«2015թ. ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2 կարևոր համաձայնագիր». Արամ Օհանյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2015թ. ընթացքում ՓՄՁ զարգացման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները.

«Մշակվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Ըստ նախագծի՝ շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.3 մլն ՀՀ դրամից բարձրացվեց 115 մլն դրամի, իսկ առևտրական (առք ու վաճառք) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը սահմանվեց հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5% իջեցնելու հնարավորություն անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի նվազեցումների դեպքում»:

Նա նշեց, որ մշակվել է նաև «Արտոնագրային վճարների մասին ՀՀ օերնքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, ըստ նրա՝ առևտրի իրականացման վայրերում սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող՝ մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառության տնտեսվարողների համար շրջանառության հարկի փոխարեն առաջարկվող արտոնագրային վճարի ամսական հաստատուն չափը սահմանվեց 35.000 ՀՀ դրամ՝ Երևանում, 25 հազար դրամ՝ մարզկենտրոններում, 20 հազար դրամ՝ այլ քաղաքներում, 15 հազար դրամ՝ այլ վայրերում. ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հնարավորություն ընձեռվեց, ինչի արդյունքում վերջիններս կարող են օգտվել դրանց համար նախատեսված արտոնություններից»:

Ըստ բանախոսի՝ 2015թ. հիմնական ձեռքբերումը կարելի է համարել ՀՀ կառավարության կողմից «ՓՄՁ զարգացման 2016-2018 թթ ռազմավարությունը». «Դրանով հաստակ սահմանված են առաջիկա երեք տարիների համար ՓՄՁ ոլորտի զարգացման հեռանկարները, սկզբունքներն ու ռազմավարական նպատակները, որոնք են՝ ինստիտուցիոնալ, օրենսդրական և գործառական միջավայրի բարելավում ՓՄՁ-ների ստեղծման և զարգացման համար, ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսավորման հասանելիության բարձրացում, ձեռնարկատիրական մշակույթի խթանում և զարգացում, ՓՄՁ սուբյեկտների ներքին և արտաքին մրցունակության բարձրացում, պետություն-մասնավոր հատված երկխոսության բարելավում, ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցող կառույցների ուժեղացում, կանանց ձեռներեցության խթանում, ինչպես նաև սկսնակ գործարարներին աջակցության տրամադրում»:

Նա ասաց, որ 2015թ. աշխատանքներ են կատարվել նաև միջազգային գործընկերների հետ. «Այս տարվա դեկտեմբերի 10-ին Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից ստորագրվել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև՝ ԵՄ-ի «Ձեռներեցությունների և ՓՄՁ-ների մրցունակություն (COSME) (2014-2020թթ.) ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» համաձայնագիրը, որի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2016թ. հունվարից: Համաձայնագրի հիմնական նպատակն է՝ հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին օգտվել ԵՄ-ի կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից:

Երկրորդ կարևոր համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագիրն է, որի ընդհանուր նպատակն է՝ ընդլայնել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները՝ բարելավելով բիզնես և ներդրումային միջավայրը ՓՄՁ-ների զարգացման համար»:

Տեսանյութեր

Լրահոս