ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ գործատուները կարող են ընթերցել աշխատողների անձնական նամակագրությունը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել, որով գործատուները կարող են ընթերցել աշխատողների անձնական նամակագրությունը, եթե հաղորդագրություններն ուղարկվել են աշխատանքի ժամանակ: Նման որոշման համար հիմք է հանդիսացել ռումինացի ճարտարագետի հայցը ՄԻԵԴ:
2007 թվականին գործատուն ընթերցել է նրա անձնական նամակագրությունը Yahoo Messenger-ում, ինչից հետո նրան ազատել է աշխատանքից: ՄԻԵԴ-ը չի բավարարել ռումինացի ճարտարագետի հայցը՝ հիմնավորելով, որ գործատուն կարող էր պարզել՝ աշխատողը աշխատանքի ժամանակ չատով կատարում է իր մասնագիտական պարտականություննե՞րը, թե՞ զբաղված է այլ հարցերով:
Նշենք, որ ՄԻԵԴ-ի հրապարակած վճիռն ուժի մեջ կմտնի 3 ամսվա ընթացքում: Հայաստանում ևս, քանի որ այն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրած երկրներից է:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից փորձեցինք պարզել, թե որոշման ուժի մեջ մտնելուց հետո ինչպե՞ս են գործատուները հսկողություն իրականացնելու, աշխատողների նախկին հաղորդագրությունները տեսնելու հնարավորություն է՞լ են ունենալու, թե՞ միայն այն, ինչ գրվում է աշխատանքի ժամերին:
Մեր զրուցակիցը նշեց, որ ՄԻԵԴ-ը սովորաբար մանր-մունր կետեր է մտցնում, որոնք կարող են որոշման իմաստը փոխել, բայց որպես ոչ իրավաբան՝ հասկացել է, որ թույլատրվում է փաստացի, այսպես ասած՝ գաղտնալսել ամբողջ նամակագրությունը, որն ընթանում է աշխատանքային ժամերի ընթացքում: Իսկ գաղտնալսումն իրականացնելու ձևերը, ըստ փորձագետի՝ շատ են. «Օրինակ՝ գործատուն կարող է վերահսկողության տակ վերցնել ամբողջ համակարգիչը և վրայից կարդալ այն, ինչ տպվում կամ երևում է էկրանի վրա: Մյուս տարբերակով՝ կարող է վերահսկել Wi Fi ցանցը: Իհարկե, այդ դեպքում գաղտնագրված մեսինջերներով ուղարկված հաղորդագրությունները չեն կարող կարդալ: Տեխնիկական լուծումներ կան, որոնք թույլ կտան ինչ-որ մեսինջերներ կարդալ ու, բնականաբար, եթե այդ հնարավորությունը ստեղծվի աշխատավայրում, նաև արխիվներն էլ ինչ-որ չափով հասանելի կդառնան: Այս որոշումը, իհարկե, հասկանալի պատճառներ ունի, որ մարդն աշխատավայրում պետք է աշխատի, մյուս պատճառը տնտեսական լրտեսության դեմ պայքարն է: Բայց մյուս կողմից՝ ստացվում է, որ մարդ աշխատանքի ընդունվելիս իր հոգին է վաճառում, այսինքն՝ ամբողջությամբ ընկնում է գործատուի վերահսկողության տակ: Ըստ իս՝ այս որոշումն ավելի շատ բացասական է՝ քան դրական»:
Մեդիափորձագետը միաժամանակ ընդգծեց՝ այս ամենից կարելի է նաև խուսափել. «Կարելի է հեռախոսից օգտվել գաղտնագրված տարբեր մեսինջերներով, որոնք հիմա բավականին շատ են (օրինակ՝ Signal private messenger), չօգտվել գործատուի Wi Fi ցանցից, այլ օգտվել 3G-ից, այդ դեպքում չեն կարող վերահսկել»: