Բաժիններ՝

Գործարար կնոջ հագուստը. Զուգագուլպաները պետք է միմիայն մարմնագույն լինեն

Ժամանակակից գործարար աշխարհում կինը գնալով ավելի մեծ տեղ է գրավում: Եվ նրա հագուստին ներկայացվող պահանջները քիչ են տարբերվում գործարար տղամարդու հագուստին ներկայացվող պահանջներից: Սակայն գործարար էթիկետն ընդհանուր առմամբ ավելի հանդուրժող է կնոջ նկատմամբ: Խոսքը հիմնականում վերաբերում է հագուստի գույներին: Թեեւ գործարար կնոջ ամենօրյա հագուստը կոստյումն է, ինչպես տղամարդունը, բայց գունային գամման անհամեմատ լայն է՝ կարմիր, կապույտ, դեղին, սպիտակ, սեւ, կանաչ, երկնագույն, շագանակագույն, դարչնագույն, նարնջագույն, յասամանագույն…:

Կնոջ գործնական կոստյումը կարող է լինել ցանկացած գույնի, սակայն վառ, ճչացող գույներն անթույլատրելի են նաեւ այստեղ. ամեն ինչ պիտի չափավոր լինի: Եվ այսպես, կնոջ ամենօրյա հագուստը կոստյումն է, այսինքն` դասական անգլիական պիջակ անգլիական օձիքով եւ դասական անգլիական փեշ: Փեշը պետք է ուղիղ լինի` հետեւից բացվածքով, որի երկարությունը չպետք է անցնի 10 սմ-ից: Կնոջ գործնական կոստյումը կարող է, պիջակից եւ փեշից բացի, նաեւ ժիլետ ունենալ: Կոստյումը կարող է լինել թե՛ միափեշ, թե՛ երկփեշ: Կինը կարող է հագնել նաեւ կոստյում-զգեստ:

Կնոջ գործնական կոստյումի համար գույնի խիստ սահմանափակումներ չկան, սակայն այն չպետք է ճչացող լինի: Կոստյումի հետ կարելի է բլուզ հագնել: Խորհուրդ է տրվում բաց գույնի բլուզ հագնել, որի գույնը պետք է ներդաշնակ լինի կոստյումի գույնի հետ: Նախընտրելի է դասական բլուզը` անգլիական կամ կանգնած օձիքով: Ինչ վերաբերում է կոստյումի կամ բլուզի ձեւին, էթիկետը կնոջը թույլ է տալիս հետեւել նորաձեւությանը, սակայն դա նույնպես պիտի չափի մեջ լինի: Կնոջ գործնական պիջակի կամ ժակետի երկարությունը կարող է տարբեր լինել՝ համաձայն նորաձեւության թելադրած օրենքների: Կարեւորագույն հարցերից մեկը փեշի երկարությունն է:

Ընդունված է դասական համարել երեք չափ՝ մինչեւ ծնկները (բայց ոչ դրանից կարճ), ծնկից կամ մինչեւ սրունքի կեսը հասնող: Գործարար կնոջ համար անթույլատրելի է կարճ փեշը կամ բլուզի չափից դուրս խոր բացվածքը: Գործարար կինը, ինչպես ցանկացած այլ մարդ, կարող է կամա թե ակամա որոշ սխալներ թույլ տալ հագուստի մեջ, սակայն նա իրավունք չունի գռեհիկ, վուլգար լինելու: Ինչ վերաբերում է սեւ կոստյումին, այն մինչեւ վերջերս բավականին տարածված էր: Սակայն հիմա այն իր տեղը զիջում է այլ գույներին: Ժամանակակից գործարար կինը սեւ կոստյումը նախընտրում է հագնել հանդիսավոր միջոցառումների ժամանակ` գործնական կամ գիտական կոնֆերանս, խորհրդակցություն, տնօրենների խորհրդի նիստ եւն:

Գործարար կնոջ պահարանում թույլատրելի են նաեւ տաբատով կոստյումները: Սակայն դրանք ոճով պետք է նման լինեն տղամարդու սովորական կոստյումին: Կնոջ կոշիկը կարող է համապատասխանել նորաձեւության պահանջներին, սակայն այստեղ եւս կարեւորը չափավորությունն է: Նախընտրելի է սեւ գույնի դասական «նավակը»: Կոշիկի կրունկի բարձրությունը կախված է այն կրողի ցանկությունից, սակայն խորհուրդ չեն տրվում անսովոր ձեւ ունեցող կրունկները:

Ավելորդ է հիշեցնել, որ կոշիկի վրա անթույլատրելի են զանազան զարդարանքները՝ բանտ, մետաղական ճարմանդ եւն: Գործարար կնոջ կոշիկը պետք է կաշվից լինի, սակայն ոչ կոկորդիլոսի կամ օձի, անթույլատրելի են նաեւ զամշից կամ վելյուրից կոշիկները: Զուգագուլպաները պետք է միմիայն մարմնագույն լինեն:

Ժամանակակից էթիկետը թույլ չի տալիս 20-րդ դարի 90-ականներին նորաձեւ համարվող սեւ զուգագուլպաները: Դրանք պիտի միագույն լինեն, ոչ մի նկար, ծաղիկներ, ցանցավոր գուլպաներ եւն: Գործարար կինն աշխատանքի վայրում զուգագուլպաներ պետք է հագնի միշտ` անկախ տարվա եղանակից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս