«Իրանաադրբեջանական հարաբերությունները բարելավման ճանապարհով կգնան նաև պատժամիջոցների վերացումից հետո». Սևակ Սարուխանյան
«Հարավային Կովկասում միակ առաջընթացը, որ Իրանն ունի, Ադրբեջանի հետ հարաբերություններում է: Վերջին 1.5 տարիների ընթացքում իրանաադրբեջանական հարաբերությունները որակական փոփոխություններ են կրել դեպի դրականը, տարաձայնությունները երկու պետությունների միջև բավականին սահմանափակվել են:
Իրանաադրբեջանական հարաբերությունները բարելավման այս ճանապարհով կգնան նաև պատժամիջոցների վերացումից հետո՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը գնալով ավելի է հեռանում Արևմուտքից, իսկ դա Իրանի համար բավականին դրական շարժ է»,- նման տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սևակ Սարուխանյանը:
168.am-ի հարցին՝ Սաուդյան Արաբայի ու Թուրքիայի մերձեցման կոնտեքստում նաև մերձեցման քայլեր են նկատվում Ադրբեջանի կողմից, դա բացասական ազդեցություն չի՞ ունենա Իրան-Ադրբեջան հարաբերություններում, նա պատասխանեց.
«Թուրք-սաուդական մերձեցումը, իհարկե, ակնհայտ է, Ադրբեջանի դեպքում խոսքը Բաքվի փորձերի մասին է՝ սաուդական ֆինանսական աջակցություն ստանալու ուղղությամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի բավական բարդ ֆինանսատնտեսական վիճակը: Սակայն վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիան այդքան էլ չի շտապում այդ աջակցությունը ցուցաբերել: Խոսվում է մոտ 10 մլրդ ամերիկյան դոլարի չափով սաուդական վարկի տրամադրման մասին, սակայն այդ վարկի մասին համաձայնագիրը ստորագրված չէ:
Ինչ վերաբերում է թուրք-սաուդական կոալիցիային, ապա ակնհայտորեն Սաուդյան Արաբիան և Թուրքիան Սիրիայում և Իրաքում պաշտպանում են այն ուժերին, որոնք Իրանի և Իրանի դաշնակիցների թշնամիներն են: Այդ առումով Սաուդյան Արաբիա-Իրան ու Թուրքիա-Իրան կոնֆլիկտն էլ ավելի կխորանա միջուկային համաձայնագրից հետո, որովհետև Իրանն արդեն ավելի ազատ է այդ պետությունների դեմ իր տարածաշրջանային գործողություններն իրականացնելիս:
Սաուդյան Արաբիան առնվազն Իրաքի տարածքում պարտություն է կրել Իրանի հետ կոնֆլիկտում, որովհետև մի կողմից՝ իրանական առաջխաղացումը երկրում ակնհայտ է, երկրորդ՝ Իսլամական պետությունը հետնահանջ է ապրում, և այսօր խնդիրն ավելի շատ կախված է նրանից, որ Իսլամական պետությունն Իրաքում չի ջախջախվում ոչ թե այն պատճառով, որ ջախջախելու հնարավորություն չկա, այլ՝ որ այդ ջախջախման համար մարտնչում են երկու կողմեր՝ Իրան և Իրաքյան Քուրդիստան, որը հանդիսանում է Անկարայի անմիջական դաշնակիցը:
Վերջին շրջանի տեղեկությունները վկայում են այն մասին, որ իրանական ռազմական խորհրդականները, գործիչները, զինվորները, հատուկ ծառայության ներկայացուցիչներն Իրաքի տարածքում այսօր ավելի շատ մարտնչում են ոչ թե՝ Իսլամական պետության դեմ, այլ՝ փորձում են կանխարգելել քրդական առաջխաղացումը դեպի Մոսուլ: Նրանք չեն ցանկանում, որպեսզի Մոսուլն ազատագրվի քրդերի կողմից: Սա հիմնական այն պատճառներից մեկն է, թե ինչու է ԻՊ-ի դեմ պայքարն Իրաքում որոշակիորեն կանգ առել: Սա արդեն դարձել է պայքար ոչ թե՝ Իրանի և ԻՊ-ի միջև, այլ՝ իրանաթուրքական, իրանասաուդական, իրանաքրդական հակամարտություն է»: