Ինչո՞ւ էվթանազիան Հայաստանում չի ընդունվում. հարց քահանային
– Ինչո՞ւ էվթանազիան, որ օրենքով ընդունվել է որոշ, նաև քրիստոնյա, երկրներում Հայաստանում չի ընդունվում: Ես ունեմ հոգեկան հիվանդություն և համառորեն մտածում եմ, որ իմ չլինելը ճիշտ կլինի:
– Իսկապես, այժմ ընդհանրապես աշխարհում ապրելը շատ դժվարացել է։ Մեր ապրումների դրական կամ բացասական լինելով է պայմանավորված, թե ինչպիսին է մեր կյանքը։ Որովհետև կյանքը ոչ թե մեզանից դուրս ինչ–որ հանգամանքներից է կախված, այլ՝ մեր հոգեկան ապրումներից։
Ուրեմն, կյանքը ոչ թե լինելով–չլինելով է արտահայտվում, այլ՝ մեր ապրումներով։ Հացի կամ նյութական բարեկեցության կամ առողջության պակասը չէ, որ վնասում է կյանքը, այլ՝ մեր վհատությունը հենց այս հանգամանքների պատճառով։ Միևնույն ժամանակ բարի կամ դրական ապրումները լինում են ոչ թե հացի առատությունից, այլ՝ բարի գործեր կատարելիս։
Օրինակ՝ երբ մարդը խոսում է ինչ որ մեկի հետ, մխիթարված կլինի, եթե իր զրուցակիցը իրեն հասկանա, որով և իր բարի խոսքը անդրադառնալով զրուցակցի հասկացողությունից, հանգչում է իր սրտի մեջ՝ հարուցելով այնտեղ բավարարության զգացում ասված խոսքի արդյունավետությունից։ Այսպես և ամեն բարի գործ արդյունավետ և մխիթարող է։
Այսպիսով մարդն ապրում է, եթե ունի դրական կենսական զգացումներ՝ սեր, հավատք, հույս, ուրախություն, խաղաղություն, մխիթարություն, սակայն նրա կյանքը մեծապես վնասվում է վհատությունից, ագահությունից, նախանձից, բարկությունից, ատելությունից, հպարտությունից և ամեն տեսակ հոգևոր և հոգեկան տառապանքներից։
Կյանքին ուղեկցող նյութական հանգամանքները փոփոխական են՝ կանցնեն, իսկ հոգու վիճակը մնայուն է. Հոգին երբեք չի մեռնում։ Ուստի երբեք չեք կարող «չլինել»։
Մեր լինել–չլինելը մեզանից կախված չէ։ Մենք մեր կամքով չէ, որ ծնվել ենք, և մեր ծնունդը ոչ թե ժամանակավոր, այլ՝ հավիտենական կյանքի համար է. այն երբեք չի ընդհատվում, ուստի մենք էլ չենք կարող այն ընդհատել։ Իսկ մարմինը սպանելով առավել ևս կզրկենք մեզ մեր կյանքը դրականորեն փոփոխելու հնարավորությունից, այսինքն՝ ատելությունից՝ սիրո, բարկությունից՝ հեզության, նախանձից և ագահությունից՝ ողորմածության, վհատությունից՝ հույսի, հավատի, մխիթարության, խաղաղության և արդարության։
Այս ամենը մեզ Աստված կարող է տալ, որովհետև Ինքն ասաց. «Ես Եմ կյանքի հացը… Ինչպես Ինձ առաքեց Կենդանի Հայրը և Ես կենդանի եմ Հոր համար, այնպես էլ, ով ուտում է Ինձ, նա ապրում է Ինձ համար… ով ուտում է Ինձ՝ ապրում է հավիտյան» (տես՝ Հովհ. 6: 47-59):«Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, քաղց չի զգա, և ով ինձ հավատա, երբեք չի ծարավի» (Հովհ. 6: 35) կամ` «Ես եմ կենաց հացը: Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած հացը, որպեսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի. և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ. 6: 48-52):
Դրա համար Ձեզ անհրաժեշտ է մասնակցել Սուրբ Պատարագին և հաղորդվել Աստծու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, և Նա կփրկի Ձեզ Ձեր այդ տանջալի ապրումներից։ Իսկ արևմուտքի քրիստոնյա հորջորջված պետություններով մի՛ խաբվեք։ Ինչու՞ է արևմուտքում ինքնասպանությունների թիվն այդքան շատ` չնայած նյութական բարեկեցությանը։ Այդ երկրները ծնեցին ոչ միայն էֆթանազիայի գաղափարը, այլ նաև արվամոլությունը, իգամոլությունը, մանկամոլությունը, աբորտը, ազատ սեռական կապերը առանց ամուսնության, ֆաշիզմը, ցեղասպանությունը և այլն։ Բացի դրանից, եթե Դուք չլինեք, դրանից խիստ կվշտանան Ձեր հարազատները։ Հոգեկան հիվանդությունը, թեև դժվարությամբ, բայց բուժվում է։ Շարունակեք խմել Ձեր դեղերը։
Աստված ողորմած է, Ձեզ չի թողնի։ Մի՛ վհատվեք։ Աստվածպաշտությունը ոչ թե գիտությունից է, այլ` խղճից և սիրո հակվածությունից, որոնք զորանում են Սուրբ Պատարագի ընթացքում` Սուրբ Հաղորդության խորհրդին մասնակցելու միջոցով։
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am