«Սարսանգի հարցով Արցախի առաջարկին ցինիկ պատասխան հնչեց». Դավիթ Բաբայանը մանրամասներ է փոխանցում 2007թ. Ադրբեջան-Արցախ փակ հանդիպումից
«Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման առաջարկ Արցախն Ադրբեջանին բազմիցս է արել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով օրերս ԵԽ ԽՎ լիագումար նիստի ընթացքում բոսնիացի ադրբեջանամետ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ելույթի որոշակի հատվածներում տեղ գտած դիտարկումներին:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ մտած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի ներկայացման ժամանակ զեկուցաբեր բոսնիացի Մարկովիչը նշել էր, որ բազմիցս է դիմել իր հայաստանցի գործընկերներին, Արցախին՝ իր այցն Արցախ կազմակերպելու նպատակով, սակայն միշտ բացասական պատասխան է ստացել` փորձելով իրեն արդարացնել՝ ի պատասխան այլ պատգամավորների մեղադրանքների, թե պատգամավորուհին իրավունք չուներ կազմել զեկույց մի վայրի մասին, որտեղ երբևէ չի եղել: Նա նաև նշել էր, որ իր զեկույցը քաղաքական նպատակներ չի հետապնդում, քանի որ ներկայացնում է հումանիտար խնդիր, և, որ զեկույցը պետք է ընդունվի, քանի որ դրանում ներառվել են նաև առաջարկություններ, թե ինչպես կարելի է լուծել Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման հարցը, այնինչ Արցախի իշխանությունները հակամարտության պատմության ընթացքում բազմիցս են առաջարկել ադրբեջանական կողմին՝ համագործակցել այս հարցի շուրջ: Չնայած զեկույցի և զեկույցում առկա խնդրահարույց ձևակերպումների, այն ընդունվեց ԵԽ ԽՎ քվեարկության ժամանակ:
Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում փորձեց մի քանի պարզաբանումներ մտցնել այս հարցերի առնչությամբ: Նա պարզապես նշեց, որ Մարկովիչը չի ամաչում իր կարգավիճակից՝ որպես ԵԽ ԽՎ պատգամավորի և կնոջ: «Այդ անձնավորությունը, փաստորեն, կոպիտ կհնչի, բայց ոչինչ, պորտապար է պարել Ալիևի առջև և ստացել իր խավիարն ու փողերը, պարզապես բարոյական սկզբունքներ չունի այլևս և պարզապես սուտ է խոսում: Նա դիմել է միայն մեկ անգամ, դա նույնիսկ այն ժամանակ, երբ զեկույցի նախագիծն արդեն ԵԽ ԽՎ համապատասխան հանձնաժողովում քննարկվել էր: Ինչն է հետաքրքիր, մենք նույնիսկ այդ իրավիճակում համաձայնել էինք, որ նա գա և տեղում ծանոթանա իրավիճակին: Բայց, բնական է, նա այդպես էլ չեկավ և որևէ նպատակ էլ չուներ գալու, քանի որ փողը տրված էր, և ի՞նչ պետք է աներ ուրիշ, որևէ այլ բան անհրաժեշտ չէր, դրա համար էլ սուտ է հորինվում, ինչպես Ուոլթերն ասում է, որ իր հեղինակած զեկույցը հակահայկական չէ, և Ադրբեջանը որևէ կապ չունի, այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության ժամանակ էին հերքվում մեղքերը»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի խնդրին, ապա Դավիթ Բաբայանը պնդում է, որ Մարկովիչն այս հարցում կրկին ստում է, քանի որ զեկույցը հումանիտար նպատակներ չի հետապնդում: Ըստ Բաբայանի` նա պարզապես փորձում է, մարդասիրական ոլորտը ներգրավելով, շահարկելով այս հարցը, թոզ փչել միջազգային հանրության և որոշ միամիտ մարդկանց աչքին` ինչ-որ կերպով քողարկել սեփական հանցագործությունը:
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք Սարսանգի ջրամբարից ջուր տրամադրել դեռևս 1998-1999 թթ.: Տեսեք` քանի տարի է անցել, մի քանի տարուց արդեն կարող ենք խոսել քսան տարվա մասին, այսինքն`1999թ. պաշտոնապես այդ առաջարկը եղել է, դրանից հետո ևս բազմիցս եղել են նման առաջարկներ: Ադրբեջանական կողմը միշտ էլ մերժել է: Նույնիսկ կարող եմ պատմել Ադրբեջան-Արցախ վերջին փակ հանդիպման մասին, դա փակ տեղեկություն է, բայց հիմա կարող ենք խոսել այդ մասին: 2007թ. փետրվար ամսին Բրյուսելում կայացել է Արցախ-Ադրբեջան փակ հանդիպումը: Մենք այնտեղ պաշտոնապես ներկայացրեցինք այդ առաջարկությունը: Իրենց պատվիրակությունը տեղում կապվեց նախագահականի, Արտգործնախարարության հետ և տվեց շատ ցինիկ պատասխան, որ, այո, այնտեղ խնդիրներ կան՝ ջրի պակասի հետ կապված, բայց նույնիսկ, եթե անհրաժեշտ ջուրը ստանան, ապա գյուղատնտեսությունից դրա արդյունքում ստացված եկամուտը կկազմի իրենց նավթային եկամուտների չնչին տոկոսը: Սա Ալիևի և իր վարչակարգի պատասխանն էր»,- տեղեկացրեց Բաբայանը՝ շարունակելով, որ այս ամենը Մարկովիչը չէր ցանկանում լսել և երբեք էլ չի լսի, քանի որ իր այդ զեկույցն անկապ ադրբեջանական մտքերի շարադրություն էր: ԼՂՀ նախագահի խոսնակի համոզմամբ՝ Սարսանգի ջրամբարի հարցը չլուծված պահվեց, որպեսզի օգտագործվի Արցախի դեմ՝ որպես խաղաքարտ: