Բաժիններ՝

Տարին աճով փակվեց

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2015 թվականի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ ՀՆԱ-ի աճը, իհարկե, դեռ չի հրապարակվել, սակայն պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որի հիման վրա կարելի է մոտավոր պատկերացում կազմել նաև տնտեսական աճի ցուցանիշի մասին։

Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ 2015 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2014 թվականի համեմատ՝ 3.1%-ով աճել է։

Ուշագրավն այն է, որ ՏԱՑ-ի տեմպն աճել է։ Հունվար-նոյեմբերին այն 2.9% էր, իսկ տարվա կտրվածքով, ինչպես տեսնում եք, 0.2 տոկոսային կետով ավելացել է։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 5.2%-ով և կազմել 1 տրիլիոն 327 միլիարդ դրամ։ Գյուղատնտեսությունը տարին փակել է 11.7% երկնիշ աճով, գյուղոլորտի արտադրանքի ծավալը 2015-ին գերազանցել է 1 տրիլիոն դրամը։ Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 2.7%, ծավալը՝ 1 տրիլիոն 188.9 մլրդ դրամ։

Տարվա կտրվածքով աճ է գրանցել նաև շինարարության ոլորտը։ Մասնավորապես, 2015թ. ընթացքում իրականացված շինարարության ծավալը կազմել է 457.2 մլրդ դրամ, ինչը 0.3%-ով ավելի է 2014 թվականի ցուցանիշից։

0.3%-ը տպավորիչ աճ համարել չի կարելի, սակայն հաշվի առնելով, որ այս ոլորտը 2009 թվականից ի վեր շարունակական անկում էր գրանցում, վատ ցուցանիշ չէ։
Ավելին ասենք, շինարարության ոլորտն անկում էր գրանցում ոչ միայն 2009-2014թթ., այլև 2015 թվականի գրեթե ամբողջ ընթացքում։
Ահա այստեղ է, որ թվերը բավականին հետաքրքրանում են։

Տեսեք, 2015 թվականի հունվար-նոյեմբերին շինարարության ծավալը 352.6 մլրդ դրամ էր, ինչը 3.1%-ով պակաս էր 2014-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Իսկ արդեն հունվար-դեկտեմբերին ծավալը դառնում է 457.2 մլրդ դրամ։ Այսինքն, 1 ամսում՝ միայն դեկտեմբերի ընթացքում, ՀՀ-ում կատարվում է ավելի քան 104 մլրդ դրամի շինարարություն (նախորդ 11 ամիսների կտրվածքով ամսական միջին ծավալը 32 մլրդ է)։
Դեկտեմբերն էլ շինարարության սեզոնային պիկ դժվար է համարել։

Ինչպե՞ս է սա հնարավոր դարձել։ Որպեսզի դավադրությունների տեսությանը չտրվենք՝ միանգամից նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը շինարարության ցուցանիշի հետ կապված պարզաբանում է ներկայացրել։ «Ցուցանիշների ճշգրտումները պայմանավորված են որոշ խոշոր շինարարական ծրագրերի (առողջապահական, մարզամշակութային և այլն) վերաբերյալ ռեսպոնդենտների կողմից կատարված տարեկան վերջնահաշվարկներով»,- նշվում է ԱՎԾ տեղեկանքում: Թե կոնկրետ ինչ խոշոր ծրագրերի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ։ Շինարարության ոլորտի հունվար-դեկտեմբերի մանրամասն տվյալները, թե ով որքան շինարարություն է իրականացրել (պետություն, բնակչություն, կազմակերպություններ և այլն), առայժմ չեն հրապարակվել։
Սակայն մի բան հստակ է՝ հենց այս ճշգրտման շնորհիվ է շինարարության անկումային ցուցանիշը վերածվել աճի, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ դրա շնորհիվ 0.2 տոկոսային կետով բարելավվել է։

2015-ccuanishner

Սա, ի դեպ, միակ ճշգրտումը չէ։ ԱՎԾ-ն վերանայել է նաև արտաքին առևտրի, մասնավորապես՝ ներմուծման տվյալները։ «2015 թ. ցուցանիշների ճշգրտումները պայմանավորված են ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ինչի վերաբերյալ վերանայված տվյալները ռեսպոնդենտի կողմից տրամադրվել են 2016թ. հունվարին»,- նշվում է զեկույցում։

Չնայած այս ճշգրտմանը՝ արտաքին առևտրի 2015թ. տարեկան ցուցանիշները հունվար-նոյեմբերի համեմատ լուրջ փոփոխություններ չեն կրել։
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլար։ 2014 թվականի համեմատ արտաքին առևտրի ծավալը կրճատվել է 20.6%-ով։ Այդ թվում՝ արտահանումը նվազել է 3.9%-ով և կազմել 1 մլրդ 486.9 մլն դոլար, իսկ ներմուծման անկման տեմպն ավելի բարձր է՝ 26.5% (ծավալը՝ 3 մլրդ 254 մլն դոլար)։

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015 թվականին տարեկան կտրվածքով կազմել է 1 մլրդ 767.1 մլն դոլար։

Հիշեցնենք, որ 2014 թվականին ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել էր 2 մլրդ 882.3 մլն դոլար։ Այսինքն, բացասական սալդոն կրճատվել է ավելի քան 1.1 մլրդ դոլարով:

Եվ վերջապես, Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ բնակչությանն ուրախացրել է նաև գների և աշխատավարձերի վերաբերյալ ցուցանիշներով։

Այսպես, 2015 թվականին սպառողական ապրանքների միջին գնաճը կազմել է 3.7%, իսկ միջին ամսական աշխատավարձը նույն ընթացքում աճել է 7.7%-ով և կազմել 184.441 դրամ։
12 ամսվա կտրվածքով՝ 2015թ. դեկտեմբերը 2014-ի դեկտեմբերի համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.9%-ով և կազմել 220 հազար դրամ (աճի թույլ տեմպը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի բազային բարձր ցուցանիշով)։ Իսկ գները 12-ամսվա կտրվածքով նվազել են 0.1 տոկոսով։
Կարճ ասած, ԱՎԾ-ն 2015 թվականի համար բնակչության գնողունակության աճ է մեզ հրամցնում՝ թե՛ միջինացված, թե՛ 12 ամսվա կտրվածքով։

Առաջիկայում մենք առավել մանրամասն կանդրադառնանք 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշներին, երբ հրապարակվեն մանրամասն տվյալներն առանձին ոլորտների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031