Բաժիններ՝

«Հաջորդ տարի փոխարժեքի լուրջ տատանում չենք ունենա». Մեսրոպ Առաքելյան

«2014թ. տարեվերջին դրամի կտրուկ արժեզրկումից հետո արժութային շուկայի տատանումները դարձել են մեր տնտեսության կարևորագույն գործոններից մեկը, և այդ բացասական սպասումները 2015թ. ողջ ընթացքում շարունակվում էին: Մասնավորապես, հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական ազդեցություն ունեցան Հայաստանի տնտեսության վրա, այս ընթացքում միջազգային շուկայի մի փոքր տատանումներն անգամ առաջացնում են հերթական բացասական սպասումները: Սակայն մեր կանխատեսումները տարվա վերջում հիմնավորվեցին, և փոխարժեքի կտրուկ տատանումներ չեղան, 2015թ. ընթացքում փոխարժեքը պահպանվեց 480 դրամի սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Ըստ նրա՝ դա մի քանի գործոններով էր պայմանավորված, և, որքան էլ ՀՀ տնտեսությունն անմիջական կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից, և դրա անդրադարձը տեսնում ենք՝ տրանսֆերտների նվազման հետ կապված, նաև արտաքին ապրանքաշրջանառության կտրուկ նվազում է արձանագրվել, սակայն փոխարժեքը չի կարելի պայմանավորել և ուղղակիորեն կապել ռուբլու փոխարժեքի հետ, քանի որ նույնիսկ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքը, որ ուղղակի կապվածություն ունի նավթի գնին, շատ հաճախ հակառակ ուղղվածությամբ է շարժվում: Այդ տեսանկյունից, ըստ Մ.Առաքելյանի, ճիշտ չէ հայկական դրամն ուղղակի կապել ռուսական ռուբլու հետ, քանի որ դրա ազդեցությունը նախ՝ երկար ժամանակահատվածում է անդրադառնում, բացի դա էլ՝ այլ գործոններ կան, որ անդրադառնում են ՀՀ դրամի փոխարժեքի վրա:

«Թիվ առաջին գործոնը, որ նաև նախորդ տարի տեղի ունեցավ՝ արժեզրկման հետ կապված, դա տրանսֆերտների նվազումն էր, որ մի կողմից՝ բացասական է տնտեսության համար, բայց մյուս կողմից էլ՝ փոխարժեքի տեսանկյունից՝ այն հավասարակշռեց այդ տարբերությունը: Խոսքը վերաբերում է ներմուծման նվազմանը, որ 2015-ին մենք մոտ 1 մլրդ դոլարի չափով ներմուծման նվազում ունենք 2014 թ. համեմատ, ասինքն՝ մոտ այդքան արտարժույթ Հայաստանից քիչ է դուրս եկել, ինչը նաև հենց հավասարակշռել է փոխարժեքի վրա ազդող այն գործոնը, որն արտահայտվել է տրանսֆերտների նվազմամբ: Այդ տեսանկյունից, կարծում եմ, հաջորդ տարվա ընթացքում փոխարժեքի լուրջ տատանում չենք ունենա, քանի որ տնտեսության մեջ ակտիվություն չեմ կանխատեսում:

Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի տնտեսությունը կպահպանի իր վատ վիճակը, այսինքն՝ արտաքին ապրանքաշրջանառության մեջ նույնպես մենք դրական փոփոխություն չենք ունենա, մեր տնտեսության կառուցվածքում սպառման, առևտրի ծավալների նվազում է արձանագրվում, ինչը վկայում է, որ տնտեսության պասիվացում ենք արձանագրում, այդ տեսանկյունից՝ այդ պասիվ վիճակում փոխարժեքը կպահպանվի 2015թ. փոխարժեքի շրջանակներում: Որոշակի սեզոնային կամ որոշակի այլ գործոնների ազդեցության դեպքում, իհարկե, տարվա ընթացքում հնարավոր են որոշակի տատանումներ, բայց մեծ հաշվով՝ մեկ անգամ ևս 2014-ի նման կտրուկ արժեզրկում չենք ունենա»,- ասաց Մ.Առաքելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս