Բաժիններ՝

Թե ինչպես Մշակույթի նախարարությունը մոռացավ շնորհավորել Տիգրան Մանսուրյանի տարեդարձը

Երեկ լրացավ մեծանուն և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 77-ամյակը: Ինչպես, սակայն, այսօր պարզվեց՝ Մաեստրոյի համար երեկ տարվա ամենաշարքային օրերից մեկն է եղել՝ աշխատանքային, տանը, սեփական ձեռքերով պատրաստած դդմի ապուրի ընկերակցությամբ: Մաեստրոյի օրը սկսվել է՝ ինչպես միշտ՝ դաշնամուրի առաջ, ինչպես ինքն է խոստովանել՝ Ավետիք Իսահակյանի «ընկերակցությամբ», հետո` այցեություն մոտակա մթերային խանութ, իսկ առաջիկա օրերին արդեն նրան կհյուրընկալի հայազգի մեկ այլ հանճար՝ վաղեմի ընկերը, մեծանուն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը՝ տիկնոջ հետ, ով արդեն հայրենիքում է:

Երեկվանից ուշի ուշով հետևում ենք՝ շնորհավորանքների ու մեծարման ինչ հեղեղ է մամուլի էջերում և սոցիալական ցանցերում: Էլեկտրոնային ու տպագիր մամուլը, հեռուստաընկերություններն ու սոցիալական ցանցերի օգտատերերը հիշում ու մեծարում են իրենց սիրելի ու ազնվազարմ հայրենակցին, ընդգծված անհատականության, ում անունով մեր երկիրը տասնյակ անգամներ պատվով է ներկայացել աշխարհին ու ամեն անգամ աշխարհի ամենատարբեր անկյուններից հայի անունը բարձր է պահել մեծանուն մտավորականը, ով զարմանալու աստիճանի պարզ է՝ մարդկային շփումներում, և նույնքան խոհուն՝ սեփական դատողություններում:

Այսօր առավոտյան հետախոսազրույց ունեցա Վարպետի հետ: Հարցրեցի՝ Մաեստրո, ինչպե՞ս եք, ինչպե՞ս անցկացրեցիք Ձեր ծննդյան օրը: Պատասխանը սպասվածից էլ զուսպ էր՝ «Նորմալ, ջանիկս, ամեն բան լավ էր, միայն աղմուկն էր շատ…»: Հարցնում եմ՝ ի՞նչ աղմուկ, Մաեստրո, պատասխանում է՝ «Հեռախոսի զանգերը, ջանիկս»: Ասում եմ՝ բայց Դուք ավելիին էիք արժանի»: Փոքր-ինչ լռությունից հետո կիսաձայն պատասխանում է. «Միգուցե…», ու շարունակում է՝ «Առավոտվանից աշխատում եմ, դեռ չեմ էլ հասցրել նախաճաշեմ, ու շարունակում է՝ իսկ հիմա որտե՞ղ ես»: Ասում եմ՝ «Քաղաքի կենտրոնում եմ, Մաեստրո, իսկ ինչո՞ւ եք հարցնում»: Ասում է՝ որ իմանամ տա՞ք տեղում ես, ներսում ես, չէ՞, դրսից չես խոսում, չէ՞, դրսում շատ ցուրտ է»: Պատասխանում եմ՝ «Այո, մի անհանգստացեք, Մաեստրո, ես տաք տեղում եմ, Ձեզ մոտ էլ տաք է, չէ՞»: «Այո՜, այո՜ հարկավ, շատ տաք է, ջանիկս…»,- պատասխանում է նա:

Զարմանալի պատահականությամբ ջերմությունից խոսելուց հետո, որով էլ, կարելի է ասել, ավարտվեց մեր զրույցը, ու ես վերադարձա համակարգչիս մոտ, համացանցում՝ հենց բաց էկրանի վրա, հանդիպեցի մի գրառում՝ հետևյալ վերտառությամբ՝ «Մշակույթի նախարարության սպառած հոսանքի գինը հունվար ամսին կազմել է ավելի քան 7 մլն դրամ»: Աչքերիս չհավատացի ու ակամա հավաքեցի վերոհիշյալ գերատեսչության պաշտոնական կայքի հասցեն: Եթե անկեղծ խոստովանեմ, դա կատարվեց բառացիորեն ենթագիտակցական մակարդակով, այնտեղից որևէ ինֆորմացիա՝ հատկապես կոմունալ ծախսերի վերաբերյալ, չէի էլ ակնկալում գտնել և նման ցանկություն էլ չունեի: Եվ եթե մինչև վերջ ասեմ, այն, ինչ մտածում եմ այդ գերատեսչության սպառած կոմունալ ծախսերի մասին, ապա դա կարող էր լինել բոլորովին մեկ այլ հոդված՝ պամֆլետի ժանրում: Բայց մեծ էր զարմանքս, իսկ ավելի ճիշտ՝ ամոթի ճնշող զգացումը, երբ երկրի գլխավոր մշակութային գերատեսչության պաշտոնական կայքում, որպես հիշարժան վերջին մշակութային իրադարձություն, ներկայացված էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տասնամյա տարեդարձը, որին, ի դեպ, ինչպես հետո տեղեկացա՝ Տիգրան Մանսուրյանը ո՛չ միայն ներկա չի եղել, այլև նույնիսկ այդ մասին իմացել է տոնական համերգից շատ ավելի ուշ…

Կարդացեք նաև

Նախարարությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերոհիշյալ գերատեսչությունից մեծանուն արվեստագետին շնորհավորել նախընտրել են հեռախոսազանգով՝ բաժնի վարիչներից մեկի մակարդակով միայն, որի անձը, մեզ այնուամենայնիվ, չհաջողվեց ճշտել:

Հ.Գ. Ես երբևիցե չեմ մոռանալու Մաեստրո Մանսուրյանի հուզված ու տագնապած ձայնն իմ ականջներում՝ հեռախոսի մյուս կողմից, հունիսյան մի տոթ գիշեր, շատ ուշ ժամի… Պետք է խոստովանեմ, որ ինձնից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի կեսգիշերին մոտ մի ժամի հավաքեմ իմ մեջ եղած ողջ համարձակությունն ու զանգահարեմ Մաեստրոյին, կամ գուցե արթնացնեմ նրան քնից՝ խնդրելու համար հնչեցնել իր սթափության կոչը՝ Բաղրամյան պողոտայում հոսանքի սակագնի բարձրացման դեմ բողոքի ելած երիտասարդների ու ոստիկանների օրհասական բախումը կանխելու համար: Մաեստրոն մի պահ լռեց, հետո շատ հուզված, շփոթված ու կենտրոնանալու ակնհայտ ջանքերի գործադրմամբ, դողացող, բայց վեհություն արտահայտող ձայնով ասաց՝ գրեք իմ կոչը՝ «Ամենամեծ արժեքը մարդն է, առավել մեծ արժեք՝ Հայ մարդը: Կոչ եմ անում կանխենք որևէ մարդկային կորուստ…»:

Հ.Գ.Գ. Ծնունդդ շնորհավոր, թանկագին Մաեստրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս