«Հանրությունը չի ընդունում լիսկա-բոլշևիկյան վայրագությունը». Զարուհի Փոստանջյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայ մեծերի գործերից մեջբերումներով «գրական մենամարտ» տեղի ունեցավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀՀԿ-ականների միջև:

«ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացուների նախագծի քննարկման ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ՀՀ պետական խորհրդանիշներն աղավաղվեցին ՀՀԿ կողմից, ՀՀԿ թողտվության ներքո, երբ 2009-ին զինանշանից հանվեց Արարատ լեռը: Նա ցուցադրեց ՀՀԿ խորհրդանիշը ու նշեց, որ եթե հավերժության խորհրդանիշն է ընտրված, ապա թարս է պտտվում և թարս ընթացք ունի ու դրա վերջն էլ է գալու, որովհետև ամեն ինչ, ինչ-որ թարս է, ունենում է սխալ ընթացք և վախճան: Զ.Փոստանջյանը ՀՀԿ խորհրդանիշը համեմատեց ՍՄԿԿ-ի հետ ու նշեց, որ նմանությունն ապացուցվեց դեկտեմբերի 6-ին, որ ՀՀԿ-ն բոլշևիզմի միջոցով ձգտում է մնալ իշխանության: Ըստ նրա՝ ՀՀԿ խորհրդանիշը  նաև ֆաշիստական խորհրդանիշն է հուշում. «Սա պարտված խորհրդանիշ է»:

Հիշատակելով Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախում» աշխատությունը՝ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում քաղաքակրթությունների բախում տեղի ունեցավ՝ ՀՀԿ-ն հարձակումներ գործեց հայ ժողովրդի մշակույթի վրա, գումար բաժանեց, վստահված անձանց տեղամասերից հանեց և այլն:

«Բախումը տեղի է ունեցել հանրության մեջ և հանրությունը չի ընդունում այդ խորհրդանիշը, լիսկա-բոլշևիկյան վայրագությունը»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը փորձեց հորդորել նրան չվիրավորել որևէ մեկին:

Զ.Փոստանջյանը հարցրեց, թե ո՞վ է «որևէ մեկը»՝ Լիսկա՞ն է Նաղդալյանի հովանավորության տակ, կամ ո՞վ է բոլշևիկը: Նա կրկին հայտարարեց «Նոր Հայաստանի» ծրագիրը և առաջիկա օրերի հանդիպումների ժամանակացույցը:

Սակայն Հ.Նաղդալյանն ընդհատեց Փոստանջյանին ու, հայտարարելով, որ նա հարցի շուրջ չի խոսում, կարգադրեց անջատել խոսափողը. «Դուք չեք կարողնում ըմբռնել, որ պետք է որևէ մեկին չվիրավորել: Հանրապետական կուսակցությունը ոչ մեկի վրա չի հարձակվում: Եվ դուք որևէ իավունք չունեք նման հայտարարություն այստեղ անել: Մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր ա, ձեր կողմից առնվազն ցինիզմ ա խորհրդային բանտերում իրենց գործնեությունը սկսած կուսակցության հիմնադիրների հասցեին էսպես խոսել և նման սին մտայնություններ հայտնել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանն իր ելույթում մեջբերեց Նարեկացու «Մատյան ողբերգությունից».
«Մեղմաբարո ես, ինչպես աղավնի,
Բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ,
Օձ ես բանական, առյուծից սերված եղեռնական օձ.
Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված»:

Հաջորդ հարցի քննարկման ժամանակ Զ.Փոստանջյանը մեջբերեց Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան» ստեղծագործությունից ու հայտարարեց, որ սա գրվել է 100 տարի առաջ, բայց այսօր էլ արդիական է և ինքը դրանով վերադարձնում է երեկ Հ.Նաղդալյանի կողմից իրեն տված դասը:

Տեսանյութեր

Լրահոս