«Գործ չունեմ, տրաքվե՞մ, չունեմ»
asparez.am-ը գրում է. Լոռու մարզի Լեռնաղբյուր համայնքի բնակչուհի Մարինեի բազմանդամ ընտանիքը բնակվում է փոքրիկ վագոն-տնակում: Մեկ սենյականոց ինքնաշեն տնակը մոր ու 5 անչափահաս երեխաների համար ծառայում է միաժամանակ եւ որպես հյուրասենյակ, եւ խաղասենյակ, եւ խոհանոց ու ննջարան:
-5-ը 6-ի վրա հավաքած ինքնաշեն դոմիկ է, սկեսուրինս է եղել: Պատերը տախտակից են, դրսից կամ ժեշտ է խփած կամ տոլ: Ինչ հասցրել՝ խփել են: Որ չենք վառում՝ ցուրտ, սիբիր: Դաժե մի անգամ վեր կացա տեսնեմ՝ երեխու ձեռքերն ուռել են ցրտից,- կեցության պայմաններն է նկարագրում Մարինեն:
Երեխաներից ավագը 15 տարեկան է, փոքրը՝ 4: Դասերից ազատ ժամերին երեխաները մոտակա անտառներից եղեւնու կոներ են հավաքում, բերում:
-Փայտ չկարողացա առնեմ: Բաղչից ինչքան հասցնում ենք, ճյուղ ենք հավաքում: Օրը որ լավն է լինում, երեխեքը գնում են անտառներից շիշկա բերում: Էդ էլ թղթի պես վառվում ա,- ասում է բազմազավակ մայրը, ով ստիպված է միայնակ հոգալ ընտանիքի հոգսերը: Ռուսաստանի Դաշնություն մեկնած ամուսինը մեկ տարուց ավել է, որեւէ կերպ չի աջակցում նրան:
-Չի օգնում, ասում ա՝ գործ չունեմ, տրաքվե՞մ, չունեմ,- ամուսնու պատասխանն է փոխանցում կինը:
Բազմանդամ ընտանիքին տարվա մեջ երկու անգամ ֆինանսական աջակցություն է տրամադրում Լեռնաղբյուրի գյուղապետարանը:
-Մի անգամ 40.000 դրամ են հատկացրել, մի անգամ էլ տված գումարի կեսի չափով գումար՝ դպրոցական իրերի ու հագուստի համար,- ասում է Մարինեն:
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հիմա 54.000 դրամի չափով ընտանեկան նպաստն է, որը, սակայն, չի բավարարում: Ընտանիքը մթերային խանութում արդեն 40.000 դրամից ավել պարտք ունի: Առօրյա հոգսերին գումարվում են նաեւ 4-ամյա Մանեի բուժման ծախսերը:
-Աուտիզմ են կասկածում, դեռ հստակ չէ: Ասում են՝ մինչեւ գարուն բեր բուժման, եթե չօգնի՝ գարնանը կտանես Երեւան,- նշում է մայրը:
Այս ընտանիքում երեխաները նախընտրում են չբարձրաձայնել երազանքների մասին:
-Բոլորիս ուզածը մի բան ա՝ տուն,- ասում է մայրը: