Ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա. Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահանգն Խաչատրյանն այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե տնտեսական առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, ասաց, որ դա բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ Թուրքիայից 250-270 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում.
«Կարող է հանկարծ մենք էլ ընկնենք այդ ազդեցության տակ, և մեր վրա էլ պատժամիջոցներ կիրառեն, ինչը բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Թուրքիայից ներմուծվող ապրանքատեսակներն իրենց տեղն ունեն շուկայում և բավականին մատչելի են մեզ համար:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ մենք գնանք-զբաղեցնենք թուրքական ապրանքների տեղը ռուսական շուկայում, ապա դրա հնարավորությունը մեզ համար միշտ եղել է, որովհետև ունեցել ենք ազատ առևտրի համաձայնագիր Ռուսաստանի հետ, բայց մեր տնտեսության չափերը, մեր տեխնիկական զինվածությունը, մեր այսօրվա գյուղատնտեսական մթերքների կուլտուրան թույլ չեն տալիս, որպեսզի կարողանանք այդ շուկան զբաղեցնել:
Թուրքական պետության քաղաքականությունը գյուղատնտեսության նկատմամբ հովանավորչական է, այսինքն՝ դուք ինչքան գյուղատնտեսական ապրանք արտահանում եք, 50 տոկոսը վճարում է պետությունը՝ գների տարբերությամբ: Հաշվի առեք նաև ֆիզիկական մեծությունը. մենք այդքան տարածք, մարդիկ չունենք, մեր ունեցածը ռուսական շուկայի երևի 0.01 տոկոսն էլ չի ապահովում: Այնպես որ, մենք այդ շուկայում տեղ չունենք: Ռուսական վերլուծաբաններն էլ, որպես այլընտրանք, խոսում են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Եգիպտոսի մասին, բայց ոչ Հայաստանի, որովհետև իրենք շատ լավ գիտեն այս մեկ տարվա փորձը: Բացի այդ, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մոտ գնողունակության անկումն ավելի մեծ կլինի, որովհետև Ռուսաստանում կնվազի ազատ գումարների հնարավորությունը»: