Եթե Գևորգ Սաֆարյանին հինգ օրում ազատ չարձակեն, «Նոր Հայաստանը» դիմելու է Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին
«Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում մեծ տագանապ է ներշնչում, մենք տեսանք՝ ինչպես սահմանադրական հանրաքվեի առիթով, հետևանքով մարդու իրավունքների իրավիճակը դարձավ աղետալի»,- քիչ առաջ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ճակատի անդամ, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս իրադարձությունների խտացումը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականն էր, որն աննախադեպ էր. «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է գնահատական տար անցած հանրաքվեին, պետք է գնահատական տար այն բիրտ կեղծարարությանը, որը կատարվեց ու որը կոչվում է քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում, պետք է հանդես գար համապատասխան զեկույցով:
Հասկանալով, որ ինքը չի կարող գնալ իր մասնագիտական, քաղաքացիական խղճի դեմ, ու այս իշխանությունների ճնշման տակ չի կարող այդպես անել, նա հրաժարական տվեց: Մեր երիտասարդների նկատմամբ բիրտ ճնշումները չեզոքացնելու, սեփական անկարողության գիտակցումը ստիպեց հրաժարական տալ՝ իր պաշտոնավարման ավարտից երկու տարի առաջ»:
Ինչպես հայտնի է՝ հունվարի 25-ին ԵԽ ԽՎ-ում մեկնարկելու է ձմեռային նստաշրջանը, որտեղ քննարկվելու են նաև երկու հակահայկական զեկույցներ: Հ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ նստաշրջանին ընդառաջ՝ «Նոր Հայաստանը» պահանջ ունի իշխանություններին:
«Մենք չէինք ցանկանա ծանրաբեռնել այդ իրավիճակը, այդ իսկ պատճառով դիմում ենք իշխանություններին, որ 5 օրվա ընթացքում քննարկեն և լուծեն Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու հարցը՝ կատարելով «Human Rights Watch»-ի պահանջը»,-հայտարարեց Հ. Հովհաննիսյանը:
Նրա գնահատմամբ՝ երիտասարդների նկատմամբ հունվարի սկզբին տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ իշխանությունը փորձում է երիտասարդությանը քաղաքականությունից հեռու պահել ու նրանց ներշնչնել, որ «քաղաքականությունն իրենց նման ստորների, ապականվածների զբաղմունքն է». «Վովա Գասպարյանը Բաղրամյանում շրջում էր ու քաղաքական ելույթ ունենում, որոշում էր՝ ով է լուսավոր երիտասարդ, ով լուսավոր չէ: Հիմա նոր երիտասարդություն եկավ, որը, ի տարբերություն Բաղրամյանի երիտասարդության, որը վերահսկվում էր իշխանությունների կողմից, դարձավ անկախ հացադրումներ կատարող: Դրա համար սա փորձ է վախի մեջ պահել երիտասարդությանը»:
Նա հայտարարեց, որ եթե Գևորգ Սաֆարյանին հինգ օրվա ընթացքում ազատ չարձակեն, իրենք դիմելու են Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին.
«Ասելու ենք, որ մարդու իրավունքների ինստիտուտը չի գործում, կաթվածահար է եղել, ու դա ցույց տվեց Կարեն Ադրեասյանը՝ իր հրաժարականով, եթե նրան կաթված չի խփել ու նա հիվանդ չէ, կարող է եզրակացություն լինել, որ նա չի կաորղանում այս իշխանությունների ժամանակ պաշտպանել մարդու իրավունքները:
Միայն Գևորգ Սաֆարյանի ազատ արձակումով իշխանությունը կարող է կանխել մեր դիմումը Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանին: Լևոն Զուրաբյանը, որը միակ ընդդիմության ներկայացուցիչն է ԵԽ ԽՎ-ի հայկական պատվիրակության մեջ, ստիպված է լինելու այդ մեր դիմումը բարձրաձայնել ԵԽ ԽՎ-ի նստաշրջանում»: