2015-ի TOP-5 տնտեսական իրադարձությունները
Անցնող տարին բավականին հարուստ էր տարբեր բնույթի իրադարձություններով, այդ թվում` տնտեսական։ Մենք փորձել ենք ծաղկաքաղ անել և ներկայացնել 5 կարևորագույն տնտեսական իրադարձությունները։ Իհարկե, ընտրությունը խիստ սուբյեկտիվ է, սակայն կարծում ենք` մեր թվարկած իրադարձությունների նշանակությունը դժվար է թերագնահատել։
Քիմ Քարդաշյանի այցը
Իհարկե, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցը Հայաստան այս տարվա ապրիլին դասական առումով տնտեսական իրադարձություն չէ։ Սակայն դրա տնտեսական էֆեկտը շատ ավելի մեծ է, քան տարվա ընթացքում ընդունված տնտեսական մի շարք նախաձեռնությունների և միջոցառումների ազդեցությունը։ Խոսքը վերաբերում է Քիմի այցի մարքետինգային և PR էֆեկտին։ Շատերն են հիշում, որ այդ օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա։ Համաշխարհային ԶԼՄ-ները (Washington Post, Daily Mail, The Guardian, New York Times, Mirror և այլն) Քիմի և նրա մասին գրելուն զուգահեռ` խոսում էին նաև Հայաստանի, մեր երկրի տեսարժան վայրերի մասին, ուր կարելի է այցելել։ Բացի ԶԼՄ-ներից` նույն Քիմը, նրա ամուսինը, քույրը և անգամ անձնական թիկնապահն իրենց անձնական էջերով գրեթե շուրջօրյա ռեժիմով գովազդում էին Հայաստանն աշխարհով մեկ։
Այն մասին, որ Քիմի այցի արդյունքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը և իրազեկվածությունը կտրուկ աճեց, վկայում էր Google և մյուս որոնողական ցանցում Հայաստանի և Հայաստանի հետ կապված բառերի որոնումների թռիչքը։
Թե կոնկրետ որքանով և երբ կդրսևորվի այս այցի իրական էֆեկտը, ինչպես կազդի դա զբոսաշրջության վրա, ժամանակը ցույց կտա։ Սակայն, որ Քիմն արեց առավելագույնը` Հայաստանն աշխարհով մեկ չափազանց արդյունավետ ձևով գովազդելու համար, փաստ է, որի հետ համաձայն են նաև Քիմին չսիրողները։
«Տաշիրը» ձեռք բերեց ՀԷՑ-ը
Լուրերն այն մասին, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել Հայկական էլեկտրական ցանցերը, շրջանառվում էին դեռ մարտ ամսից։ Այդ լուրերն առավել թեժացան հոսանքի սակագինը բարձրացնելուց հետո։ Սակայն թե՛ ՀԷՑ-ը, թե՛ «Տաշիրը» համառորեն հերքում էին այդ տեղեկությունները։ Հունիսի 24-ին, երբ Բաղրամյան պողոտայում ընթանում էր «Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիան, «Տաշիրը» Մեդիամաքս գործակալության հարցմանն ի պատասխան` հերքեց այն տեղեկությունը, որ Ս. Կարապետյանը մտադիր է գնել ՀԷՑ-ը։ ՀԷՑ-ի վաճառքի մասին պաշտոնապես առաջին անգամ հայտարարվեց սեպտեմբերին. ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ն դիմել էր կառավարությանը` հայտնելով ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին։
Այն, որ իրական գնորդը հենց «Տաշիրն» է, պաշտոնապես հաստատվեց սեպտեմբերի 30-ին, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը պաշտոնապես հայտարարեց, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրվել` Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Դեկտեմբերին Ս. Կարապետյանը ՀըԽ-ին տված հարցազրույցում պարզաբանեց, որ ՀԷՑ-ի գնումն իր բնույթով շատ բարդ միջազգային գործարք էր, և գործարքի մաքրության ապահովման համար դիմել են օֆշորային իրավասությանը։ Նա նաև նշել էր, որ ՀԷՑ-ը գնելու խնդրանքով իրեն դիմել է ՀՀ կառավարությունը, և, որ այդ պահի դրությամբ իրենց արդեն պատկանում է ակտիվի բաժնետոմսերի 50%-ը (ըստ համաձայնագրի կառուցվածքի` մասնաբաժինները փոխանցվում են մի քանի փուլով)։ Գործարքի գինն առայժմ չի հայտարարվել։
Ucom-ը գնեց Orange Armenia-ն
Այն, որ բջջային կապի օպերատոր Orange Armenia-ի գործերն այնքան էլ լավ չեն, և, որ ընկերությունն ակնհայտորեն տանուլ է տալիս իր երկու մրցակիցներին, ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Սակայն շատերի համար անակնկալ էր, որ Orange-ը կլքի հայաստանյան շուկան` ընկերությունը վաճառելով հայաստանյան Ucom-ին։ «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները 2015 թվականի հուլիսի 22-ին պաշտոնապես հայտարարեցին, որ բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ։ Իսկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օգոստոսի 20-ի նիստում համաձայնություն տվեց «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։
Orange-ի կլանումը Ucom-ի կողմից տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ոմանք համարում էին, որ դա նորմալ բիզնես գործարք է, մյուսներն այդ գործարքը պայմանավորում էին քաղաքական գործոններով (մասնավորապես, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հետ)։ Նշենք նաև, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրենսիս Ժելիբտերը հերքել էր, որ գործարքը կապված է քաղաքականության հետ։
Որպես «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի գլխավոր պատճառ՝ Ժելիբտերը նշել էր ֆինանսական կողմը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ եթե ԱՊՀ երկրներում շուկայի մեծ մասն իրենցն է, ապա այստեղ իրենք գրավում են ընդամենը 17-18 տոկոսը։ Գործարքի գինը պաշտոնապես չհայտարարվեց, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ucom-ն Orange-ի համար վճարել է շուրջ 70 մլն դոլար։
Համալիրի վաճառքից մնացած հարցականները
Օգոստոսի 13-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց օտարել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ինչ-որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերության։ Հիշեցնենք, որ համալիրը մինչ այդ պատկանում էր «ԲԱՄՕ» ընկերությանը (2005 թվականից)։ 2013 թվականին համալիրը պետականացվեց, քանի որ «ԲԱՄՕ»-ն ավելի քան 10,2 մլրդ դրամի հարկային պատավորություններ ուներ պետության նկատմամբ։ ՄՀՀ-ի նոր գործարքի գինը 30 մլն դոլար էր, իսկ գնորդ ընկերությունը պատրաստվում էր ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրումներ կատարել։ Առաջին ուշագրավ կետն այս պատմության մեջ այն էր, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպը» հիմնադրվել էր այդ գործարքից ընդամենը 20 օր առաջ։ Ո՛չ ընկերության, ոչ էլ դրա սեփականատեր Արմեն Գևորգյանի անունը ոչինչ չէին ասում։
Անհայտ ու նորաստեղծ ընկերություն` անհայտ ղեկավարով, ինչը հիմք տվեց ենթադրելու, որ գործ ունենք ֆիկտիվ գործարքի հետ։ Մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ընկերությունն իրականում պատկանում է ՀՀ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պարզապես այս կերպ ցանկացել են անհայտ մնալ։ Գործարքն ավելի խճճվեց, երբ սեպտեմբերի 1-ին կնքվեց առքուվաճառքի պայմանագիրը ՀՀ ՊՆ-ի և «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպի» միջև։ Պարզվեց, որ գնորդ ընկերության սեփականատերն ու հիմնադիրը հենց նույն օրվանից դարձել