ԵՄ-ն ակտիվացնում է իր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ
Տարեսկզբից Եվրոպական միությունն ակտիվացրել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ մեկնաբանությունները: Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ՀՀ համագործակցության խորհրդի նիստին անդրադարձ էր կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Եվրամիության խորհուրդը նախագահող Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսն ասել էր, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է Եվրամիության առաջնահերթությունը, և, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է։ Կունդերսը նաև նշել էր, որ քննարկվել է նաև սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների հարցը՝ նշելով, որ շփման գծի և Հայաստանի սահմանների իրավիճակը լուրջ մտահոգությունների խնդիր է մնում։
Եվրամիությունը զսպվածության կոչ էր արել, վերահաստատել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Եվրամիությունը նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արել շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ նախագահների մակարդակով։ Եվրամիությունը հաստատել էր իր պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղ գործընթացի ջանքերին, ինչպես նաև՝ օգնություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած շրջանների վերականգնմանը և վերակառուցմանը՝ խաղաղության համաձայնագրի ձեռք բերվելուց հետո։
Մի քանի օր անց` հունվարի 21-ին, Ստրասբուրգում ավարտվել էր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որի ընթացքում քննարկումներ էին ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ: Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել էր համատեղ եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ:
Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին:
Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել էր, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, և այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Իր հերթին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածված հայտարարությանը՝ ասել է, թե չի կարող մեկնաբանել խորհրդարանականների դիրքորոշումը և հայտարարությունը:
«Այն, ինչ կարող եմ կրկնել, հետևյալն է, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը: Ես կարող եմ տեղեկացնել, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում ժամանելու է Հայաստան հաջորդ շաբաթ՝ ՀՀ նախագահի և իշխանությունների հետ քննարկելու ԵՄ-ի հնարավոր աջակցությունը ԼՂ հակամարտությանը: Կարծում եմ` ամենալավ եղանակը՝ խաղաղություն ապահովելու Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին լիարժեք աջակցություն ցուցաբերելն է»,- նշել է Պյոտր Սվիտալսկին, ըստ էության, հստակորեն ակնարկելով, որ ԵՄ պաշտոնյան Երևանում քննարկելու է ԼՂ հակամարտությանը տրվելիք ԵՄ աջակցության հարցը: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ դեսպան Սվիտալսկին ասել էր, որ ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային ներկայումս մշակվող համաձայնագրում տեղ են գտնելու նաև անվտանգությանը վերաբերող դրույթներ, որոնք ուղղված են լինելու ՀՀ անվտանգության ամրապնդմանը:
«168 Ժամի» հետ զրույցում լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը չափազանց պայթյունավտանգ է, ինչը հասկանում են նաև եվրապաշտոնյաները և փորձում հակամարտության գոտում դրական տեղաշարժ ապահովել, ինչը չափազանց բարդ նպատակ է, քանի որ հակամարտության կողմերի նկատմամբ ազդեցություն ունեցող Ռուսաստանը հետաքրքրված չէ կարգավորմամբ:
Ըստ նրա՝ վերանայելով «Արևելյան գործընկերության» մոտեցումները, ԵՄ-ն դրանցում ներառել է նաև անվտանգության բաղադրիչներ, հատկապես, երբ հետսովետական տարածքում կան չկարգավորված հակամարտություններ: Դրանք, ըստ վերլուծաբանի, ԵՄ անվտանգության գործիքները չեն, այլ համատեղ աշխատանքն անվտանգությանն առնչվող ոլորտներում, Հայաստանին տրվող աջակցությունն այդ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
«Ինչպես պնդում են ԵՄ պաշտոնյաները, ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին, սակայն, հաշվի առնելով այն, որ իրավիճակը Ղարաբաղի շուրջ չափազանց վտանգավոր է, հաշվի առնելով Ադրբեջանում տիրող անկայունությունը, որը սովորաբար լարում է իրավիճակը հակամարտության գոտում, եվրապաշտոնյաները փորձում են զգոն լինել, կողմերին զգոնություն հաղորդել և հասկանալ, թե ինչ են կողմերն ակնկալում Եվրոպական Միությունից: Ակնհայտ է, որ ԵՄ-ն՝ չլինելով անվտանգության կառույց, չի կարող կոնկրետ միջոցներ ձեռնարկել, բայց կարող է լսել կողմերին, հասկանալ` ինչի անհրաժեշտություն կա, և աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ ԵՄ չինովնիկները հասկացել են, որ հակամարտություններում պասիվությունը կարող է ճակատագրական լինել առաջին հերթին՝ ԵՄ-ի և ԵՄ-ի նախաձեռնած ծրագրերի համար, ուստի ԵՄ-ն շարունակում է «Արևելյան գործընկերության» բարելավման աշխատանքները, նաև այս ոլորտում ԱլԳ անդամ երկրների ցանկությունները հաշվի առնելու նկատառումներից ելնելով: Գուցե այս խորհրդակցությունների արդյունքում կարևոր որոշումներ կայացվեն»,- ասաց լեհ վերլուծաբանը:
Վերջինիս համոզմամբ՝ չի բացառվում, որ այս խորհրդակցություններն իրենց արտացոլումը գտնեն նաև ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրում, որում լինելու են անվտանգությանը վերաբերող բաղադրիչներ:
Իր հերթին՝ գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարը գտնում է, որ ԵՄ-ն ԼՂ հակամարտությանը միջամտելու գործիքներ և ներուժ չունի: Սակայն քննարկումներն այս ուղղությամբ, ըստ նրա, նշանակում են, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը` գործնական քայլերի գնալով, ինչը նախկինում չի եղել: «Այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ աջակցությունը կարող է միայն անուղղակի լինել կամ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով, քանի որ ՄԽ-ն միակ մանդատ ունեցող միջազգային հարթակն է: Սակայն ես մշտապես ասել եմ, որ ԵՄ-ն ոչ միշտ է լուրջ գնահատում առկա մարտահրավերները: Այս դեպքում կարելի է ասել, որ կա գիտակցում, որ պետք է փոխել ԵՄ դիրքորոշումը, և դա, ըստ ամենայնի, ԵՄ-ն ցանկանում է անել խորհրդակցական գործընթաց նախաձեռնելով»,- ասաց գերմանացի վերլուծաբանը:
Վերջինս այն կարծիքին է, որ Հարևանության քաղաքականության համար ի սկզբանե չափազանց կարևոր պետք է լիներ հակամարտությունների կարգավորումը, քանի որ դրանք թույլ չեն տալիս ԱլԳ երկրներին մեծ թափով իրականացնել ԵՄ բարեփոխումների պահանջները: «Ազատ արտաքին քաղաքականության համար երկրները պետք է ազատվեն նման ծանրությունից: Կարծում եմ, որ ԵՄ-ն կարող էր լիարժեքորեն ներկայացված լինել բանակցություններում, սակայն դա հնարավոր չէ՝ մի շարք խնդիրներից ելնելով: Կարծում եմ՝ հաշվի առնելով ԼՂ-ում տիրող իրավիճակը, ԵՄ-ի ցանկացած ակտիվություն այս ուղղությամբ դրական արդյունք է ունենալու»,- ասաց վերլուծաբանը: