«Պատերազմը հաճելի բան չէ. մենք այդ պատերազմում կլինենք մահա՞կ, թե՞ վճարող կողմ, երկուսն էլ հավասարապես Հայաստանի համար լավ չեն». Ստեփան Սաֆարյան

Այս տարի ավելի շատ զգացինք սիրիական հակամարտության ազդեցությունը մեր անվտանգության խնդիրների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը՝ ամփոփելով տարին:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ մեր անվտանգության խնդիրների վրա ազդող երկրները բավականին լուրջ առճակատման վիճակի հասան, ու բնական է, որ դա պետք է ազդեր մեզ վրա: «Պատահական չէ, որ տարվա ընթացքում այդպես էլ թուլացման նշաններ չեղան հայ-ադրբեջանական սահմանագծի լարվածության: Որքան Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվեց էսկալացիան, այնքան էլ մեզ մոտ շարունակվեց: Տարվա հիմնական խնդիրն անվտանգության ռիսկերի սրումն էր, որը նաև, ցավոք սրտի, նույնչափ և ավելի շատ պահպանվելու է հաջորդ տարի»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Նա կարծում է՝ Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը որևէ ձևով լուծման նշաններ չի ցույց տալիս. «Սրան ի հակառակ ի հայտ եկած ռուս-թուրքական դիմակայության պատկերին՝ երկու տարածաշրջան կա, որ կարելի է սպասել միջնորդավորված քայլերի՝ Կովկասը և Սիրիան»: Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումները չափազանց կարևոր են Ռուսաստանի և Թուրքիայի համար, Ադրբեջանը բավականին բարդ ընտրության առաջ է կանգած:

«Եթե Ադրբեջանը կթեքվի դեպի Թուրքիան, ապա չբացառենք, որ Հայաստանը կարող է օգտագործվել Ադրբեջանի ձեռքում՝ որպես մահակ: Եթե Ադրբեջանը թեքվի դեպի Ռուսաստանը, վճարողը կարող է մենք լինենք»,- կարծում է Ս. Սաֆարյանը: 168.am-ի հարցին՝ փաստորեն Ադրբեջանի յուրաքանչյուր որոշման դեպքում էլ տուժողը մե՞նք ենք լինելու, Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Պատերազմը հաճելի բան չէ. մենք այդ պատերազմում կլինենք մահա՞կ, թե՞ վճարող կողմ, երկուսն էլ հավասարապես Հայաստանի համար լավ չեն»:

Տեսանյութեր

Լրահոս