Բաժիններ՝

«Սահմանին կանգնած զինծառայողը պետք է նաև հանգստանա»

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Աշոտ Գրիգորյանի  հետ զրուցել է hayzinvor.am-ի թղթակից Շուշան Ստեփանյանը:

-Պարոն Գրիգորյան, 2015 թվականը մոտենում է իր ավարտին, Ձեր ղեկավարած կառույցի համար ինչպիսի՞ն էր տարին, ի՞նչ ձեռքբերումներ եք արձանագրել:

-Տարին բավականին ծանր էր ու լարված, բայց և հաջողված: Թվեր ներկայացնեմ, որովհետև դրանք խոսուն են: 2015 թվականին շահագործման ենք հանձնել 8 բնակելի շենք 330 բնակարանով, 2 շտաբ-զորանոց, 2 զորանոց, 3 վարչական շենք, վերակառուցվել է 3 բուժկետ, շահագործման է հանձնվել մեկ բաղնիք, տարբեր նշանակության երեք պահեստային տնտեսություն, 2 ճաշարան 750 նստատեղով: Ի դեպ, նախարարի ցուցումով որոշ ճաշարաններ անցել են ինքնասպասարկման, այսինքն՝ զինծառայողը ինքն է ընտրում սնունդը: 10 զինավաններում իրականացրել ենք բարեկարգման ծավալուն աշխատանքներ, ասֆալտապատել ենք 40532 քառակուսի մետր տարածք: Փոխարինել ենք ժամկետանց գույքատեսականին, որի շրջանակներում էլ կահավորել ենք 18 տեղեկատվության և ժամանցի սենյակ, 19 դասարան, 34 կենցաղային սպասարկման սենյակ, 24 զենքի պահասենյակ, 114 գրասենյակ, 17 ճաշարան, 17 բաղնիք, 5 պահակատուն, 8 հսկիչ անցագրային կետ և այլն: Մենք նաև նյութերի որակական փոփոխություն ենք իրականացրել: Շինարարության մեջ փայտե, բետոնե, լինոլեումե հատակներից անցում ենք կատարել արտերկրում լայն կիրառություն ստացած մաշակայուն էպոքսիդային և լամինատե հատակների կիրառմանը: Տարեցտարի ավելի ենք խստացնում շինարարական աշխատանքների որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը:

-Շատ կարևոր է զորանոցների շենքային պայմանների բարելավումը, քանի որ զինվորն այստեղ է հանգստանում մարտական պատրաստությունից կամ հերթապահությունից հետո: Ի՞նչ է արվել դրանք առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով մենք զորանոցները համապատասխանեցնում ենք ժամանակակից չափանիշներին: Ի՞նչ է սա նշանակում: Նախ` զորանոցը նախագծում ենք վաշտի կամ մարտկոցի անձնակազմի թվաքանակին համապատասխան` որպես առանձին տնտեսություն: Յուրաքանչյուր վաշտի կամ մարտկոցի համար նախատեսում ենք ցնցուղարան, ինչը հնարավորություն է տալիս զինծառայողներին ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, առանց կաթսայատան շահագործման, անհատական ձևով ապահովելու իրենց հիգիենան: Նախկինում լոգանքը կազմակերպվել է բաղնիքներում` հերթով, գրաֆիկով: Որոշ տեղերում այս մեխանիզմն էլ է գործում, բայց մեզ համար նախընտրելի է առաջին տարբերակը: 2016 թվականին նախատեսում ենք նորակառույց շենքերի ցնցուղարաններում տեղադրել լվացքի մեքենաներ՝ համապատասխան կոմունիկացիոն համակարգերով: Զինծառայողները կկարողանան տեղում լվանալ իրենց հագուստը:

-Պարոն Գրիգորյան, իսկ տաք ջրի հա՞րցը:

-Նոր զորանոցների նախագծման ժամանակ պարտադիր պահանջում ենք տաք ջուր ապահովել կենտրոնացված եղանակով՝ կաթսայատներից: Սակայն հաշվի առնելով այն, որ կաթսայատների շուրջօրյա շահագործման ընթացքում կունենանք վառելիքաէներգետիկ պաշարների անհիմն ծախս, որոշ տեղերում (այդ թվում նաև հին զորանոցներում) անցում ենք կատարում լոկալ ջրատաքացուցիչների օգտագործմանը:

-Զորամասերից մեկում արևային էներգիայով աշխատող ջրի տաքացուցիչ եմ նկատել: Նախատեսո՞ւմ եք արդյոք ներդնել այս փորձը ամբողջ բանակում:

-Ճի՛շտ եք: Մենք նման համակարգեր ենք տեղադրել հյուսիսային ուղղությամբ տեղակայված սահմանամերձ զորամասերից մեկում և «Էրեբունի» օդանավակայանում կառուցված նոր ճաշարանում: Մինչ այդ, մեկ տարի փորձարկել ենք արևային էներգիայով աշխատող համակարգերը: Փորձարկումն իրականացրել ենք Գյումրիում, որը մեր հանրապետության ամենասառը գոտիներից է, և Արարատում, որ ամենատաք գոտին է: Պետք է ասեմ, որ տնտեսապես շահավետ է: Այսինքն` արևային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումների, դրանց սպասարկման, շահագործման, մոնտաժային աշխատանքների իրականացման համար նախատեսված ծախսը մեկ ու կես տարվա ընթացքում փոխհատուցվում է: Այսօր լայն թափ է ստացել արևային էներգիա ստանալու նախագծերի մշակումը: Եթե ավարտին հասցնենք սկսածը, ապա տարեկան 300 միլիոն դրամին համարժեք տնտեսում կունենանք: Ի վերջո, Հայաստանն արևային օրերի առումով բավական հարուստ երկիր է, և պետք է օգտագործենք այս հնարավորությունը: Ի դեպ, համապատասխան աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի արևային էներգիայի միջոցով ապահովենք քսան տոկոս մարտական հենակետերում և դիրքերում կացարանների (գետնատնակների) լուսավորությունը: Նախատեսում ենք կատարելագործել նաև վառարանները՝ վառելափայտ տնտեսելու համար:

-Պարոն Գրիգորյան, վստահ եմ` իմ հաջորդ հարցի պատասխանին անհամբեր սպասում են բնակարանային պայմանների բարելավում ակնկալող սպաները: Քանի՞ բնակարան եք նախատեսում շահագործման հանձնել մոտ ապագայում:

-2016 թվականին լայն թափ կստանա ծառայողական բնակելի ֆոնդի շինարարությունը: Նոր բնակելի շենքեր կկառուցենք Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանի շրջանում: Կապանում բնակելիի կվերակառուցվի մեկ մասնաշենք, իսկ Վանաձորում կապիտալ կվերանորոգվի մեկ բնակելի շենք: Մենք 2016 թվականին թափ կհավաքենք շինարարության ոլորտում, իսկ 2017թ. ամբողջությամբ կահավորված վիճակում զինծառայողներին կտրամադրենք 393 ծառայողական բնակարան: Միայն Երևան քաղաքում 2017 թվականի առաջին կիսամյակում շահագործման կհանձնենք 83 բնակարան: Աշխատանքների հետագա ընթացքը ապահովելու համար ներկայումս տեղերում ուսումնասիրություններ ենք կատարում, համապատասխան փաստաթղթեր ենք պատրաստում:

-Թույլատրվելո՞ւ է արդյոք սեփականաշնորհել բնակարանները:

-Կառուցվելիք բնակարանների սեփականաշնորհման մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մինչ օրս շահագործման հանձնված ծառայողական բնակելի շենքերին, ապա կան շենքեր, որ ժառանգել ենք խորհրդային շրջանից, և այդ շենքերի բնակարանների 60 տոկոսն արդեն սեփականաշնորհված է: Մյուս շենքերի վերաբերյալ նախարարի հանձնարարականով համապատասխան հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ են կատարվում: Ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով՝ որոշում կընդունվի, և կտարանջատվեն սեփականաշնորհման ենթակա և ոչ ենթակա շենքերը:

-Պարոն Գրիգորյան, նաև բացերից խոսենք:

-Բացերից մեկը զինկոմիսարիատների շենք-շինությունների պայմաններն են: Նախատեսում ենք 2016 թ. որոշ զինկոմիսարիատներում վերանորոգման աշխատանքներ իրականացնել, քանի որ զորակոչիկը այդտեղից է պատկերացում կազմում բանակի մասին:

Մեծ աշխատանքներ են տարվել ՀՀ պետական սահմանը ամրացնելու համար, բայց մոռանում ենք, որ սահմանին կանգնած զինծառայողը պետք է նաև հանգստանա, պետք է զինավանում իրեն զգա՝ ինչպես տանը: Մեր ջանքերը պետք է ուղղենք զորամասերում հարմարավետություն ստեղծելուն:

-Շնորհակալություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս