Չի կարելի այդպես կամաց-կամաց ոչնչացնել այնպիսի կառույցներ, որոնք հասարակության համար մեծ նշանակություն ունեն. Մկրտիչ Մինասյան

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօրվա ասուլիսին խոսեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետական արժեքին սպառնացող վտանգի մասին: Նա նշեց, որ միշտ ինչ-որ մի կարևոր շենք հանկարծ վտանգի է ենթարկվում.

«Մենք խոսում ենք, պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ այդ հարցը մանրամասն քննարկվի, բայց վերջնական քննարկումներ չեն լինում, և արդյունքներն էլ մեզ համար ոչ նպատակահարմար են։ Խնդիրն այն է, որ կոնցեսիոները, որին տվել են հին շենքը՝ որ օգտագործի ու հետո որպես պետական գույք հանձնի պետությանը, օգտագործել է որոշ ժամանակ ու հիմա առաջարկություն է ներկայացնում, որ շենքն արդեն լրիվ իրեն սպառել է ու անհրաժեշտություն կա քանդելու: Իհարկե մասնակի, որովհետև մեր քննարկումների ժամանակ կարողացանք հասնել նրան, որ աշտարակն ու փոքր կլոր սրահը պահպանվեն: Բայց այդ քննարկումները չշարունակվեցին ու հիմա քաղաքապետարանը թույլ է տվել, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքի էստակադան, որով մեքենաները բարձրանում են, քանդվի»:

Ճարտարապետների միության նախագահը հնարավոր է համարում, որ քննարկումներից հետո էլ էստակադան քանդվեր, բայց ըստ նրա՝ քանդելուց առաջ պետք է իմանանք՝ արդյունքում ինչ է ստացվում, ժամանակացույց կազմվեր, թե հետագայում ինչ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի կառուցվի նոր օդանավակային մասնաշենքն ու հինը պահպանվի.

«Մտահոգված ենք, թե ոնց անենք, որ արժեք ունեցող ճարտարապետական կառույցը պահպանենք պետությունից»։

Նա նշեց, որ առաջարկներ ներկայացվել են կառույցը պահպանելու համար, բայց դրանք չեն քննարկվել.

«Մեր ճարտարապետներից մեկը, որը հիմա Ֆրանսիայում է, շատ լավ առաջարկ էր ներկայացրել ու հույսեր ունեինք, որ այդ առաջարկությունը կդրվի մասնագիտական քննարկման։ Այդ առաջարկությամբ՝ հին շենքն ամբողջությամբ պահպանվում է՝ մասնակի ինչ-որ փոփոխություններով, և պետք է աշխատեր իր նախկին ֆունկցիայով՝ որպես օդանավակայան»:

Մ. Մինասյանի խոսքով՝ բերվում են փաստարկներ, որ օդանավակայանի հին մասնաշենքը կորցրել է իր ամբողջ ռեսուրսը, սեյսմիկ վտանգ է ներկայացնում, բայց իրենց մասնագետներն ասում են, որ այդպիսի վտանգ չկա.

«Նրանք միայն մի խնդիր ունեն` հրահանգված է իրենց, որ չեն կարող պահել մեծ դահլիճը, որովհետև շատ թանկ հաճույք է, կարող են պահել աշտարակն ու կոր սրահը: Մասնակի պահելը շատ տարօրինակ է, եթե հնարավորություն կա պահել ամբողջական տեսքով: Իրավական տեսանկյունից՝ իրավունք չունեն առանց մեր կարծիքը հաշվի առնելու քանդել այն։ Ես դեռ հույս ունեմ, որ մասնագետների հետ կնստենք քննարկման ու այդ շենքը կպահենք։ Մենք հասկանում են, որ կոնցեսիոները մեծ գումարներ է տրամադրում ոչ միայն օդանավակայանի նոր տերմինալի համար, այլև օգնում է հնարապետությանը տարբեր հարցերում, բայց մյուս կողմից էլ՝ չի կարելի այդպես կամաց-կամաց ոչնչացնել այնպիսի կառույցներ, որոնք հասարակության համար մեծ նշանակություն ունեն»:

Տեսանյութեր

Լրահոս