Վերջապես ջարդվում է Հայաստանի էներգետիկ շրջափակումը

Մեր զրուցակիցն է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամ» ծրագրի ղեկավար, փորձագետ Արա Մարջանյանը

– Պարոն Մարջանյան, Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ փոխհարաբերությունների ներկայիս վիճակն ինչպիսի՞ն է, և Իրանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցների վերացումն ի՞նչ հեռանկարներ է բացում։

– Ներկայումս էներգետիկ ոլորտում Իրանը Հայաստանի՝ կարևորությամբ երկրորդ գործընկերն է։ Ինչպես գիտեք, այժմ կառուցվում է Իրանի հետ բարձրավոլտ հաղորդման 3-րդ գիծը։ Մենք Իրանից ստանում ենք գազ, որի փոխարեն արտահանում ենք էլեկտրաէներգիա։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ հեռանկարներն ավելի լայն հնարավորություններ են ստեղծում, առաջինը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում իրավիճակ է փոխվում, և կարծես թե հնարավորությունն ավելի ակնհայտ է դառնում՝ իրանական գազը տրանզիտ ճանապարհով մղել Վրաստան։

Երկրորդը՝ այս երրորդ գծի մուտքով և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի աշխատանքի բարելավումով, ինչպես նաև նոր գեներացնող հզորությունների կառուցումով Հայաստանից տարածաշրջանային արտահանումն էականորեն կաճի։ Դա նույնպես շատ կարևոր հեռանկար է։ Երրորդը՝ կարծում եմ, որ այս սանկցիաների մասնակի հանումն Իրանի վրայից և տարածաշրջանում իրավիճակի փոփոխությունը վերջապես կակտիվացնեն Արաքսի ՀԷԿ-ի շինարարությունը, որը 10 տարուց ավելի է՝ քննարկվում է տարբեր փուլերում, բայց առաջխաղացումն էական չէ։

Կարծում եմ՝ այս տարվանից այստեղ էլ բեկումնային զարգացումներ են հնարավոր։ Բայց այստեղ շատ կարևոր է երկկողմ քաղաքական կամքը՝ և՛ Հայաստանի, և՛ Իրանի կողմից, ընդ որում՝ կարծում եմ, Իրանի կողմից դա պետք է ընդգծված լինի, իսկ հայկական առաջարկները պետք է չուշանան։ Այստեղ օր կորցնելն անգամ սխալ կլիներ, և այս նպաստավոր օրերն ու ժամանակը պետք է խելացի և հեռատես կերպով իրացվի։

– Հայաստան-Իրան գազամուղն ավարտվում է Երևանում, այսինքն՝ պետք է շարունակե՞ն կառուցել մինչև Վրաստան։

– Նախ՝ պետք է շարունակեն կառուցել, երկրորդ՝ համապատասխան տեխնիկական միջոցառումներ իրականացնեն, որպեսզի գազատարի ճնշումը բարձրացնեն։ Հայտնի է, որ դրա տրամաչափն այնքան էլ մեծ չէ՝ 0.7 մ է։ Եթե ժամանակին մեծ տրամաչափով գազատար կառուցվեր, շատ ավելի նպաստավոր իրավիճակում կհայտնվեինք հիմա, բայց, ինչևիցե, կառուցվել է այն, ինչ կառուցվել է, և անգամ այս տրամաչափով հնարավոր է ճնշումը բարձրացնելու դեպքում ծավալներն էապես մեծացնել։

Երկրորդը՝ արդեն քանի որ գազատարի ուղին կա, երկրորդ գծի կառուցումը, իհարկե, որոշակի ներդրումներ կպահանջի, բայց դա այդքան էլ թանկ ծրագիր չի լինի, քանի որ ենթակառուցվածքի զգալի մասն արդեն առկա է։ Այնպես որ, այո, դա շատ կարևոր, զուտ էներգետիկ ծրագիր կլինի և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարող ենք փաստել, որ վերջապես ջարդվում է Հայաստանի այդ՝ Արևելք-Արևմուտք էներգետիկ շրջափակումը, որը մեզ պարտադրված էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։

– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում, որ վրաց-իրանական բանակցություններին հայկական կողմը սկզբում մասնակցեց, իսկ հիմա այլևս չի մասնակցում։

– Բանակցությունների մանրամասներին տեղյակ չեմ։ Ընդհանուր տրամաբանությունից կարող եմ դատել, որ սկզբնական փուլում քննարկվում էր գաղափարը և գաղափարի իրականացման հիմնական փուլերը, երկրորդ փուլում ավելի կոնկրետ գնային պայմանավորվածություններն են քննարկում, և շատ բնական է, որ այստեղ Վրաստանն անմիջապես բանակցել է Իրանի հետ։ Այս ծրագրում Հայաստանն այս առումով կլինի միայն տրանզիտ երկիր, և շատ բնական եմ համարում ու ինչ-որ խութեր այստեղ չեմ տեսնում։

– Նշեցիք քաղաքական կամքի մասին, հայտնի է, որ հայ-իրանական գազամուղի կառուցման ժամանակ Ռուսաստանը պարտադրեց մեծ տրամաչափի խողովակաշար չկառուցել, այժմ ի՞նչ միջամտություն կարող է լինել ՌԴ-ի կողմից։

– Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես նաև Վրաստանը հետզհետե գալիս են ավելի հեռատես և խոհեմ դիրքի։ Հավանաբար կհիշեք, որ տարիներ առաջ նույն այդ ռուսական ճնշումների ժամանակ Վրաստանը շատ ոչ կառուցողական դիրք ուներ տարածաշրջանում, բայց կամաց-կամաց կարծես թե իրականությունն իր խաղաթղթերը պարտադրում է բոլոր կողմերին, և թե՛ Ռուսաատանը, թե՛ Վրաստանը գալիս են ավելի իրատես մոտեցման, այն է՝ Իրանին շրջափակել տարածաշրջանում՝ դա նշանակում է՝ խեղաթյուրել ողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները, Հայաստանը փակել շրջափակման մեջ, նշանակում է՝ անընդհատ վտանգի տակ պահել տարածաշրջանի զարգացումը, բոլոր խաղաթղթերը դնելը թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, ինչպես տեսնում ենք, ոչ մի տեղ չբերեց։ Եվ ահա այս փակուղու գիտակցումը կամաց-կամաց հասունանում է թե՛ Վրաստանում, թե՛ Ռուսաստանում։

– Անցած տարի գազատարի Մեղրի-Քաջարան վերջին՝ 40 կմ-անոց հատվածը վաճառվեց «Գազպրոմին»։ Սա չի՞ նշանակում, որ Ռուսաստանն ավելի հեռատես գտնվեց և իր հսկողության տակ վերցրեց ամբողջ խողովակաշարը։

– Իհա՛րկե նշանակում է։ Նրանք դա արեցին, մենք դրան համաձայնեցինք, դա մի կողմի համար ձեռքբերում է, մյուս կողմի համար՝ պարտություն։ Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե այդ մասը պահվեր հայկական իրավասության տակ։

– Այսինքն՝ այստեղ Հայաստան պետությունը՝ որպես դերակատար, այնքան էլ մեծ նշանակություն չունի, հիմնական խաղացողներն Իրանն ու Ռուսաստանն են, իսկ անցած տարի էլ ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության մասին էր խոսվում։

– Չէ, ես այդպես չէի մեկնաբանի։ Քաղաքականությունը, այսպես ասած, հնարավորի արվեստ է։ Այո, Հայաստանի կողմից դա բացթողում էր, որ գազատարն ամբողջությամբ հանձնվեց «Գազպրոմ» ընկերությանը։ Շատ ավելի խելամիտ կլիներ այստեղ պահել ձայների և վճիռ կայացնելու միգուցե փոքր, ոչ որոշակի, բայց գոնե ինչ-որ մի լծակ։ Ինչևէ, դա չհաջողվեց, բայց հաջողվեց շատ ավելի էականը։ Հաջողվեց կողմերին բերել մեր դիրքորոշման, չէ՞ որ տարիներ ի վեր դա մերժվում էր թե՛ Ռուսաստանի կողմից, թե՛ Վրաստանի կողմից։ Տարիներ ի վեր Հայաստանն ասում էր, որ Արևմուտք-Արևելք այդ աքցանները պետք է ջարդեն Հյուսիս-Հարավ առանցքով։

Տարիներ ի վեր Հայաստանը դրա համար ջանք է թափել, և կարծես թե այս օրերին մենք դրա առաջին պտուղների քաղման հեռանկարն ենք տեսնում։ Բայց ոչ մի բան երաշխավորված չէ, այստեղ անհրաժեշտ է շատ արագ, շատ վճռական աշխատանք ամեն օր։

– Պարոն Մարջանյան, մի ժամանակ էլ խոսվում էր դեպի Եվրոպա իրանական գազի արտահանման մասին։ Այսինքն՝ հնարավոր է, որ հեռանկարում Վրաստանից գազատարը հասցվի Եվրոպա, բայց ծավալների առումով արդեն անհրաժեշտ կլինի երկրորդ գազատարի կառուցումը։

– Իհարկե, դա կպահանջի ավելի մեծ տրամաչափի գիծ, իսկ ամենակարևորը՝ դա դեռ կպահանջի նոր աշխարհաքաղաքական զարգացումներ։ Այսօրվա իրականությունը մեզ դեռ հիմք չի տալիս այդ ծրագրերի մասին խոսել քիչ թե շատ իրատես մակարդակով, բայց որպես ապագա հնարավորություն՝ դա միշտ էլ, իհարկե, առկա էր, և միշտ պետք է ձգտել դրան։

Տեսանյութեր

Լրահոս