«Որոշակիորեն ուրվագծվում է այն քաղաքական հովանոցը, որը, ըստ ԱԱԾ-ի, կանգնած է վնասազերծված խմբի թիկունքում». Ստեփան Սաֆարյան

Հայաստանի Ազգային անվտանգության պետական ծառայության կողմից վնասազերծված խմբի գործը բավականին արտառոց է, իսկ հանրային հետաքրքրությունը չափազանց թույլ է: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ով 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ ԱԱԾ-ի կողմից կրկին ձերբակալությունների դեպքի մասին, նշեց, որ որոշակիորեն ուրվագծվում է այն քաղաքական հովանոցը, որը, ըստ ԱԱԾ-ի, կանգնած է վնասազերծված խմբի թիկունքում:

«Ես երեկ նայեցի Գառնիկ Մարգարյանի հետ կապված բոլոր հաղորդագրությունները, ինչպես հայտնի է, որևէ զենք-զինամթերք նրա բնակարանից չէր հայտնաբերվել, և, թերևս, խոսքը վերաբերում է նրան, որ ձերբակալված խմբի անդամները վկայություն են տվել տարբեր մարդկանց, այդ թվում և՝ Վահան Շիրխանյանի և նրան մերձ մարդկանց հետ հանդիպումների և քննարկումների մասին, սա դեռևս բավարար չէ, որ ես կասկածի տակ դնեմ նրանց անմեղությունը, բայց նկատելի է, որ խմբի քաղաքական հովանոցը կամ թիկունքն ուրվագծվում է մարդկանց մի խումբ, որոնցից են Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը: Թե ինչպե՞ս կհիմնավորեն նախաքննական մարմինները և ինչպիսի՞ ապացույցներ կներկայացնեն, կարծում եմ՝ այս պահին դեռևս դժվար է ասել, քանի դեռ դրանք հրապարակված չեն, բայց ակնհայտ է, որ խմբի քաղաքական կապերը, ըստ քննչական մարմնի, այդտեղ են»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե՝ դուք ինչ-որ կապ տեսնո՞ւմ եք այդ ձերբակալված անձանց միջև, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, իրենք շատ մտերիմ են եղել, ոչ միայն իրենք, նաև պատահական չեն Աշոտ Մանուչարյանի վրդովմունքով արձագանքները, և, այո՛, նրանք մարդիկ են, ովքեր որպես քաղաքական դեմքեր՝ շատ մտերիմ են եղել միմյանց հետ, և այս կտրվածքով՝ ակնհայտորեն ուղղությունը տարվում է դեպի այնտեղ: Տանո՞ւմ են, թե՞ տարվում է՝ այս պահին դժվար է ասել: Մանուչարյան Աշոտը կարծում է, որ տարվում է»:

Ս. Սաֆարյանը նշեց, որ մի բան կա, որի հետ ինքը չի կարող չհամաձայնել՝ այն, որ նման բարդ գործերի դեպքում կազմակերպիչներն այնպես են պլանավորում, որ մինչև պլանավորված կամ կատարված հանցագործությունը, ինչպես, օրինակ, Հոկտեմբերի 27-ն էր, խմբի գլխավոր դերակատարները հանդիպում են տարբեր շրջանակների հետ, որի արդյունքում առաջանում են տարբեր ուղղություններ, տարբեր վարկածներ՝ կազմակերպման մասով. «Այս կտրվածքով՝ չեմ բացառում, որ խմբի անդամները հանդիպած լինեն Գառնիկ Մարգարյանի, Աշոտ Մանուչարյանի կամ Վահան Շիրխանյանի և, միգուցե, այլոց հետ: Այստեղ խնդիր է առաջանում, երբ հայտարարում են, որ ապրիլից խումբը եղել ԱԱԾ-ի տեսադաշտւմ, ապա ինչո՞ւ են թույլ տվել, որ նրանք բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ ունենան, և ավելի վաղ չի վնասազերծվել: Իսկ եթե ԱԱԾ-ի տվյալները հավաստի են, որ դրանք սոսկ հանդիպումներ և մտքերի փոխանակություններ չեն եղել, եղել է շատ ավելի լուրջ բան, ապա այդ դեպքում պետք է սպասել»:

Բոլոր դեպքերում, Ս. Սաֆարյանի կարծիքով, գործը բավականին արտառոց է, իսկ հանրային հետաքրքրությունը չափազանց թույլ է: Նրա համոզմամբ՝ պետք է շատ ավելի մեծ ուշադրություն լինի այս գործի նկատմամբ, որպեսզի նախաքննական մարմինները չկարողանան ուղղակի այլ ուղղություններով տանել, և բացահայտվի իրական պատկերը:

Մեր այն հարցին էլ, թե՝ ԱԱԾ-ն ի սկզբանե հայտարարում էր, որ այդ խումբը, որը վնասազերծվել է, շատ լուրջ գործողության էր պատրաստվում, որն անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ, Ձեր պատկերացմամբ՝ այդ մարդիկ, որոնք ձերբակալվել են՝ ազատամարտիկները, Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը և մյուսները, ընդունա՞կ էին նման շատ լուրջ, հասարկության համար շատ վտանգավոր գործողությունների, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, նրանց բուռն քաղաքական ակտիվությունը մեզանից ոչ ոք չի նկատել վերջին տարիների ընթացքում: Այս առումով, կարծես թե, մի փոքր հակասություն ունենք: Տարօրինակ է դառնում նրանց այս քաղաքական պասիվության խորապատկերին՝ նրանց կապը մի երևույթի հետ, որը նախատեսում էր արտահերթ իշխանափոխություն»:

Տեսանյութեր

Լրահոս