
Աստղագուշակությամբ, տիեզերական ուժերով զբաղվող որոշ անձինք իրենց արհեստը համարձակվում են գիտություն կոչել

– Միջնադարյան Եկեղեցին դեմ էր գիտությանը և մահվան էր դատապարտում քիմիկոսներին, աստղագետներին: Ո՞րն է քրիստոնեության այսօրվա մոտեցումը:
– Այդպիսի երևույթներ եղել են Կաթոլիկ Եկեղեցում ինկվիզիցիայի ժամանակ: Հայ Եկեղեցին երբեք գիտության դեմ չի պայքարել: Համենայնդեպս, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ նման դեպքեր չեն արձանագրվել: Քրիստոնեությունը խթանում է գիտությունը, գիտության կողքին է, բայց ոչ այն գիտության, որ ոմանք կարող են իրենց ցանկության համաձայն գիտություն համարել, ինչպես օրինակ` այսօր աստղագուշակությամբ, տիեզերական ուժերով հետաքրքրվող և զբաղվող որոշ անձինք իրենց արհեստը համարձակվում են գիտություն կոչել՝ շփոթելով աստղագիտության հետ։
Ըստ իս, քրիստոնեական դաստիարակությունը ստեղծագործ միտք է պարգևում մարդուն, ինչը չի կարելի ասել, օրինակ, իսլամի մասին։ Հավատը մարդուն մոտեցնում է գիտությանը։ Նկատած կլինեք, նա, ով սկսում է աղոթքով ապրել, սկսում է նաև իր շրջապատի իրերը, առօրյան, ամեն ինչ համակարգել, որ ամեն ինչ ճիշտ լինի, իր տեղում լինի։ Ի վերջո, համարձակ արտահայտվեմ` քրիստոնեությունը օբյեկտիվ է, փորձում է արմատները ճանաչել, գիտությունը պրպտել։ Այն կույր հավատ չէ։
Օրհնությամբ՝ Տ. Ղուկաս աբեղա Զաքարյան
qahana.am