է ոմն Վահագ Դինո Ավադիսյան։ Հետո պարզվեց, որ ամերիկաբնակ Վահագ Դինո Ավադիսյանն ԱՄՆ-ում դատապարտված է եղել ինչ-որ ֆինանսական մեքենայությունների համար։ Այս թեմայով բոլոր հրապարակումներն ու պարզաբանման դիմումները որևէ արդյունք չունեցան։ Այս պահին համալիրի պաշտոնական սեփականատերը «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպն» է, «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպի» սեփականատերը` Դինո Ավադիսյանը։ Իսկ թե ովքեր են համալիրի իրական տերերն ու արդյո՞ք կատարելու են խոստացված 100 մլն դոլարի ներդրումը, դժվար է ասել։
Բանկային կլանումներ
2015 թվականը ՀՀ բանկային համակարգը փակեց երկու կարևորագույն իրադարձություններով, որոնք միավորել ենք մեկ կետի տակ, քանի որ բնույթով նույնն են։ Դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվեց 2 բանկերի գնման մասին։ Նախ` դեկտեմբերի 8-ին «Հայէկոնոմբանկը» պաշտոնապես հայտարարեց «ԲՏԱ (Հայաստան) բանկի» ձեռքբերման մասին։ Իսկ դեկտեմբերի 9-ին Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հաղորդագրություն տարածեց, որ 20մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրում հայաստանյան «Ինեկոբանկին»` «ՊրոԿրեդիտ Բանկ-Հայաստան» ընկերության ձեռքբերման նպատակով։
Ի տարբերություն վերը նշված գործարքների` բանկային այս երկու միաձուլումները բուռն քննարկումների առարկա չդարձան և հանգիստ ընկալվեցին։ Սակայն իրենց կարևորությամբ դրանք չի կարելի թերագնահատել։ Ի վերջո, Հայաստանի 21 առևտրային բանկերի թիվը երկուսով պակասեց։ Նշենք, որ բանկային միաձուլումներն անակնկալ չէին։ Այդ մասին սկսեցին խոսել դեռ 1 տարի առաջ, երբ Կենտրոնական բանկը բանկերի սեփական կապիտալի նվազագույն շեմը 5 մլրդ դրամից բարձրացրեց 30 մլրդ դրամի։ Նոր ստեղծվող բանկերի համար այս պահանջն արդեն գործում է, իսկ արդեն գործող բանկերի համար այն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից։ Այս պահի դրությամբ հայաստանյան 21 բանկերից ԿԲ նոր պահանջին համապատասխանում են 5-ը։ Այսինքն, մնացած բանկերը կամ պետք է մինչև 2017թ. հունվարի 1-ն ավելացնեն սեփական կապիտալը, կամ ձուլվեն ուրիշներին։
Ուշագրավն այն է, որ երկու դեպքում էլ գործ ունենք արտասահմանյան կապիտալով բանկերի վաճառքի հետ։ Ավելին, եթե ուշադրություն դարձնեք, թե՛ ՀԷՑ-ի, թե՛ Orange-ի դեպքում Հայաստանը լքել են միջազգային բրենդեր։ Այսինքն` այս գործարքները վկայում են Հայաստանից օտարերկրյա կապիտալի փախուստի մասին։
Տարվա կարևորագույն տնտեսական իրադարձությունների ցանկը կարելի էր շարունակել` դրա մեջ մտցնելով թե՛ տաքսիստների բողոքի ակցիաները մարտին, թե՛ շրջանառության հարկի օրենքի փոփոխությունն ու առևտրականների բողոքները, սակայն սահմանափակվենք այսքանով։
Ի դեպ, եթե հավատանք որոշ պաշտոնատար անձանց` կարևորագույն տնտեսական իրադարձությունների շարքին կարելի էր նաև դասել նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ այն պետք է մենաշնորհների դեմ պայքարի նոր հնարավորություններ ստեղծի և բարելավի մրցակցային միջավայրը։ Սակայն ժամանակից առաջ չընկնենք. ի վերջո, մեր երկրում թղթի վրա շատ գեղեցիկ բաներ են գրվում։ Իսկ եթե նոր Սահմանադրությունն իրո՛ք լուրջ փոփոխություններ մտցնի տնտեսական դաշտում, խոստանում ենք վերախմբագրել և վերահրապարակել այս ցանկը` առաջին տեղում դնելով դեկտեմբերի 6-ի հանրաքվեն։