«Հայաստանը ՀԱՊԿ-ում խոսեց նաև Ռուսաստանի անունից». Աշոտ Մանուչարյան
168.am-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը
– Պարոն Մանուչարյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի օրերս կայացած նստաշրջանը բավականին լուրջ տարաձայնություններ և զարգացումներ բացահայտեց: Մեզ համար ամենահետաքրքրականը, թերևս, Սերժ Սարգսյանի քննադատական ելույթն էր ՀԱՊԿ անարձագանք քաղաքականության վերաբերյալ: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը կոշտացրեց հռետորաբանությունը, և ի՞նչ է կատարվում ՀԱՊԿ-ում:
– Իրականում Ռուսաստանն ու Հայաստանը հայտնվել են նույն իրավիճակում, այսինքն` Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի խնդիրներ, և այդ խնդիրներին ՀԱՊԿ-ի մյուս երկրները չեն ցանկանում արձագանքել, որովհետև բոլորի վիճակն այսօր աշխարհում շատ բարդ է, բոլորի` անխտիր: Եթե մեզ թվում է, որ միայն ՀԱՊԿ-ում է այսպիսի վիճակ, մանավանդ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՆԱՏՕ-ին՝ մատնանշելով կոնսոլիդացիան: Պարզապես ՆԱՏՕ-ում այսպես է` ավելի խեղճ են լիդերի նկատմամբ բոլոր երկրները և շատ ավելի խեղճ են իրենց պահում: ՆԱՏՕ-ից եթե խոսենք, ես անդադար հիշեցնում եմ մի բան` Ֆրանսիան՝ Բրիտանիայի և Իտալիայի հետ միասին, ռմբակոծեց Քադաֆիին, ոչնչացրեց նրան, հին կայսերական տերություններ են, շատ լավ գիտեն սցենարները, թե ինչ է դրանից հետո լինում, շատ լավ գիտեին, որ Քադաֆիին հանում են, այնտեղի շատ ցածր մակարդակի վրա գտնվող ցեղախմբերը տարածվելու են ամբողջ Աֆրիկայով` պատերազմներ, ահաբեկչություն, ծայրահեղականություն և այլն:
Ամբողջ Աֆրիկան սկսելու է եռալ և այդ եռացող տեղերից, որտեղ պատերազմ ու մարդիկ ուտելու բան չունեն, փախչելու են Եվրոպա: Այսինքն` ակնհայտ էր, որ այդ օպերացիայով Եվրոպան դրվում է ոչնչացման վտանգի առջև, բայց մարդիկ գնացին դա արեցին, որովհետև ավելի բարձր ձայն կար, որն իրենց պարտադրում էր: Նույն վիճակը, ինչպես այդտեղ է, այնպես էլ ՀԱՊԿ-ում է, ՀԱՊԿ-ում Ռուսաստանը մի կողմից՝ բոլորին պետք է, որովհետև նույն այդ միջինասիական հանրապետությունները, որոնք ծայրահեղ վտանգի առաջ են, ցանկացածը նրանցից կարող է պայթեցվել մի ակնթարթում, միակ հույսը Ռուսաստանն է, որովհետև հույս, որ ԱՄՆ-ը, Չինաստանը կգան և իրենց կփրկեն այդ վտանգից, այդպես չէ: ԱՄՆ-ը լուծում է իր խնդիրները, և իրենց պայթյո՞ւնն է պետք ԱՄՆ-ին, թե՞ իրենց խաղաղությունը, դա կախված է կոնկրետ խնդրից, կոնկրետ վիճակում, և այսպես իրենց համար քիչ թե շատ երաշխավորողը Ռուսաստանն է, ուրեմն Ռուսաստանի հետ պետք է լավ լինել: Բայց մյուս կողմից՝ շատ ծանր վիճակում են բոլոր առումներով` տնտեսական, քաղաքական, և աշխատում են ոչ մեկի հետ հարաբերությունները չփչացնել, Թուրքիան էլ լիդեր պետություն է թուրքական տարածքներում:
Դուք պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Ռուսաստանի հակամարտությունը լիներ ԱՄՆ-ի հետ: Իսկ ՀԱՊԿ-ն պետք է միասնական լինի: Բոլորը ցանկանում են ամեն բան գցել մեկի վրա, օրինակ` մենք չենք գնա պաշտպանելու Տաջիկստանին, եթե Աֆղանստանից հարձակում լինի, այստեղ էլ մենք ենք խորամանկելու, փորձելու ենք հեռու մնալ այդ խնդիրներից, իրենք էլ իրենց հերթին՝ փորձելու են հեռու մնալ մեր խնդիրներից Ադրբեջանի հետ: Որովհետև Ադրբեջանը նույն Բելառուսին, երբ ծանր վիճակում էր, վարկ է տվել, մյուս երկրների հետ թուրքական տարածքում են, և այլն: Այսինքն` ամեն մեկն այս վիճակում է հայտնվել, մենք դա ենք տեսնում:
Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի ելույթը ոչ թե ինքնուրույն էր, այլ, ըստ ամենայնի, կոնսոլիդացված ելույթ էր՝ այս տարբերակով՝ «կուժ, քեզ եմ ասում՝ կուլա, դու լսիր», այսինքն` Հայաստանը սկսեց խոսել հայ-ադրբեջանական հարաբերություններից, բայց խոսում էր նաև Ռուսաստանի անունից, ռուս-թուրքական հարաբերություններից:
Այսպիսի մի իրավիճակ է ՀԱՊԿ-ում, բայց եթե լիներ միայն ՀԱՊԿ-ում, կարելի էր ասել՝ «Փառք Աստծո», և զբաղվել ՀԱՊԿ-ի խնդիրներով, բայց մենք ունենք այդպիսի իրավիճակ ամբողջ աշխարհում, և դա՝ այն պայմաններում, երբ Հռոմի պապը տառացիորեն երեկ հայտարարեց, որ այս Սուրբ Ծնունդը միգուցե այն նշողների շրջանում լինի վերջինը, այսինքն` այն կարգի մարդ է, որը երևի թե միակ հանրային գործիչն է այսօրվա աշխարհում, որը կարծես թե փորձում է մարդկության ու աշխարհի հանդեպ պատասխանատու գործել: Ինչքանով է դա ստացվում, կամ խորքային այդպես, մի կողմ եմ թողնում, այլ այդպիսի գործիչ չկա աշխարհում, որ փորձում է այդպիսի մոտեցումներ ցուցաբերել, և այդ գործիչն աշխարհին դիմելով՝ ասում է, որ՝ Դուք հայտնվել եք մի վիճակում, որ ոչ ոք Ձեզնից մարդկության և մոլորակի համար պատասխանատվություն չի կրում: Մարդկությունն ու մոլորակը մոտեցել են այս եզրին, ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի ՀԱՊԿ, ոչ մի Պուտին, ոչ մի Օբամա, ոչ մեկդ այդպիսի պատասխանատվություն չի կրում, մարդկությունն այս վիճակում է, մենք կանգնած ենք անդունդի եզրին, սրա մասին է խոսքը, և այս իրավիճակում այս մեկը թավայով նրա գլխին խփեց, մեկը` նրա, խաղերը շարունակվում են:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: