Ինչու է դատարանը մասնակի բավարարել նախկին վարչապետի հայցը

Երեկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի: Դատարանը վճռել է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվության նույն միջոցով մինչև հոդվածի սկիզբը` թավ տառերով, ընդհանուր հոդվածի նույն չափի և տեսակի տառերով` առանց տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի զիջելու, հրապարակված տեղեկատվությունը հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հետևյալ տառացի շարադրանքով.

«ՀԵՐՔՈՒՄ
2015թ. մարտի 24-ին «shamshyan.com» Էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցով սույն Էլեկտրոնային հղումով և «Սնանկացնելուց հետո նախկին վարչապետի և Կճոյանի համար մոտ 90 կգ ոսկի է գնվել. Փայլակ Հայրապետյանը սենսացիոն հայտարարություն է անում՝ պահանջելով բաց թողնել Աշոտ Սուքիասյանին» վերնագրով հոդվածում Փայլակ Հայրապետյանի հայտնած տեղեկությունները զրպարտություն են:
7.5 մլն ԱՄՆ դոլար գումարը Տիգրան Սարգսյանի հաշվին փոխանցելը / գումար ստանալը, Տիգրան Սարգսյանի կողմից 90 կգ ոսկի ստանալը, սուտ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով»:
Հերքման մասին նշումը ենթակա է տեղադրման նաև ընդհանուր լրահոսում:

Դատարանը վճռել է Փայլակ Հայրապետյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 100 000 դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Պատասխանող Փայլակ Հայրապետյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 24 000 դրամ, որից 20 000 դրամը՝ որպես գույքային պահանջի, իսկ 4 000 դրամը՝ որպես ոչ գույքային պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Մնացած մասով հայցը մերժվել է:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատարանի վճիռը: Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչը, դիմելով դատարան, խնդրել է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել իր կարծիքով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 միլիոն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, Փ. Հայրապետյանի վրա դնել դատական ծախսերը` ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: «Շամշյան Մեդիա» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ ներգրավվել է երկրորդ պատասխանող:

Կարդացեք նաև

Հայցվորի դիրքորոշումը
Դատավճռում դատարանը մեջբերել է հայցադիմումը, որով Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին «shamshyan.com» կայքով նախկին վարչապետ և ներկայիս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկությունների մասին զրպարտչական բնույթի հայտարարություն է արել: Մասնավորապես, հայցվորը նշել է, որ Փայլակ Հայրապետյանը նշել է, որ «Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել…»:
Հայցվորի ներկայացուցիչը նշել է, որ հարցազրույց-հոդվածում նշվում է նաև՝ «նա նաև պատմել էր, որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել:

Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչև 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի»:

Դատավճռում մեջբերված դիրքորոշման համաձայն՝ Տիգրան Սարգսյանը երբևէ չի ստացել Փայլակ Հայրապետյանի նշած գումարը, ավելին, նա նման հանգամանքներում չի ստացել 7.5 մլն ԱՍՆ դոլար որևէ մեկից, երբևէ չի մասնակցել նրա կողմից նշված ոսկու գնման գործընթացի, չի ստացել որևէ մեկից հոդվածում նշված ծավալների (կամ դրան որևէ կերպ մոտ ծավալների) ոսկի, ինչպես նաև ներկա չի եղել Փայլակ Հայրապետյանի նշած 2009թ. Էկոնոմիկայի նախարարությունում Ներսես Երիցյանի հետ հանդիպմանը:

Հայտնել է, որ նշված տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Նշել է, որ տվյալ դեպքում առկա են Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված տարրերը՝ տվյալ դեպքում՝ Փայլակ Հայրապետյանը Տիգրան Սարգսյանի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ, Փայլակ Հայրապետյանի նշված հայտարարությունը կոնկրետ հստակ և ոչ վերացական իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է մատնացույց անում և վերագրում Տիգրան Սարգսյանին: Նշված իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները ներկայացված են հրապարակային՝ «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցով, որը հանդիսանում է հրապարակայնորեն հասանելի և հանրային ինտերնետային կայքէջ և ունի բազմաթիվ ընթերցողներ: Նշել է, որ ներկայացված փաստացի տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են, անհիմն և ոչ հավաստի:

Հայցվորի դիրքորոշման համաձայն՝ ներկայացված փաստացի տվյալներն արատավորում են Տիգրան Սարգսյանի պատիվը և արժանապատվությունը, վնաս են պատճառում նրա հեղինակությանը: Հայցվորը նշել է, որ տվյալ դեպքում արատավորումը դրսևորվում է նրանում, որ Փայլակ Հայրապետյանի կողմից նույն հոդվածում վկայակոչվում են քրեորեն պատժելի արարքի, իրեն խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու մասին հանգամանքներ, ինչը հանդիսանում է օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, անբարեխղճության մասին տվյալների վկայակոչում, և այդ տվյալները Փայլակ Հայրապետյանի կողմից վերագրվում են նաև Տիգրան Սարգսյանի անձին: Տիգրան Սարգսյանին արատավոր վարքագծի վերագրումը ապացուցվում է հոդվածում տեղ գտած «Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի» և «Ինչի՞ համար չի եկել Պողոսի, Պետրոսի, Մարտիրոսի կամ մեկ ուրիշի հաշվի վրա, այլ՝ իր» արտահայտությունների և համապատասխան հատվածների միջոցով:
Վերոգրյալը (Տիգրան Սարգսյանին վերագրելը և զրպարտելու դիտավորությունը) նաև հիմնավորվում է Փայլակ Հայրապետյանի կողմից նախկինում կատարված գործողությունների և հարցազրույցների միջոցով:

Պատասխանող Փայլակ Հայրապետյանի դիրքորոշումը

Փոխանցված 7 միլիոն և 500 հազար դոլարի մասով պատասխանողի ներկայացուցիչն առարկել է՝ նշելով, որ հրապարակած հոդվածում ասվում է, որ «Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել…»:

Նախադասության բովանդակությունից պարզ է դառնում, որ Փայլակ Հայրապետյանն ընդամենը հարց է տալիս, թե այդ գումարները որ փոխանցվել են, ի՞նչ են արել: Այստեղ զրպարտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ձեռք բերված ապացույցներով հայտնի լինելով գումար փոխանցելու փաստը և այն, որ այդ գումարները փոխանցվել են այն ընկերության հաշվեհամարին, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է, պատասխանողը, հաշվի առնելով հայցվորի անձը, զբաղեցրած պաշտոնը (ՀՀ վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան), գործով շահագրգիռ կողմ լինելը (անունը կապվում է Կիպրոսում գրանցված ընկերության հետ) և այն հանգամանքը, որ մինչ օրս նա հարուցված գործի շրջանակներում չի հարցաքննվել, հարց է առաջ քաշել, որ «Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի…»:

Մտահոգություն հայտնելը, կարծիք հայտնելը դեռ զրպարտություն չէ: Այստեղ չկա մեղադրանք, սուտ տեղեկատվություն, Փայլակ Հայրապետյանն ընդամենը ցանկացել է իմանալ Տիգրան Սարգսյանի պարզաբանումները` փոխանցված գումարների վերաբերյալ, որը չի կարող համարվել զրպարտություն: Եվ այս պարագայում «քննություն տալն» ու «պարզաբանելը» չեն կարող որակվել՝ որպես մեղադրանք կամ զրպարտչական:
Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ լրագրողները բացահայտել էին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Բացահայտումների հիման վրա թերթը եզրակացրել է, որ այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Նշել է, որ Աշոտ Սուքիասյանն իր ընտանիքին պատկանող «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով «Ամերիաբանկից» ստացված վարկային գումարից 9 մլն 370 հազար 450 դոլար փոխանցել է Կիպրոսի մի քանի օֆշորային ընկերությունների, որ վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ խոշոր գումարներ են փոխանցվել այնպիսի ընկերությունների հաշվին, որտեղ բաժնետեր է հայցվոր Տիգրան Սարգսյանը: Նրա բաժնետեր լինելն ապացուցվել է Կիպրոսի պետական ռեգիստրից ստացված փաստաթղթով, «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի կողմից հրապարակված նյութերով, այնպես էլ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով: Նյութերը կցված են հարուցված քրեական գործին, և այս պայմաններում պատասխանողի կողմից բարձրացված հարցը, կարծիքը, գնահատողական դատողությունը, որը չի կարող նույնացվել մեղադրանքի, հակաօրինական վարքագիծ դրսևորելու հետ, հիմնազուրկ չէ և ունի օբյեկտիվ պատճառներ, ուստի չի կարող համարվել զրպարտություն: Գումարներն «իր հաշվին նստել» արտահայտությունը պետք է հասկանալ գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր համատեքստում: Խոսքը վերաբերում է այն ընկերություններին փոխանցված ու ստացված գումարներին, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է, ինչը ենթադրում է, որ բաժնետերը ստանում է իր հասույթը:

Անդրադառնալով խորհրդակցությանը վարչապետի մասնակցության մասով դիրքորոշմանը` նշել է, որ 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ իրականացված խորհրդակցությանը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության հարցը վեճի առարկա դարձնելը ևս անհիմն է: Ոսկի գնելու մասով պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ հայցվոր կողմը զրպարտիչ է համարում նաև «Տիգրան Սարգսյանի կողմից 90 կգ ոսկի ստանալը»:

Վերը նշվածում չկա տեղեկություններ այն մասին, որ Տիգրան Սարգսյանը ոսկի է ստացել:
Նշել է, որ թեև վեճի առարկա հոդվածը չի պարունակում վիրավորական և զրպարտչական հայտարարություններ, քանի որ փաստերը վկայում են այն մասին, որ Փայլակ Հայրապետյանն իր հրապարակային ելույթով որևէ մեկին զրպարտելու, անձը պախարակելու և այդ ձևով վնաս հասցնելու դիտավորություն չի ունեցել, այնուամենայնիվ փաստել է, որ «Շամշյան Մեդիա» ՍՊԸ-ին պատկանող shamshyan.com ինտերնետային կայքում Փայլակ Հայրապետյանի խոսքը հրապարակվել է ոչ բառացի կամ բարեխիղճ վերարտադրությամբ:

Մասնավորապես հոդվածում գրված է, թե «Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարները ի՞նչ են արել…»:
Փայլակ Հայրապետյանը նշել է, որ այդ գումարները նստել են այն ընկերությունների հաշվին, որի բաժնետերը նաև Տիգրան Սարգսյանն է: Հենց այդ համատեքստում էլ հարց է առաջ քաշում, որ «Տիգրան Սարգսյանը պետք է գա, քննության տա ու պարզաբանի»:
Հաջորդը վերաբերում է հրապարակման հետևյալ հատվածին. «Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

Խոսքը վերաբերում է 2009թ. Էկոնոմիկայի նախարարության շենքում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ իրականացված քննարկմանը Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլար վարկի վերաբերյալ:

Փայլակ Հայրապետյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանին հանդիպել է շենքի աստիճանահարթակին: Մինչդեռ թերթը վերագրելով Փայլակ Հայրապետյանին՝ հրապարակել է, թե Տիգրան Սարգսյանը ներկա է եղել խորհրդակցությանը:
Ինչ վերաբերում է ոսկի գնելուն, ապա Փայլակ Հայրապետյանն ասել է, որ ընկերության հաշվին փոխանցված գումարներով, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է, մեծ քանակությամբ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը: Դատարանին խնդրել է Փայլակ Հայրապետյանի մասով հայցադիմումը մերժել:

Դատարանի վերլուծությունը

Դատավճռում դատարանը նշել է, որ չափանիշները համադրելով քաղաքացիական գործով հայցի առարկա նյութում տեղ գտած արտահայտություններին, դատարանն արձանագրում է, որ քննարկվող հատվածներից յուրաքանչյուրը հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ են, պարունակում են կոնկրետ հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ և վերացական բնույթ չեն կրում: Այդ փաստացի տվյալներն անվիճելիորեն ներկայացվել են հրապարակային, այն է` տեղադրվել են «shamshyan.com» էլեկտրոնային կայքում:

Չափանիշներից չորրորդի առկայության առնչությամբ դատարանն արձանագրել է, որ եթե նյութում ներկայացված առաջին երկու հատվածները կարող են գնահատվել որպես հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, ապա երրորդ հատվածում «… Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը» արտահայտությամբ դատարանը տվյալ չափանիշի առկայությունը չի կարող արձանագրել, քանզի անձի այս կամ այն խորհրդակցությանը ներկա գտնվելու փաստը, անկախ դրա իրականությանը համապատասխանելու աստիճանից, ինքնին չի կարող գնահատվել՝ որպես արատավորող: Այսպիսով դատարանը գտել է, որ հայցվորի պահանջը «… Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը» արտահայտությունը որպես զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ պարունակող հերքելու վերաբերյալ, ենթակա է մերժման:

