«Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ է ներմուծվել 150 հազարից ավելի տրանսպորտային նոր միջոց»
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարվա սկզբից ՃՈ առջև խնդիր էր դրվել հատուկ աշխատանք տանել ճանապարհային երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ հայտնաբերելու համար, ինչպիսիք են՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, փոխարինված կամ կեղծված համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելը և հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը.
«2015թ. անցած 11 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ուժերով հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 368.560 խախտում, որոնցից 5941-ը՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու վերաբերյալ, 246-ը՝ փոխարինված կամ կեղծված համարանիշերով երթևեկելու վերաբերյալ, հետախուզման մեջ գտնվող 389 տրանսպորտային միջոց: Նախորդ տարվա համեմատ՝ ընդհանուր խախտումների թիվն ավելացել է 50.265-ով կամ 14.4%-ով, տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու վերաբերյալ փաստերն աճել են 2882-ով կամ 94.2%-ով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել են 2014թ. համեմատությամբ, և փոխարինված կամ կեղծված համարանիշերով երթևեկելու փաստերի հայտնաբերումն ավելացել է 43-ով կամ 21.2%-ով, հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումն ավելացել է 312-ով կամ 5 անգամ ավելի, քան 2014թ.: Սա կապված է նրա հետ, որ 2015թ. ձեռք ենք բերել հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու հատուկ սարքավորումներ»:
Նա նշեց, որ 2015թ. 11 ամիսների ընթացքում հաշվառման է վերցվել 3104 ճանապարհատրանսպորտային պատահար (ճտպ), որոնց հետևանքով զոհվել է՝ 308, և մարմնական վնասվածքներ ստացել՝ 4304 մարդ. «Նախորդ տարվա համեմատությամբ պատահարների քանակն աճել է 207-ով կամ 7.1%-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 184-ով: Ունենք պատահարների քանակի և դրանց հետևանքով տուժած մարդկանց թվի աճ, սակայն ավարտվող տարվա ընթացքում նվազել է 2011թ. սկսված ճտպ-ների քանակի և դրանց հետևանքով տուժանց մարդկանց թվի աճի տոկոսը, եթե մինչև 2014թ. դրությամբ այդ թիվը կազմել է 12.5%, ապա այս տարի այն կազմում է 7.1%, այսինքն՝ կարողացել ենք որոշակի մեղմացնել աճի միտումը»:
Ըստ նրա՝ ՀՀ-ում վթարայնության վիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է. «Միայն վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ է ներմուծվել 150 հազարից ավելի նոր տրանսպորտային միջոց, ինչը չէր կարող չնպաստել ՃՏՊ-ների քանակի բացարձակ աճին: Աճը մենք պայմանավորում ենք միայն ու միայն տրանսպորտային միջոցների քանակի աճով»: