«Մարդու իրավունքների պաշտպանն իր ճիշտ տեղում էր». Պյոտր Սվիտալսկին` հանրաքվեի, Ընտրական օրենսգրքի և Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին

«Կարևոր է, որպեսզի Հայաստանն ունենա լավ մշակված Ընտրական օրենսգիրք»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` անդրադառնալով ՀՀ ներքաղաքական մի շարք հարցերի:

Մասնավորապես, խոսելով ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին` նա ասաց, որ արդեն հաղորդագրություն են պատրաստել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ որոշ երկրների մասնակցությամբ, որում ափսոսանք են հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի կապակցությամբ:

«Գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր ետևից լավ ժառանգություն է թողել և Հայաստանի բնակչությունը մեծապես օգտվել է նրա կողմից կատարված աշխատանքից: Կարծում ենք, որ նա նվիրված, անկախ և արդարացի մարդ է, ով գտնվում էր իր ճիշտ պաշտոնում»,- նշեց Սվիտալսկին:

Անդրադառնալով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի պնդումներին, թե անիմաստ է մասնակցել ՀՀ Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներին առանց միջազգային կազմակերպությունների և միջնորդների մասնակցության` ասաց, որ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանն ունենա լավ Ընտրական օրենսգիրք, որը կարտացոլի միջազգային և եվրոպական կառույցների առաջարկությունները և մասնավորապես ԵԱՀԿ առաջարկությունները:

«Չափազանց կարևոր է, որպեսզի հայերը վստահեն հաջորդ ընտրություններին, մենք, որպես ՀՀ-ի միջազգային գործընկերներ, պատրաստ ենք մեր առաջարկությունները ներկայացնել Ընտրական օրենսգրքի հետ կապված և ամբողջովին աջակցելու ենք ԵԱՀԿ առաջարկություններին: ՀՀ իշխանությունների հետ առաջիկա մեր բոլոր հանդիպումների ժամանակ շեշտելու ենք կարևորությունը, որպեսզի հաշվի առնվեն եվրոպական հաստատությունների կողմից արված առաջարկությունները»,- նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Դիտարկմանը, թե դեկտեմբերին անցկացված հանրաքվեն հույս ներշնչո՞ւմ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններն արդար ընթացք են ունենալու, նա արձագանքեց՝ ասելով, որ չեն կորցնում իրենց հույսը:

«Կարծում եմ, որ ընտրությունների արդարության նկատմամբ հայերի վստահությունը էական է Հայաստանի լավ ապագայի համար: Մենք սպասում ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: Երբ ստանանք այդ զեկույցը, կուսումնասիրենք և մեր դիրքորոշումը կհայտնենք: Այդ ընթացքում մենք կոչ ենք անում, որպեսզի մանրազննին ուսումնասիրվեն հանրաքվեի ընթացքում հայտարարված բոլոր խախտումների դեպքերը և մենք հուսով ենք, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են խախտումներին, ի վերջո, իրենց արժանի պատիժը կստանան և նրանց հարցը կլուծի դատարանը: Այն, թե ինչպես ՀՀ իշխանությունները կանդրադառնան զեկուցված խախտումների դեպքերին, ինչպես նաև գործընթացին, ինչպես կձևավորվի Ընտրական օրենսդրությունը, մեծ նշանակություն կունենա, թե մենք, որպես միջազգային գործընկերներ, ինչպիսի վերաբերմունք կունենանք Հայաստանի նկատմամբ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Տեսանյութեր

Լրահոս