Ինգմար Բերգման. Մեծ մարդը` կադրից դուրս
Ինգմար Բերգմանի ֆիլմերը դյուրամարս չեն յուրաքանչյուր կինոդիտողի համար, բայց բազում միջազգային մրցանակները և պարգևները ապացուցում են շվեդ մեծ սցենարիստի և ռեժիսորի ֆիլմերի գեղարվեստական արժեքը:
Ինգմար Բերգման. Կենսագրություն
Կուլտային ռեժիսոր, սցենարիստ և գրող Ինգմար Բերգմանը ծնվել է 1918թ. հուլիսի 14-ին, Ուփսալա քաղաքում (Շվեդիա), հոգևորականի ընտանիքում: Սյուժետային գծերով և վառ կերպարներով հագեցած գրավոր տեքստեր գրելու մղումը տղայի մոտ բացահայտվել է շատ վաղ հասակում և նա առանց վարանելու ընտրել է իր մասնագիտությունը. Ինգմարը ընդունվում է Ստոկհոլմի համալսարան` արվեստի պատմություն և գրականություն ուսումնասիրելու համար: Հետագայում նա հիանալի համատեղում է այս երկու մասնագիտությունները:
Ուսման տարիներին նա գրում է իր առաջին պիեսը`«Կասպերի մահը» և 1942 թվականին բեմադրում է այն: Ներկայացումից հետո նրան աշխատանքի են հրավիրում «Svensk Filmindustri» ընկերություն, որպես սցենարիստ:
1944թ.-ից Ինգմար Բերգմանը սկսում է նկարահանել իր սեփական ֆիլմերը: Եվ, բնականաբար, ինքն էլ գրում է ֆիլմերի սցենարները: Օպերատորների ընտրության հարցում Բերգմանը բավականին ստաբիլ է. մինչև 1960թ. նրա գրեթե բոլոր ֆիլմերի օպերատորը եղել է Գունար Ֆիշերը, իսկ հետո` Սվեն Նյուվկիստը:
Ինգմար Բերգման. Մրցանակներ
Չնայած, որ Բերգմանի ֆիլմերը նախատեսված չեն լայն լսարանի համար, իսկ նրա ֆիլմերի գեղարվեստական մտահաղացումը հասու չէ բոլորին, այնուամենայնիվ, նրա ֆիլմերից յոթը առաջադրվել են «Օսկարի» և արժանացել երեք պատվավոր մրցանակի: Բացի այդ, նա ստացել է նաև 1 Սեզար (ներկայացված է եղել ևս 3-ի), 4 անգամ ներկայացվել և ստացել է 4 Դավիթ դի Դոնատելլո և Բոդիլ կինոմրցանակներ, Բեռլինի կինոփառատոնի 2 մրցանակ, 2 BAFTA (ևս 2 անգամ ներկայացված է եղել), Վենետիկի կինոփառատոնի 5 մրցանակ, 7 անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի տարբեր մրցանակների: Եվ սա Ինգմար Բերգմանի ստացած մրցանակների ամբողջական ցանկը չէ:
Ինգմար Բերգման. Ֆիլմեր, որոնք արժե դիտել
«Բանտ» (1949)
Ֆիլիմի սյուժեն ծավալվում է երիտասարդ ռեժիսորի շուրջ, ում մաթեմատիկայի ուսուցիչը առաջարկում է նկարել ֆիլմ այն մասին, թե ինչպես է սատանան երկիրը վերածում դժոխքի: Ռեժիսորի կյանքում տեղի ունեցած տխուր իրադարձությունները ստիպում են նրան լրջորեն մտածել այդ գաղափարի մասին:
«Ամառը Մոնիկայի հետ» (1953)
Աշխատանքային դասի երկու երիտասարդների դժվար սիրո դրամատիկ պատմություն: Մոնիկայի գլխավոր դերը կատարել է անփոխարինելի Հարիեթ Անդերսոնը:
«Մորու բացատը» (1957)
Ֆիլմը պատմում է բժշկության պրոֆեսոր Իսահակ Բորգի կյանքի մեկ օրվա մասին, ով ամբողջովին ընկղմվում է հիշողությունների մեջ` փորձելով վերափոխել իրեն: Ֆիլմում հաջողությամբ օգտագործվել է հետահայաց ցուցադրությունների և երազների հնարքը:
«Աղջկական աղբյուր» (1960)
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր անցյալում: Սյուժեի հիմքում ընկած է 3 եղբայրների կողմից երիտասարդ աղջկա բռնաբարությունն ու սպանությունն է, ինչի համար նրանցից դաժանորեն վրեժ է լուծում աղջկա հայրը: Ֆիլմի վերջում սպանության վայրում առաջանում է առու` աղջկական աղբյուրը:
«Մութ ապակու միջով» (1961)
Հոգեբանական ֆիլմը պատմում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի ներքին տառապանքների մասին և Աստծո որոնումների մասին` չնայած անհաղթահարելի թվացող խոչընդոտներին:
«Շշուկներ և ճիչեր» (1972)
Պատմության հիմքում ընկած է չորս կանանց միջև (3 քույրեր և նրանց սպասուհին) երկարաժամկետ հակամարտությունը:
«Ֆաննին և Ալեքսանդրը» (1982)
Ինգմար Բերգմանի ամենահայտնի ֆիլմերից է, որը արժանացել է «Օսկար» մրցանակի` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այն դուրս է եկել երկու տարբերակով՝ լիամետրաժ հեռուստաֆիլմ (312 րոպե) և կրճատ կինոտարբերակ (188 րոպե)։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են XX դարի սկզբին և պատմում Ալեքսանդր Էկդալի և իր քրոջ՝ Ֆաննիի մասին։ Այն կազմված է նախաբանից, հինգ առանձին մասերից և վերջաբանից։
Պատրաստեց Անի Գաբուզյանը