Անդրադառնալով նյութում տեղ գտած առաջին և երկրորդ հատվածներում առկա փաստացի տվյալների վերը հիշատակված զրպարտության հասկացության չափանիշներից երրորդին համապատասխանելու հարցին, դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում պատասխանողին չի հաջողվել հիմնավորել դատարանի առջև, որ իր կողմից ողջամիտ գործողություններ կամ ջանքեր են գործադրվել հիշատակված ձայնագրությունը ձեռք բերելու ուղղությամբ: Մինչդեռ պատասխանող Փայլակ Հայրապետյանը տեղեկացել է հայցի հարուցման հայցադիմումի բովանդակության և պահանջների մասին 12.05.2015 թվականին, որի պայմաններում դատարանն արձանագրում է, որ այս հատվածում տեղ գտած փաստական տվյալների իրականությանը համապատասխանելու պարտականությունը պետք է կրեր պատասխանող Փայլակ Հայրապետյանը, որը այն չի կատարել:

Բացի այդ, 02.12.2015 թվականի պատասխան գրությամբ «Շամշյան Մեդիա» ՍՊԸ-ի տնօրենը հայցվորի ներկայացուցիչ Ա.Օրբելյանին հայտնել է հետևյալը.

«ա. հետևելով ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջին, որը սահմանում է հերքման և պատասխանի իրավունքը («Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը»), SHAMSHYAN.com կայքի լրագրողը չի պահպանել հարցազրույցի ձայնագրությունը, քանի որ անցել են հերքում կամ ուղղում պահանջելու բոլոր ողջամիտ ժամկետները:

բ. Փայլակ Հայրապետյանից կամ նրա անունից հանդես եկող որևէ մեկից երբևէ չենք ստացել այդ ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ դիմում կամ խնդրանք չենք ստացել:

գ. Փայլակ Հայրապետյանից կամ նրա անունից հանդես եկող որևէ մեկից երբևէ չենք ստացել նշված հոդվածում ուղղում կատարելու վերաբերյալ խնդրանք, թեև լրագրողը վստահեցնում է, որ հարցազրույցից հետո Փայլակ Հայրապետյանը հետ է զանգահարել իրեն և խնդրել է որոշ լրացումներ կատարել, որոնք Տաթև Մեսրոպյանն ամբողջությամբ կատարել է:

դ. հոդվածում լրագրողը ներկայացրել է Փայլակ Հայրապետյանի ասածը՝ կարևորագույն հատվածները ներկայացնելով բառացի, նույնիսկ գրական չդարձնելով և չուղղելով անգամ ակնհայտ փաստական սխալները (օրինակ՝ «Ամերիա» բանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը): Ի դեպ, հայտարարությունների մեծ մասը Փայլակ Հայրապետյանը պարզապես կրկնել է այլ լրատվամիջոցներով հնչեցնելուց հետո:

Վերը նշվածից ելնելով` դատարանն արձանագրել է, որ նյութում տեղ գտած առաջին հատվածում արտացոլված փաստացի տվյալները պետք է վերագրել պատասխանող Փայլակ Հայրապետյանին:

Դատարանը, անդրադառնալով այդ փաստական տվյալների իրականությանը համապատասխանելու հարցին, արձանագրում է, որ պատասխանող Փայլակ Հայրապետյանը չի ներկայացրել թույլատրելի և վերաբերելի ապացույց առ այն, որ հարցազրույցի պահին տիրապետել է ապացույցների առ այն որ հայցվոր Տիգրան Սարգսյանի «հաշվին նստել 7 միլիոն և 500 հազար դոլարը», որի պայմաններում, այս փաստական տվյալը պետք է գնահատել՝ որպես իրականությանը չհամապատասխանող:

Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ նյութում տեղ գտած երեք հատվածներից երկուսում տեղ գտած փաստական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, քանզի հակառակը պատասխանողի կողմից չի ապացուցվել: Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ հայցով արձանագրված երեք արտահայտություններից երկուսում առկա են զրպարտության չափորոշիչներ:

Պատրաստեց Օֆելյա Հովհաննիսյանը

Տեսանյութեր

Լրահոս