ԱԺ-ն սկսեց աշխատել «ռազբորկաներով»

Ազգային ժողովի 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանը երեկ մեկնարկեց բուռն քննարկումներով և փոխադարձ մեղադրանքներով: Այս անգամ կրքերի թեժացման պատճառն անցած շաբաթ ԵԽ ԽՎ-ում ոչ հայանպաստ երկու բանաձևերի քվեարկություններն էին:

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը, հիշեցնենք, մերժվել էր՝ 66 կողմ և 70 դեմ, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցն ընդունվել էր 98 կողմ և 71 դեմ ձայներով:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկությունները յուրատեսակ փորձաքար անվանեց եվրոպական այդ կառույցի համար: «Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձևերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը և միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաև ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և ԼՂ հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի»,- ասաց Գ.Սահակյանը:

Մինչդեռ, ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախապես հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ ՄԽ մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Նա հիշեցրեց, որ ԵԽ ԽՎ-ն էլ է ՄԽ-ն ճանաչել հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափ:
«Այդ բանաձևերի քննարկմանը նախորդած գործողությունները և քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը, և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել»,- ասաց Գ.Սահակյանը:

ԱԺ նախագահի համոզմամբ՝ 2 բանաձևերը, իրենց ոչ հայանպաստ լինելով հանդերձ, որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ միասնական գործելու և ջանքերի համատեղման առումով, որ անկախ միջկուսակցական տարաձայնություններից, կարողացան համատեղ գործել, այդ թվում՝ կառավարական ու ոչ կառավարական կառույցները: Նա նաև երախտագիտություն հայտենց սփյուռքի կազմակերպություններին: Գ.Սահակյանը նշեց, որ անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽ ԽՎ որևէ բանաձև պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսակետից, հատկապես, ինչպես ասում են, «պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի»:

«Թեպետ կեղծիքը մնում է կեղծիք, անկախ իր ծավալից, այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարևորագույն հարթակներից մեկում ձախողվեց, այսպես կոչված, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽ ԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից»,- գոհունակությամբ նշեց ԱԺ նախագահը:

Գ.Սահակյանի ոգևորության վրա «սառը ջուր լցրեց» ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայտարարեց, որ, եթե ընդունվեր անցյալ տարվա հոկտեմբերին իր արած առաջարկը՝ ԵԽ ԽՎ-ում ստեղծված վտանգներին դիմակայելու համար լսումներ հրավիրելու մասին, իրավիճակն այլ կլիներ. «Ժամանակին արտակարգ քայլեր չձեռնարկելու և արտաքին սխալ քաղաքականության հետևանքով ԵԽ ԽՎ-ում ընդունվեց մի բանաձև, որում առաջին անգամ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում ԼՂՀ-ն դիտարկվում է՝ որպես ՀՀ-ի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածք, և ՀՀ-ն մեղադրվում է այդ օկուպացիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի մեջ: Կարելի էր սրանից խուսափել, եթե ժամանակին ճիշտ քայլեր արվեին»:
Սակայն Լ.Զուրաբյանի հերթական առաջարկը՝ պոստֆակտում խորհրդարանական լսումներ անցկացնել, կրկին մերժվեց: «Չի կարելի անընդհատ որոշակի տեղեր մազեր, կիքսեր գտնել»,- դժգոհեց Գ.Սահակյանը:

Տարեց գործընկերոջն օգնության շտապեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հայտարարելով, թե ԵԽ ԽՎ-ում մեկ խմբակցություն է կողմ եղել այդ բանաձևերին՝ Լիբերալների և դեմոկրատների ալյանս խմբակցությունը, որի անդամ է Լևոն Զուրաբյանը:
Վերջինս փորձեց արդարանալ, թե ԱԼԴԵ-ի խմբի ղեկավարը պաշտոնապես դիմել է իր ելույթի սխալ թարգմանության համար, որ, իբր թե, ինքն աջակցել է այդ բանաձևերին:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր հերթին՝ կոչ արեց գործընկերներին ԱԼԴԵ խմբակցության քվեարկությունը հանգիստ թողնել և «ռազբորկա չանել»: Նրա խոսքով՝ ԵԽ ԽՎ-ում ով ինչ ծանոթ ունի, գնում ու խոսում է նրա հետ՝ անկախ կուսակցությունից: «Այս հարցն այլևս չկրկնվի»,- սաստեց Բագրատյանը:

Ս. Ֆարմանյանի խոսքով՝ այդ բանաձևերի պատմությունը պետք է մտորումների առարկա դառնա, բայց այդ քվեարկության լավագույն գնահատականն Իլհամ Ալիևի կողմից 30-40-րոպեանոց ելույթն էր, որտեղ Ալիևը, իրեն մեկուսացնելով ԼՂ շուրջ բոլոր գործընթացներից, ՄԽ վերաբերյալ հայտնում է նախադեպը չունեցող դժգոհություն, մեղադրում է հակամարտության չկարգավորման մեջ, ամբողջ Եվրոպային մեղադրում է երկակի ստանդարտներով առաջնորդվելու և հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ և բանաձևերի քվեարկության արդյունքը պայմանավորում է Եվրոպայի կողմից իսլամաֆոբիայով:

ԱԺ փոխխոսնակ, ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ զեկույցները համապետական խնդիր էին, և կոչ արեց ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկատվություն տարածելուց. «Սրեր ճոճելը կռվից հետո աշխատանքի փոխարեն՝ հայկական հին բարի ավանդույթ է, բայց եկեք հեռու մնանք այս ավանդույթից: Մեր հանրության մեջ բավական շատ մարդիկ կան, որ իրենց հոգու կանչով այս պահին վշտակցում են Ալիևին, կարող ենք ասել՝ շարունակեն նույն ոգով, ինչ մինչև այս»:

Եվրակրքերից անմասն չմնացին նաև գեներալ-պատգամավորները: Նրանցից Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը լավ հետևանք կունենա. «Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում: Ավելի լավ է, որ իրենք բարձրացրեցին էս հարցը: Հիմա տեսնենք՝ ինչ է ստացվում»:

Ի դեպ, ԱԺ նիստն առանց կուրիոզ չանցավ. Գալուստ Սահակյանն իր ելույթում ցանկություն հայտնեց, որ ԱԺ ամբիոնը չքաղաքականացվի:
«Շատ օրիգինալ էր ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու մասին կոչը,- արձագանքեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,- ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս