«Չկան հիմքեր պնդելու, որ Ալիև-Սարգսյան հանդիպմանը համաձայնություններ կլինեն». Նեյլ Մաքֆարլեյն

«168 Ժամի» զրուցակիցն է Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Նեյլ Մաքֆարլեյնը

– Այսօր Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կհանդիպեն Շվեյցարիայի Բեռն քաղաքում, ավելի քան մեկ տարվա դադարից հետո` կողմերի միջև ինտենսիվ լարվածության, կրակահերթերի, ռուս-թուրքական լարվածության պայմաններում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական առաջարկներով առաջնորդվելու պատրաստակամության մասին, այնինչ ռուսական կողմը չի բացահայտում, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ըստ Ձեզ` հանդիպումից ի՞նչ արդյունքներ պետք է ակնկալել, և կա՞ արդյոք գործընթաց՝ նախաձեռնված Ռուսաստանի կողմից։

– Ձևականորեն, Ռուսաստանն ընտրել է կողմերից մեկին։ Նա ունի ամուր երկկողմ պաշտպանական պայմանավորվածություններ Հայաստանի հետ և մեծածավալ ռազմական ներկայություն ՀՀ-ում։ Մյուս կողմից՝ ռուսները երկու կողմին էլ մատակարարում են ռազմամթերք։ Նրանք երկկողմանի խաղ են խաղում երկար ժամանակ, քանի որ հակամարտության շարունակականությունը համապատասխանում է նրանց ռազմավարական նպատակներին և Ռուսաստանից կովկասյան երկրների կախվածության պահպանման ձգտումներին։

Ինչպես ասել եմ նախկինում, հակամարտությունն ունի տարածաշրջանային առնչություններ։ Խողովակաշարերը հասանելի թիրախներ են։ Պատերազմի երկարաձգումը կարող է պայթեցնել տարածաշրջանը` մասերի։ Կարող եմ ասել, որ որևէ մեկը հետաքրքրված չէ հակամարտության բռնկման հարցում։ Ցավոք սրտի, անորոշությունները չափազանց շատ են։

Կարդացեք նաև

Եվ Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունները շահում են ստատուս-քվոյից։ Ռուսաստանը` ևս։ Արևմուտքը հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ, սակայն չունի բավարար ազդեցության լծակներ և միջոցներ Հարավային Կովկասում, քանի որ շատ են հակամարտության կետերը, որոնք ժամանակ ու ծախսեր են խլում։ Ինչ վերաբերում է Վրաստանին և Թուրքիային, ապա Ղարաբաղյան իրավիճակի ապակայունացումը կարող է չափազանց թանկ գին ունենալ, և` առանց ակնհայտ օգուտների։

Բոլոր շահերը հաշվի առնելով` կարելի է ասել, որ հանդիպման ընթացքում որոշիչ համաձայնություններ ձեռք չեն բերվելու, պարզապես կողմերը բանակցելու են իրավիճակի հետագա վատթարացումը թույլ չտալու համար, այս պահին այլ կանխատեսումների հիմքեր չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա տեղյակ չեմ` ինչ առաջարկների մասին է խոսքը։ Կարող եմ ենթադրել, որ խոսքը պարզապես այնպիսի առաջարկների մասին է, որոնք կարող են բանակցությունների թեմա դառնալ, հաստատելով ՌԴ դերը հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն չհանգեցնել հակամարտության մոտալուտ կարգավորման։

– Հետագա լարման ռիսկեր և՞ս չեք տեսնում։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, կողմերը ժամանակի ընթացքում ավելի ծանր զինտեխնիկա են սկսում օգտագործել շփման գծում և սահմանին։

– Երկարատև վտանգն այն է, որ միջադեպերը դե ֆակտո սահմանին անվերահսկելի են դառնում։ Մյուս ռիսկն այն է, որ Ադրբեջանը շարունակում է կառուցել իր ռազմական կարողությունները, նրանք կարող են գերվստահ դառնալ։ Կա հայկական կողմը, որը գուցե փորձի հակադարձել։ Մյուս ռիսկն այն է, որ մեկ կամ մյուս կողմը գուցե փորձի փոխհատուցել ներքաղաքական լարվածությունը` Ղարաբաղի շուրջ լարվածություն հրահրելով։ Ցավոք սրտի, միջազգային խաղացողները չունեն արդյունավետ լծակներ` կարգավորում ապահովելու համար։

– Ռուսական մամուլը վարկածներ էր շրջանառում, թե ռուս-թուրքական լարվածության ֆոնին, գուցե, Թուրքիան նոր ճակատ բացի Ռուսաստանի դեմ` Ղարաբաղի տեսքով, նույն սցենարը քննարկվում էր հակառակ տեսքով ևս, այսինքն` գուցե Ռուսաստանը հրահրի լարվածություն` ընդդեմ Թուրքիայի։ Որքանո՞վ են իրատեսական այս սցենարները` հաշվի առնելով վերջին լարվածությունները հակամարտության գոտում։

– Քիչ հավանական եմ համարում, որ Թուրքիան միջամտի ԼՂ հակամարտությանն այդ տեսքով։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փորձում է Թուրքիային ներգրավել հակամարտության կարգավորման բանակցություններում, իսկ Թուրքիան դա փորձում է ինչ-որ տեսքով անել հայտարարությունների մակարդակում, և` ոչ ավելին։ Առավել ևս, ներկայումս Թուրքիան չի հրահրի ռազմական գործողություններ Ղարաբաղում։ Թուրքիան անկայունության մեջ է, ինչպե՞ս կարող է ևս մեկ լուրջ անկայունություն հրահրել։ Դա ես բացառում եմ։ Իսկ Ռուսաստանին անդրադարձա։ Ռուսաստանը երկու կողմի օգտին, երկու կողմի դեմ խաղ է խաղում։

– Ի՞նչ դինամիկա կլինի հակամարտության գոտում։

– Ժամանակ առ ժամանակ` վտանգավոր, ինտենսիվ միջադեպեր, ժամանակ առ ժամանակ` պայմանականորեն խաղաղ։ Սա դեռ կշարունակվի, քանի որ իրենք` հակամարտող կողմերը ևս, աջակցում են ստատուս-քվոյին։

– Պարոն Մաքֆարլեյն, Գերմանիան հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։ Կան փորձագետներ, որոնք պնդում են, թե այդ նախագահությունը կարող է արդյունավետ լինել ԵԱՀԿ-ն ամրապնդելու և ավելի հեղինակավոր ու գործուն կառույց դարձնելու հարցում, ինչը կանդրադառնա նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա։

– Գերմանիան կարող է կառույցն ամրապնդել, ինչ խոսք, Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ, բայց եթե կողմերն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում, հետաքրքրված չեն երկխոսությամբ կարևոր հարցերի շուրջ, ապա ո՞վ կարող է այստեղ որոշիչ լինել։ Մինսկի խումբը միջնորդական առաքելություն է իրականացնում, անում է, ըստ էության, հնարավորը, փորձում է պահպանել իր հեղինակությունն ու ազդեցությունը կողմերի վրա, ինչը բարդ է, քանի որ Ռուսաստանն այլ խաղ է խաղում։ Այս պայմաններում կողմերը կարող են որոշիչ քայլեր ձեռնարկել և կարգավորում սկսել։

– Հայաստանն ու Եվրոպական միությունը վերսկսել են երկխոսությունը Ասոցացման համաձայնագրի փոխարեն` այլ համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ։ Սա ի՞նչ կտա Հայաստանին, եթե ՀՀ-ն դեռ Ռուսաստանի ազդեցության գոտում է, ԵՏՄ-ի մասը։ Բարեփոխումները որքանո՞վ արդյունավետ կլինեն։

– Բարեփոխումները, որքանով որ դրանք հնարավոր կլինեն, որքանով էլ որ իրականացվեն, կլինեն արդյունավետ և ավելի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն կտան, կմոտեցնեն եվրոպական արժեքներին։ Կարծում եմ` Հայաստանը կունենա Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինը ԵՄ-ի հետ, ավելի ուշ` ազատ վիզային ռեժիմ նույնիսկ, տնտեսական հարաբերություններում որոշ սահմանափակումներ։

Կարծում եմ, որ ԵՏՄ-ն քիչ-քիչ ավելի պակաս կարևորություն է ստանում Ռուսաստանի համար, քանի որ պարզ դարձավ, որ Ուկրաինան չի լինի այդ ինտեգրացիոն կառույցի անդամ։ Իսկ Ռուսաստանի հույսերից մեկն Ուկրաինան էր։ Իսկ ՀՀ-ի ԵՄ անդամակցության մասին խոսելը, կարծում եմ` անիմաստ է գոնե ներկայումս։

 

Տեսանյութեր

Լրահոս