ էր համարել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման անհրաժեշտությունից ելնելով՝ վերսկսել քաղաքացիական գործի քննությունը:
Նշենք, որ «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ն սեփականության օտարման պահանջի վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել՝ ընդդեմ Ժիրայր Ավանյանի: Դատարանում այժմ 4 գործ է քննվում, քանի որ խնդրո առարկան 4 տարբեր անշարժ գույքեր են՝ տարբեր հասցեներով նույն տեղում:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկու գործերով էլ նիստերը հետաձգվեցին. Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը խնդրեց պատասխանող կողմին հնարավորություն ընձեռել հայցադիմումին պատասխան և հայցադիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար: Այսօր դատական նիստին ներկա չէր «Լոկալ դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
Երկու գործերով նիստերն էլ նշանակվեցին փետրվարի 16-ին:
Դատական նիստի ավարտից հետո Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարի 18-ին դիմում էր ներկայացրել. հունվարի 19-ին գործով դատական նիստ է նշանակված եղել: Սակայն գործի նյութերում իր դիմումի վրա առկա է դրոշմակնիք, որ դիմումը ներկայացվել է ոչ թե հունվարի 18-ին, այլ հունվարի 19-ին, այն էլ՝ դատական նիստի ավարտից հետո. «Այդ կապակցությամբ ես դիմում եմ ներկայացրել Դատական դեպարտամենտի ղեկավարին, Կենտրոնի դատարանի նախագահին՝ խնդրելով, որպեսզի պարզաբանվի վիճակը: Ինձ մոտ առկա են պատճենները, որ հունվարի 18-ին եմ հանձնել: Ամեն դեպքում, դատարանը գտավ, որ ինչ-որ նոր հանգամանքներ պետք է ուսումնասիրի, և վերսկսեց գործով քննությունը»:
Տիգրան Աթանեսյանն ասաց, որ կարծում է՝ «Դոլմամա» ՍՊԸ-ն ևս պետք է ներգրավվի գործում. «Եթե հայցը բավարարվի, ապա «Դոլմաման» էլ, բնականաբար, դադարեցնելու է իր գործունեությունը»: Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ հնարավոր է այդ տարածքում շինարարություն իրականացնել՝ առանց քանդելու հին շենքերը. «Պարոն Ավանյանը ճարտարապետներին պատվիրել է մի նախագիծ, որի պայմաններում և՛ շինարարը կարող է գոհ մնալ, և՛ այդ շենքերը կմնան: Այսինքն՝ մեր հիմնական թիրախը երևի ոչ թե դատարանն է, այլ կառավարությունը: Բացի այդ՝ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ չկա հաստատված նախագիծ, թե ինչ պետք է կառուցվի: Այսինքն՝ կարող են քննարկել, և այդ մի քանի փոքրիկ հին շենքերը մնան, իսկ հետևի մասում բավական մեծ տարածք կա, որտեղ կարող են կառուցել ցանկացած բան: Այսինքն՝ կան ճարտարապետական լուծումներ՝ առանց քանդելու»:
«Մենք և՛ կառուցապատողին, և՛ Հայաստանի կառավարությանն առաջարկելու ենք, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումը, դեռ խոսքը չի գնում հատուցման չափի մասին՝ թեպետ առաջ ընկնելով (իմ անունից եմ ասում, ոչ թե իմ վստահորդների)՝ հատուցման չափը շատ փոքր է, կապված նրա հետ, որ այնտեղ ոչ միայն բնակարան է կամ անշարժ գույք, այլ նաև բիզնես է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ, եթե չի սխալվում, ընդհանուր 4 գույքի համար հատուցման չափը կազմում է 160-170 մլն դրամ: Նա ասաց, որ, եթե խոսվում է գնահատման մասին, ապա պետք է գնահատվի նաև բիզնեսը: