«Երբ հանրահավաքներում տեսնում ենք երիտասարդների, հասկանում ենք, որ դա ապագային միտված պայքար է, իսկ երբ միայն թոշակառուներն են կանգնած՝ այն արդեն ուղղված է անցյալին և ապագա չունի». Ռուբեն Բաբայան
Այսօր Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց անցնող տարին, որը, ի դեպ, Տիկնիկային թատրոնի համար հոբելյանական էր: Այս տարի լրացավ թատրոնի 80-ամյակը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռուբեն Բաբայանը խոսեց անցնող տարվա կորուստների և ձեռքբերումների մասին:
«Վստահության և հավատի պակաս մենք միշտ ունենք մեր կյանքում, այնպես որ, ասել, թե մենք հավատ ենք կորցրել՝ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդ հավատը պետք էր նախ և առաջ՝ ունենալ, որ կորցնել: Ձեռքբերումներ, իհարկե, ունեցանք՝ այս տարի ականատես եղանք հասարակական ակտիվ կյանքի, որտեղ մեծամասամբ ներգրավված էին երիտասարդներ և երիտասարդական ուժեր: Սա ձեռքբերում է, որն արժանի է համարվելու ձեռքբերում:
Երբ հանրահավաքներում տեսնում ենք երիտասարդների, հասկանում ենք, որ դա ապագային միտված պայքար է, իսկ երբ տեսնում ենք հանրահավաքներ, որտեղ միայն թոշակառուներն են կանգնած՝ ապա այն արդեն ուղղված է անցյալին և ապագա չունի: Հասարակությունը սկսել է շատ ավելի մեծ տեղ տալ սեփական իրավունքներին, ավելի շատ է ընկալում իրեն՝ որպես երկրի տեր, նա իշխանությանն ու ընդդիմությանն ընկալում է՝ որպես երկրի կառավարիչների, այլ ոչ թե՝ տերերի»,- ասաց Ռ. Բաբայանը` հավելելով, որ երբ մտածողության մեջ նման փոփոխություն է կատարվում, դա նշանակում է, որ կփոխվի նաև կյանքը:
Անդրադառնալով պարբերաբար հնչող այն հարցին, թե ինչո՞ւ են որոշ մտավորականներ հաճախ խուսափում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել այս կամ այն խնդրի վերաբերյալ, Ռուբեն Բաբայանը պատասխանեց.
«Իմ կարծիքով, եթե հասարակությունը պահանջ ունի քեզ լսելու, ապա դու պարտավոր ես խոսել, բայց այստեղ կա մի հանգամանք՝ մտավորականն իրավունք չունի խոսելու իշխանության հետ, նա պետք է խոսի հասարակության հետ. սա է մտավորականի գլխավոր խնդիրը: Մտավորականը մշտապես պետք է դժգոհ լինի այն վիճակից, որը կա: Իշխանությունը հաշվի է նստում միայն մեկ գործոնի հետ` քանակի, իսկ մտավորականի խնդիրը քանակը որակ դարձնելն է: Պետք չի վախենալ չհասկացված լինելուց, քանի որ, եթե խոսքդ անկեղծ է, այն մշտապես գնահատվում է»:
Ամփոփելով Տիկնիկային թատրոնի անցնող տարին՝ գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ իրենց համար 2015 թվականը կարելի է համարել հաջող տարի.
«Կարող ենք ասել, որ 2015-ը շատ արդյունավետ տարի էր: Մենք ունեցանք 6 նոր բեմադրություն` ընդ որում, շատ տարբեր ժանրերի ու տարբեր լեզուներով, հասցրեցինք մասնակցել միջազգային 8 փառատոների, ստացել ենք գլխավոր մրցանակ»:
Լրագրողների հետ ամփոփիչ հանդիպման ընթացքում Ռուբեն Բաբայանը նշեց նաև, որ թատրոնն իր պարտքն է համարում մշտապես ուշադրության կենտրոնում պահել մարզային այցելությունների ծրագիրը:
«3 օր առաջ ենք վերադարձել Այգեձոր գյուղից, որտեղ Այգեձորի և Չինարիի բնակիչների համար խաղացինք Թումանյանի «Անխելք մարդը» ներկայացումը, որն իրականացվել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» ծրագրի շրջանակում: Շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից է սկսվում Հայաստանը, որովհետև հաճախ մենք դա պատկերացնում ենք Երևանից, բայց, երբ տեսնում ենք սահմանամերձ շրջանների բնակիչներին, հասկանում ենք, որ մեծագույն պարտավորություն ունենք այդ մարդկանց հանդեպ. նրանք չգիտեն` գիշերը քնելուց հետո առավոտյան կարթնանա՞ն արդյոք»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Վերջում բանախոսը տեղեկացրեց, որ այս պահին թատրոնում ցուցադրվում է Նոր տարվա ներկայացում, որը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը:
«Սա հետաքրքիր երաժշտական ներկայացում է, որը հանդիսատեսը դիտելու հնարավորություն ունի՝ սկսած դետեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 29-ը, ինչպես նաև հունվարի 3-10-ը՝ օրական 4 անգամ: Հրավիրում եմ բոլորին, որովհետև ամեն ինչ նորովի է, ինտերակտիվ, միայն երեխաների արձագանքն ամեն ինչ ասում է: Կարծում եմ` հաջողված ներկայացում է, և նման բան դեռ չի եղել»,- ասաց բանախոսը: