«ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի՝ զուտ ԱԺ-ի ժողովրդավարական դիզայնը պահելու համար»

«Դեկտեմբերի 6-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կարող է 50 տոկոսից ավելի նկարել, ուղղակի՝ որպեսզի ապագա խորհրդարանի ժողովրդավարական դիզայնն ապահովի, պետք է որոշակի աշխատանքներ կատարեն. այսօր այդ աշխատանքներից մեկը հենց ՀՅԴ-ի հետ կապված կոալիցիոն գործընթացն է»:

Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Ինչպես հայտնի է, հունվարի 19-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ Դաշնակցությունը «սկզբունքորեն» ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ առաջարկը։

Ա. Բադալյանի խոսքով` նախորդ տարվա դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ցույց տվեց, որ զուտ հասարակության վրա հենվելով` այս կամ այն ուժը չի կարող իշխանության գալ։ Ըստ նրա` 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ հնարավոր է՝ ակտիվ դրսևորումներ ունենան աշխարհաքաղաքական կենտրոնները, մասնավորապես` ՌԴ-ն և ԱՄՆ-ը։

Ա. Բադալյանը կարծում է` հանրաքվեն ցույց տվեց, որ քաղաքական դաշտում մնացել էին երկու ուժ, որոնց ասածը մեծ ազդեցություն ունի հասարակության վրա` մեկը ՀՀԿ-ն է, «որն ունի ֆինանսավարչական մեծ ռեսուրս և կարողանում է ընտրակեղծիքների իր մեքենայով համապատասխան տոկոսը նկարել», և ՀԱԿ-ը, որը կարողացավ դեկտեմբերի 6-ին մոբիլիզացնել հասարակության մի զանգվածին, որը գնաց և «ոչ» ասաց։

«Բնական է, որ այս պատկերը դուր չի գալու իշխանություններին, որովհետև, եթե այսպես շարունակվի, և ընդունենք, որ դրսի ուժերը չեն խառնվում այստեղի գործընթացներին, ապա, ամենայն հավանականությամբ, պառլամենտում կարող են հայտնվել այդ երկու ուժերը` ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը, ինչը ՀՀԿ-ին ձեռք չի տալիս։ Դրա համար ՀՀԿ-ն կփորձի այս տարվա ընթացքում այնպիսի մի պատկեր ստեղծել, որ ապագա խորհրդարանում ապահովի դեմոկրատական դիզայնը և կարողանա Արևմուտքին ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, և շատ ուժեր են մտել խորհրդարան, ու նաև դրանով սահմանափակի ՀԱԿ-ի ազդեցությունն ապագա խորհրդարանում։

Հանրաքվեն ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կարող է 50%-ից ավելի նկարել, ուղղակի՝ որպեսզի ապագա խորհրդարանի ժողովրդավարական դիզայնն ապահովի, պետք է` որոշակի աշխատանքներ կատարեն. այսօր այդ աշխատանքներից մեկը հենց ՀՅԴ-ի հետ կապված կոալիցիոն գործընթացն է, բնականաբար, հասկանալի է, որ ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն, առանց ՀՀԿ-ի աջակցության՝ չեն կարող հայտնվել խորհրդարանում։ ՀՅԴ-ն էլ դա լավ հասկանում է, դրա համար արդեն խոսում է կոալիցիոն գործընթացի մասին»,- նշեց նա։

Ա. Բադալյանի համար հստակ տեսանելի է, որ ՀՀ նախագահն ակտիվորեն աշխատանք է տանում նաև այլ ուժերի ստեղծման կամ աջակցության հարցում։ Ըստ նրա` ՀԱԿ-ին չեզոքացնելու համար` նա սկսել է քաղաքական դաշտում երկու ուժերի «ռասկռուտկան».

«Մեկին տալիս է հալածյալի կերպար` նրանց անդամներին տանում են, 2-ամսյա կալանքներ են տալիս, այսինքն` նրանք արդեն գտնվում են իշխանությունների վերահսկողության, բռնությունների ներքո, և, փաստորեն, ձևավորվում է արմատական ընդդիմության իմիջ, որն իշխանությունների համար վտանգավոր չէ։

Դեկտեմբերի 6-ին այս ուժի կողմնակիցները կոչ էին անում` չմասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, բոյկոտել այն, ինչը ձեռք էր տալիս իշխանություններին։ Մյուս ուժին էլ տալիս են լուսավորի կերպար, որը, ի տարբերություն արմատական ընդդիմության, լուսավոր ապագա և գաղափարներ է քարոզում, իր գրասենյակներն է բացում, և հավանաբար նպատակն էլ այն է, որ այս 400 հազար ձայնն էլ գրվի այդ կուսակցության օգտին»։

Մեր ճշտող հարցին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասի՞ն է խոսքը, Ա. Բադալյանը չհստակեցրեց` թողնելով` ընթերցողն ինքը որոշի` ում մասին է խոսքը։ Նա կարծում է` որոշ ուժերի էլ դեռևս որպես պահեստային ուժեր են պահում, որ տեսնեն` այդ երկու ուժերի «ռասկռուտկան» ինչպես կընթանա, ու այդ երրորդ, չորրորդ ուժերն էլ, հնարավոր է` խաղի մեջ մտնեն տարվա կեսից կամ աշնանը։

Ա. Բադալյանի խոսքով` Ընտրական օրենսգիրքն ընտրությունների անցկացման հիմնական փաստաթուղթն է, բայց ՀՀ-ում ընտրությունների ինստիտուտը մահացած ինստիտուտ է, ու թե դրա համար իրավական ի՞նչ փաստաթուղթ կձևավորվի, նշանակություն ունի, բայց դա ունի մեկ տոկոսի նշանակություն։ Նա նկատեց, որ ցանկացած օրենսգրքով էլ կարելի է ընտրությունները կեղծել. «ԸՕ-ով չեն որոշվում ընտրությունների արդյունքները, դա որոշվում է մինչև քվեարկությունը, իսկ դա կարող է այս կամ այն ուժի օգտին լինել այն դեպքում, երբ նա կարողանա օգտակար գործընկեր լինել կա՛մ ՌԴ-ի, կա՛մ ԱՄՆ-ի համար, որպեսզի իշխանությունների վրա ճնշում գործադրի ոչ թե հասարակության օգնությամբ, որը հնարավոր չէ, այլ երկրների ղեկավարության օգնությամբ»։

Հարցին` Դուք ընդդիմադիր դաշտում տեսնո՞ւմ եք այն ուժերին, որոնք կարող են այդ դրսի ուժերից որևէ մեկի աջակցությունը ստանալ, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Խնդիրն աշխատանքի մեջ է, եթե համապատասխան աշխատանք կկատարեն՝ կստանան, չեն կատարի` չեն ստանա»։

Տեսանյութեր

Լրահոս