Հայաստանը 165 երկրների շարքում 52-րդ հորիզոնականում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումների հոսքերը կազմել են 296.3 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 38 մլն դոլարով. «Հիմնական ներդրող երկրներն են Շվեյցարիա՝ 93.4 մլն դոլար, Գերմանիա՝ 62.2 մլն դոլար, Լյուքսեմբուրգ՝ 59 մլն դոլար, Արգենտինա՝ 41 մլն դոլար, ԱՄԷ՝ 21 մլն դոլար, Ֆրանսիա՝ 20.5 մլն դոլար, և այլն: Այս ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերական ոլորտին, էներգետիկային, մշակող արդյունաբերությանը, մանրածախ և մեծածախ առևտրին, գյուղատնտեսությանը, տեղեկատվության ու կապի ոլորտին»:
Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունն իրականացնում է ներդրումային և գործարար միջավայրի տարբեր բարեփոխումներ. «Այդ բարեփոխումների շնորհիվ ԱՄՆ հեղինակավոր «Heritage foundation»-ի և « The wall street journal»-ի կողմից ամեն տարի հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս» 2015թ. հաշվետվության համաձայն՝ Հայաստանն իր վարկանիշային միավորներով (67.1 միավոր) զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը 165 երկրների շարքում: Իսկ տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում»:
2015թ. ներդրումային ոլորտի հիմնական ձեռքբերում բանախոսը համարում է ՀՀ էկենոմիկայի նախարարության ձեռնարկած ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը. «Հայեցակարգի միջոցառումների ծրագրի իրականացման շրջանակում վերլուծվել է Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքը ու մշակվել համապատասխան ՀՀ օրենքի նախագիծ: Մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Մշակվել է ՀՀ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը: Այս օրենքները գտնվում են վերջնական քննարկման փուլում»:
Նա նշեց, որ 2015թ. մայիսին ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագիրը լուրջ խթան կարող է դառնալ ՀՀ-ում ԱՄՆ ներդրումների համար: Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ իրականացվում է Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիրը, որի շրջանակում կատարվում են օրենսդրական բարեփոխումներ:
«2015թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտոնապես մեկնարկել է ԵՄ Թվինինգ ծրագիրը՝ «Ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում Հայաստանում»: Ծրագրի հիմնական նպատակն է՝ օտարերկրյա ուղղակի ներդրողների խթանման միջոցով աջակցել Հայաստանում տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև նորամուծությունների և տեխնոլոգիաների զարգացմանը: Աշխատանքներ են տարվել նաև 2016թ. հոկտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ներդրումային ֆորումի նախապատրաստման ուղղությամբ»,- նշեց Վ. Լալայանը: