«Լիովին հնարավոր է` Բաքուն նոր հարձակում կազմակերպի հայկական ուժերի դեմ». Փոլ Գոբլը զգուշացնում է հայկական կողմերին

«Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վտանգավոր է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետդեպի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումների հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա:

Գոբլը նշեց, որ իրավիճակը Հարավային Կովկասում և Հարավային Կովկասի շուրջ խոցելի է: Սակայն ներկայումս, նրա համոզմամբ, Հարավային Կովկասի անվտանգության ամենալուրջ սպառնալիքն Ադրբեջանում ծավալված հակակառավարական ցույցերն են: «Եթե այս զարգացումն էլ ավելի բացասական ընթացք ունենա, ապա շատ հնարավոր է, որ Բաքուն նոր հարձակում կազմակերպի հայկական ուժերի ուղղությամբ՝ հանրության ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելով և մոբիլիզացնելով նրանց հայրենասիրական զգացմունքների շուրջ:

Մնացած բոլոր տարածաշրջանային խնդիրները, իհարկե, անհանգստացնող են և սպառնում են տարածաշրջանային կայունությանը, սակայն դրանք կարճաժամկետ խնդիրներ են»: Խոսելով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հակամարտության կարգավորման հեռանկարների և իր կանխատեսումների մասին, թե Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում ցանկացած հարմար պահի կարող է գործել Հայաստանի դեմ՝ Հայաստանին թողնելով առանց գործընկերների ԼՂ հարցում` Գոբլն ասաց, որ դիվանագետները մշտապես պետք է լավատեսություն հայտնեն, այլապես նրանք չեն կարողանա զբաղվել իրենց աշխատանքով:

«Դիվանագետ չլինելով այս պահին, ես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին վստահորեն կասկածամտորեն եմ վերաբերվում: Միջազգային հանրությունը, ինչպես և՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ցանկանում է հավասարակշռել երկու սկզբունքների` տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման միջև:

Խնդիրն այն է, որ այս երկու սկզբունքն էլ առկա են այս հակամարտությունում: Իմ համոզմամբ՝ հակամարտությունն ապագայում ևս շարունակվելու է այնքան, մինչև այս երկու հնարավոր սցենարից մեկը կատարվի` կամ Ադրբեջանը որոշի, որ չի ցանկանա խնդիրների առնչվել թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում իր տարածքները ետ բերելով, կամ Հայաստանը որոշի, որ իր տնտեսական իրավիճակն այնքան վատ է, որ չի կարող շարունակել գոյությունը՝ ունենալով փակ սահմաններ: Ողբերգությունն այն է, որ յուրաքանչյուր կողմ կարող է իր որոշումը կայացնել, բայց ոչ անպայմանորեն համաձայնելով կարգավորման»,- նման տեսակետ հայտնեց Փոլ Գոբլը:

Տեսանյութեր

Լրահոս